Մեղադրանք է առաջադրվել ցմահ դատապարտյալի սպանությունը կազմակերպելու համար
06/03/2014 20:24

Մեղադրանք է առաջադրվել ցմահ դատապարտյալի սպանությունը կազմակերպելու համար

55-ամյա Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու համար։ Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

2013 թ. մայիսի 29-ին Սամվել Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար և մակագրվել դատավոր Ա. Խաչատրյանին և վարույթ է ընդունվել:

Ըստ 2013 թ. փետրվարի 13-ին Ս. Հովհաննիսյանին առաջադրված մեղադրյանքի՝ նա հանդիսանալով Լուսինե և Թելման Հովհաննիսյանների կողմից 2006 թվականին հիմնադրված և վերջինիս տնօրինությամբ գործող «Սամոշ» ՍՊ ընկերությունում չունենալով գործարքներ կնքելու, նյութական միջոցները տնօրինելու և այլ իրավունքներ, ինչպես նաև օրենքով նախատեսված լիազորություններ, տարբեր անձանց հետ նույն գույքի` նշված ընկերության կողմից Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 51/2 հասցեում կառուցվող բազմաբնակարանային շենքի երկու բնակարանների վերաբերյալ կնքել է կրկնակի գործարքներ և խարդախությամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է այդ բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները:

Այսպես, Ս. Հովհաննիսյանն ՀՀ քաղաքացի Ս. Մ.-ին խոստացել է վաճառել նշված շենքի թիվ 37 կիսակառույց բնակարանը, խարդախություն կատարելու նպատակը քողարկելու նպատակով, վերջինիս հետ 2009 թ. հուլիսի 10-ին կնքել է կառուցվող բնակելի համալիրում բնակելի մակերեսի առուվաճառքի նախնական պայմանագիր, որն Արաբկիր նոտարական տարածքի նոտարի մոտ վավերացնելուց հետո Ս. Մ.-ից ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր` 22.995.000 դրամի չափերով գումարը, իսկ 2009 թ. նոյեմբերի 12-ին նույն բնակարանը նոտարապես վավերացված առուվաճառքի նախնական պայմանագրով ձևակերպել է Երևանի բնակիչ Ն. Ս.-ի անվամբ և դրա դիմաց ստացել 25.310.285 ՀՀ դրամ:

Բացի այդ, հաստատապես իմանալով, որ նույն շենքի թիվ 1 կիսակառույց բնակարանը դեռևս 2009 թվականի դեկտեմբերի 29-ի նոտարական կարգով վավերացված առուվաճառքի նախնական պայմանագրով 13.300.000 ՀՀ դրամով վաճառել է ծանոթին` Ա. Հ.-ին, այդ փաստը թաքցնելու միջոցով մոլորության մեջ է գցել ՀՀ քաղաքացի Ս. Ա.-ին, խոստանալով վաճառել այդ բնակարանը: Խարդախություն կատարելու նպատակը քողարկելու նպատակով 2010 թվականի հուլիսի 3-ին վերջինիս հետ կնքել է կառուցվող բնակելի համալիրում բնակելի մակերեսի առուվաճառքի նախնական պայմանագիր, որից հետո Ս. Ա.- ից ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր 20.000.000 դրամի չափերով գումարը:

Այնուհետև նույն դիտավորությամբ, թաքցնելով այդ բնակարանի կրկնակի վաճառքի փաստը, մոլորության մեջ է գցել նաև ՀՀ քաղաքացի Ա. Մ.-ին, որից մինչև 2010 թվականի օգոստոս ամիսը մաս-մաս ստացել է այդ բանակարանի համար պայմանավորված գումարը` 20.094.000 դրամի չափով: Ստանալով ամբողջ գումարը, խարդախություն կատարելու նպատակը քողարկելու նպատակով 2010 թվականի օգոստոսի 25-ին վերջինիս հետ կնքել է կառուցվող բնակելի համալիրում բնակելի մակերեսի առուվաճառքի նախնական պայմանագիր, իսկ ստացված առանձնապես խոշոր չափի գումարը հափշտակել է:

Գտնվելով դժվար ֆինանսական վիճակում և իմանալով հանդերձ, որ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում բնակվող Մ. Շ.-ն, վրեժխնդրության շարժառիթով դրդված, մտադիր է պատվիրել եղբորը սպանած անձնավորության` «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը, Ս. Հովհաննիսյանը համաձայնվել է գտնել սպանության կատարող և միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջև:

Պարզելով, որ սպանության պատվիրատուն նպատակին հասնելու համար պատրաստակամ է տրամադրել 30.000 ԱՄՆ դոլար, 2012 թ. փետրվար ամսին դիմել է ծանոթին` նախկինում երկու անգամ դատապարտված Ռ. Տ.-ին, առաջարկելով 10.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց կազմակերպել և իրագործել Ջամալ Սլոյանի սպանությունը` վերջինիս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու, նրան ուղարկվող թմրանյութը մահաբեր խտության աստիճանի հասցնելու և դրանով իսկ թունավորումն իրականացնելու եղանակով: Դրա հետ մեկտեղ Ս. Հովհաննիսյանն առաջարկել է այդ գործին վարձատրության դիմաց ներգրավել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատիժը կրող դատապարտյալ Ա. Խ.-ին:

Մի քանի օրից Ռ. Տ.-ից իմանալով, որ Ա. Խ.-ն համաձայնել է 10.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց կատարել Ջամալ Սլոյանի սպանությունը, Ս. Հովհաննիսյանը Ռ. Տ.- ին առաջարկել է միջոցներ ձեռնարկել Ջամալ Սլոյանի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար, խոստանալով տրամադրել դրա համար անհրաժեշտ գումարը: Իր հերթին սպանության պատվերն իրագործելու շուրջ բանակցելու համար Ս. Հովհաննիսյանը 2012 թվականի փետրվարի 27-ին հեռախոսային կապ է հաստատատել Նովոսիբիրսկ քաղաքում գտնվող Մ. Շ.-ի հետ և ըստ վերջինիս հետ պայմանավորվածության 2012 թվականի փետրվարի 29-ին չվերթով Երևանից մեկնել է Մոսկվա:

Օդանավակայանում հանդիպելով նույն օրը Նովոսիբիրսկից ժամանած Մ. Շ.-ին վերջինիս հետ համաձայնության է եկել Ջամալ Սլոյանի սպանությունն իրագործելու շուրջ, հաջորդ օրը վերադարձել է Երևան և Ռ. Տ.-ին հերթական հանդիպման ժամանակ հայտնել է, որ ապագա զոհին պատիժը կրելու համար տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ, խնդրելով պարզել, թե Ա. Խ.-ն կարող է այնտեղ վերոհիշյալ եղանակով սպանությունը կատարել:

Որոշ ժամանակ անց Ռ. Տ.-ից տեղեկանալով, որ Ա. Խ.-ն համաձայնել է պայմանավորված եղանակով կատարել Ջամալ Սլոյանի սպանությունը, Ս. Հովհաննիսյանն առաջարկել է սակարկել վերջինիս առաջարկած 10.000 ԱՄՆ դոլարի չափով գումարը` տարբերությունը միմյանց միջև կիսելու պայմանով և որոշ ժամանակ անց իմացել է, որ Ա. Խ.-ն համաձայնել է կատարել սպանությունը 7.500 ԱՄՆ դոլարի չափով վարձատրության դիմաց:

Այդ ընթացքում սպանության պատվերի իրագործման ընթացքի մասին տեղեկություններ հայտնելու, ինչպես նաև պայմանավորված վարձատրության գումարները ստանալու համար Ս. Հովհաննիսյանն հեռախոսային կապ է պահպանել Մ. Շ.-ի հետ:

Ըստ Ս. Հովհաննիսյանի հետ պայմանավորվածության, այլ անվամբ, որպես սպանության պատվերի կանխավճար, Մ. Շ.-ի ընտանիքի հետ փոխկապակցված անձի անունից 2012 թ. ապրիլի 10-ին փոխանցվել է 5000 ԱՄՆ դոլար, որը երրորդ անձը ստացել է բանկից և միանգամից հանձնել նրա հետ բանկ եկած Ս. Հովհաննիսյանին:

2012 թ. ապրիլի 28-ին Մոսկվա քաղաք մեկնելուց Ս. Հովհաննիսյանը սպանության կատարման համար համապատասխան թմրանյութեր ձեռքբերելու և անհրաժեշտ ծախսեր կատարելու, պայմաններ ստեղծելու համար որպես կանխավճար Ռ. Տ.- ի միջոցով Ա. Խ.-ին է փոխանցել 400 ԱՄՆ դոլար: Գտնվելով Մոսկվա քաղաքում մի քանի անգամ զանգահարել է Ա. Խ.-ին` վերջինիս մոտ համոզմունք և գործելու վճռականություն ձևավորելու համար, հեռախոսազրույցների ընթացքում հանդես է եկել որևպես սպանության պատվիրատու` մտացածին «Սլավիկ» անունով, հեռախոսային խոսակցության ժամանակ հաստատել է մինչ այդ Ռ. Տ.-ի միջոցով փոխանցած` Ջամալ Սլոյանի սպանության դիմաց տարբերություն կազմող գումարի տրման պատրաստակամությունը, սակայն Ջամալ Սլոյանի սպանությունն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ պատճառներով, քանի որ Ռ. Տ.-ն ու Ա. Խ.-ն կամովին դադարեցրել են հանցագործության նախապատրաստությունը և Ռ. Տ.-ն այդ մասին 2012 թվականի հունիսի 1-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության:

Դատավորը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, որոշում է կայացրել, որ քրեական գործն ըստ ընդդատության պետք է ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ավարտվել է տվյալ գործով մինչդատական վարույթ»:

Նկատի ունենալով, որ Ս. Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված հանցանքները կատարվել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով մեղսագրված հանցանքը պետք է ավարտվեր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, որը գտնվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքում, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ սույն քրեական գործով մինչդատական վարույթն ավարտվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքում, դատավորը որոշել է քրեական գործն ըստ ընդդատության ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
 

Մեղադրանք է առաջադրվել ցմահ դատապարտյալի սպանությունը կազմակերպելու համար