«ԱՄՆ-ն չի ճանաչում ցեղասպանությունը, քանի որ պատասխանատվությունը մեծ է»
07/03/2014 16:35

«ԱՄՆ-ն չի ճանաչում ցեղասպանությունը, քանի որ պատասխանատվությունը մեծ է»

Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար անհրաժեշտ է, որ այն առաջին հերթին ճանաչի ԱՄՆ-ն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ճանաչումից հետո Հայոց ցեղասպանությունը կճանաչեն նաև Իսրայելն ու Անգլիան:

«ԱՄՆ-ն չի ճանաչում, քանի որ ցեղասպանության հետևանքների վերացման առումով պատասխանատվությունը շատ մեծ է»,-ասաց նա:

Թուրքագետի խոսքով՝ ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ընդառաջ ցավալի է այն, որ մեր տարածաշրջանում պատերազմական իրադրություններ են սկսվել, որոնք կարող են շեղել միջազգային հանրության ուշադրությունը այս հարցից, իսկ Թուրքիան զբաղված է առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններով և ունի ներքաղաքական բազմաթիվ խնդիրներ, որոնք ևս շեղում են նրա ուշադրությունը այս հարցից:

«Ցեղասպանության 100-րդ տարելիցի հարցերի կարգավորման հանձնաժողովը պետք է լավ աշխատի, սակայն առայժմ առանձնապես բան չեմ տեսնում: Նրանք պետք է իրենց աշխատանքներում ներգրավեն նաև սփյուռքին և համագործակցեն նրանց հետ»,-ասաց Հ. Չաքրյանը:
 

 

«ԱՄՆ-ն չի ճանաչում ցեղասպանությունը, քանի որ պատասխանատվությունը մեծ է»