Ծրագիր`  ուղղված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ
05/03/2014 20:03

Ծրագիր` ուղղված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ

Բժշկագիտության պատմության մեջ հակաբիոտիկների հայտնաբերումը նոր ժամանակաշրջանի սկիզբ էր և հնարավորություն տվեց փրկել միլիոնավոր կյանքեր: Սակայն դրանց չարաշահումն այսօր շատերին զրկում է արդյունավետ բուժման հնարավորությունից:

Հակամանրէային դեղերի ոչ տեղին և ոչ պատշաճ օգտագործումը հանգեցրել է դրանց արդյունավետության անկման և հակաբիոտիկակայուն վարակների զարգացման, որը կարող է իրական սպառնալիք դառնալ աշխարհի ողջ բնակչության համար:

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարին նվիրված աշխատաժողով, որին մասնակցեցին նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Դեղերի փորձագիտական կենտրոնի, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում ամփոփվեցին հակամանրէային դեղերի առանց բժշկի նշանակման, ոչ տեղին և ոչ պատշաճ օգտագործման կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման արդյունքները:

Քննարկվեցին ԱՀԿ եվրոպական գրասենյակի կողմից 2013 թվականին իրականացված հակամանրէային դեղերի դեմ կայունության իրավիճակի գնահատման զեկույցի հիման վրա ձևավորված առաջարկությունների ներդման ուղղությամբ առաջիկա անելիքները, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման մշակվող ծրագրի հիմնական ռազմավարական ուղղությունները:
 

Ծրագիր` ուղղված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ