Քաղաքային պուրակ և մանկապարտեզ՝ նորակառույց շենքի բնակիչների համար
04/03/2014 19:20

Քաղաքային պուրակ և մանկապարտեզ՝ նորակառույց շենքի բնակիչների համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի ընթացքին:

Բնակարաններով ապահովման սոցիալական այս ծրագրերն իրականացվում են ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է շինհրապարակում, այցելել կառուցվող բնակարաններ ու ծանոթացել պայմաններին: Արսեն Քարամյանը նշել է, որ բնակելի համալիրներն ունեն 12 մասնաշենք, որոնցից 5-ը՝ 338 բնակարաններով, շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին, իսկ մնացած 7-ը՝ 490 բնակարաններով, 2015թ. հուլիս ամսին: Նա նաև հավելել է, որ շենքերը կառուցվում են ժամանակակից ճարտարապետական լուծումներով, մոնոլիտ-երկաթբետոնյա են, ունեն ստորգետնյա ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկերն օգտագործվելու են հասարակական սպասարկման նպատակով:

Հաշվի առնելով, որ իրականացվող բնակարանաշինական ծրագրերի արդյունքում առաջիկա տարիներին Ծարավ Աղբյուրի փողոցի այս տարածքները խիտ բնակեցվելու են և նորակառույցների հարևանությամբ գտնվող ՀՀ ներքին զորքերի զորամասն էլ տեղափոխվելու է այլ վայր, ՀՀ նախագահի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանում քննարկվել է զորամասի տեղում քաղաքային պուրակ և մանկապարտեզ կառուցելու հնարավորությունը: Տեղում ծանոթանալով մանկապարտեզի և պուրակի նախագծերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սկսել պուրակի ձևավորման և մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:

Քաղաքային պուրակ և մանկապարտեզ՝ նորակառույց շենքի բնակիչների համար