.jpg)
Արցախ 40 բելառուսական տրակտոր կներկրվի
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի և բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Ըստ գյուղատնտեսության հարցերի նախարար Անդրանիկ Խաչատրյանի և «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանի հաղորդումների՝ գարնանացան մշակաբույսերի՝ հայտերով պահանջված սերմերի տրամադրումը սկսված է, և ժամկետների ուշացումներ չեն լինելու:
Նրանց խոսքով` առկա են նաև բավարար քանակի պարարտանյութեր և թունաքիմիկատներ, որոնք արտոնյալ պայմաններով տրվում են հայտ ներկայացնողներին: Վարչապետը հանձնարարել է սերմերի և պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ բացատրական աշխատանքներ տանել դրանց օգտագործման կանոնների վերաբերյալ:
Խորհրդակցությանը ներկա մեքենատրակտորային կայանների տնօրենները զեկուցել են գարնանացանի համար անհրաժեշտ տրակտորների և սարքավորումների քանակի ու տեխնիկական վիճակի մասին: Ըստ զեկույցների՝ գարնանացան աշխատանքներ կատարելու համար մեքենատրակտորային պարկն ընդհանուր առմամբ պատրաստ է, սակայն դեռևս որոշ խնդիրներ կան կոմբայնների քանակի և պատրաստվածության հետ կապված:
Ա. Հարությունյանը հանձնարարել է ժամանակին սկսել բերքահավաքի նախապատրաստական աշխատանքները, որպեսզի հունձքի ընթացքում տեխնիկական լուրջ խափանումներ չլինեն: Կառավարության ղեկավարը հանձնարարեց նաև համամասնորեն և ըստ կարիքի բաշխել մոտ օրերս ներկրվելիք 40 բելառուսական տրակտորները»: