Ապարան-Երևան ճանապարհը բաց է. Պետք ա՝ էլի 4 սուտկով կփակենք
06/03/2014 14:47

Ապարան-Երևան ճանապարհը բաց է. Պետք ա՝ էլի 4 սուտկով կփակենք

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Արագածոտնի մարզի 7 գյուղի բնակիչնր այսօր փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը: Նրանք պահանջում են կասեցնել Ապարան-Երևան ջրատարի վրա ՀԷԿ կառուցելու շինարարությունը:

Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա և Եղվարդ գյուղերի բնակիչները համոզված են՝ ջրատարի վրա կառուցված ՀԷԿ-ը կզրկի նրանց ոռոգման ջրից: 

«7 գյուղի ջուր կտրել՝ ՀԷԿ կառուցել՝ ո՞նց կլինի: 10 հազ հա հողը ուղղակի կչորանա»,- լրագրողների հետ զրուցյում ասացին գյուղացիները:

Նրանց հետ բանակցելու էր եկել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Արդյունքում որոշվեց, որ  շինտեխնիկան կհեռացվի տարածքից: 

«Էդ ՀԷԿ-ը չի սարքվելու: Հենց հիմա մենք գնում ենք մեր այգիներ՝ արդեն կառուցված մեխանիզմը հանելու: Խոսք են տվել, որ տեխնիկաները կհանեն: Չհանեցին՝ գալու ենք 4 սուտկա էլ լինի նստենք ճամփի վրա: Մեկ ա ՀԷԿ-ը, որ եղավ, մենք անգործ ենք մնում, ոչ այգի կարանք մշակենք, ոչ բան՝ կգանք ու օրերով կնստենք ճամփին»,- ասաց գյուղացիներից մեկը: 

Իրավիճակը հանդարտեցնելու համար Արագածոտնի մարզպետը նշել է, որ շինարարությունն արդեն իսկ կասեցված է, սակայն գյուղացիները պնդում են՝ շինարարության տարածքում նոր խողովակներ են տեղադրվում: 

Այս պահին Ապարան-Երևան ճանապարհը բացվել է, բայց գյուղերի բնակիչները խոստանում են վերադառնալ, եթե շինարարությունը չդադարեցվի: 

Նախորդող հրապարակում՝ Գյուղացիները փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը. Պատճառը ՀԷԿ-ն է

Ապարան-Երևան ճանապարհը բաց է. Պետք ա՝ էլի 4 սուտկով կփակենք