.jpg)
Նվագախմբի նպատակն է «հասարակության հոգևոր պահանջների բավարարումը»
Այսօր Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշման նախագծին: Նախագիծը ներկայացրել է Մշակույթի նախարարությունը:
Նախատեսվում է ստեղծել «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՊՈԱԿ, նաև սահմանել նրա գործունեությունը, նպատակները, որից Մշակույթի նախարարույթունն առանձնացրել է` երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, ազգային երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը և այլն:
Նաև ՊՈԱԿ-ին է հանձնվում 80.000 ՀՀ դրամ արժողությամբ գույք, բացառությամբ` շենքերի, շինությունների, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:
Գործադիրը հանձնարարեց Մշակույթի նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը և ապահովել պետական գրանցումը, ինչպես նաև պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը: