.jpg)
Նվիրաբերություններ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձևավորված Սոցիալական ծառայության բաժինն իր ակտիվ գործունեությունն է շարունակում սոցիալական ոլորտում:
Սոցիալական ծառայության գրասենյակի փոխանցմամբ, ծառայության համակարգում գործում են չորս բարեգործական ճաշարանները, Հայորդյաց տները, «Գարեգին Բ» տնաշինական ծրագիրը, Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը, ինչպես նաև օգնություն է ցուցաբերվում կարիքավոր ընտանիքներին և Հայրենիքում ապաստան գտած սիրիահայերին:
Սոցիալական ծառայության բաժինը վայելում է Հայրենիքի և Սփյուռքի ինչպես եկեղեցական կառույցների, այնպես և անհատ հայորդիների աջակցությունը: Ծառայության գործունեությանն ի նպաստ օրեր առաջ Արարատյան Հայրապետական թեմը 50 մլն. ՀՀ դրամ գումար է հատկացրել, մասնավորապես` 2004-2014 թթ.-ի ընթացքում թեմի տարածքից զորակոչված, սահմանամերձ գոտիներում զոհված զինվորների և Հայոց բանակում երկու և ավելի զինվոր ունեցող ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:
Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի համար «ԷԿԼՕՖ Հայաստան» միջազգային կազմակերպությունն իր հերթին Մայր Աթոռի Սոցիալական ծառայությանը նվիրաբերել է 70 մլն. ՀՀ դրամ:
Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունն իր շնորհակալությունն է հայտնում այն բոլոր կառույցներին, կազմակերպություններին ու անհատ բարերարներին, ովքեր իրենց զորակցությունն են բերում Հայ Եկեղեցու այս կարևոր առաքելությանը: