Բանակում նկատվել է ընդհանուր սոմատիկ հիվանդությունների նվազում
07/03/2014 18:19

Բանակում նկատվել է ընդհանուր սոմատիկ հիվանդությունների նվազում

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին մի շարք վարչությունների և բաժինների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նման հաշվետվությունները, քանի որ միայն անցած ուղու վերանայման և աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Ինչպես հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, հաշվետու զեկույցով հանդես է եկել ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ով նշեց, որ սպառազինության վարչությունն ու ենթակա զորամասերը կատարել են 2013 թվականի ուսումնական տարվա պլանով նախատեսված բոլոր միջոցառումները: Հաշվետու ժամանակահատվածում առանձնակի ուշադրության կենտրոնում է պահվել սպառազինության վարչության ծառայությունների և ենթակա զորամասերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանով նախատեսված միջոցառումների անցկացումը: Անցած ուսումնական տարվա ընթացքում մարտական պատրաստականության պլանավորված, հանկարծակի և տեսչական ստուգումներն ու անցկացված զորավարժությունները ցույց են տվել, որ զինված ուժերի զորամասերը` առկա սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ունակ են կատարելու առաջադրված խնդիրները: Զեկույցում նաև նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերը ձեռքբերման և վերանորոգման եղանակներով համալրվել են սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, ինչը նպատակաուղղված է եղել մարտունակության, կրակային հզորության, անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը:

ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանն իր զեկույցում նշել է, որ 2014թ.-ին առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սննդակարգը բարելավելու նպատակով, համագործակցելով տեղական արտադրող կազմակերպությունների հետ, պատվիրվել են մեկ տասնյակից ավել անվանումներով պահածոյացված սննդատեսակներ: Նա հավելել է նաև, որ զինված ուժերի անձնակազմը 2014թ.-ին կապահովվի նոր տեսակի ձմեռային կեպիներով: Հաշվետու ժամանակահատվածում մասնագիտական հմտությունների բարձրացման, ինչպես նաև լավագույն հրշեջ խմբերը որոշելու նպատակով անցած տարի անցկացվել են զինված ուժերի հաստիքային հրշեջ խմբերի հրշեջ-կիրառական մարզաձևի մրցումներ: 2013թ-ի մարտական պատրաստության պլանի համաձայն` անցկացվել են նաև ՀՀ զինված ուժերի «Լավագույն ճաշարան», «Լավագույն ճաշարանի պետ» և «Լավագույն խոհարար» համաբանակային մրցույթները:

Զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ, Կամավոր Խաչատրյանը, ով նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում վարչության գործունեությունն ուղղված է եղել զինծառայողների առողջության պահպանմանը, բուժկանխարգելիչ միջոցառումների կատարելագործմանը, սանիտարա-համաճարակային հսկողության ապահովմանը, մարտական պատրաստականության, մարտունակության և մասնագիտական ունակությունների բարձրացմանը: Անցած տարի` դեկտեմբեր ամսին, հրատարկվել է բուժծառայության գործունեությունը կանոնակարգող «Խաղաղ պայմաններում զինված ուժերի բուժապահովման ձեռնարկը»: Կազմվել է «Խաղաղ պայմաններում ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողների զինվորական ծառայության պիտանիության սահմանափակումները» ձեռնարկը: Նախորդ 7 տարիների համեմատությամբ արձանագրվել են ընդհանուր հիվանդացության ամենացածր ցուցանիշները: 2013թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, շուրջ երկու անգամ նվազել եմ թոքաբորբի դեպքերը, նկատվել է ընդհանուր սոմատիկ հիվանդությունների նվազում: Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայությունը վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով և գույքով: Շնորհիվ նոր սարքավորումների ներդրման` բարձրացել են զինծառայողներին մատուցվող բժշկական ծառայություների ծավալներն ու որակը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերհանեց շտկման կարիք ունեցող խնդիրները, նախանշեց առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:
 

Բանակում նկատվել է ընդհանուր սոմատիկ հիվանդությունների նվազում