.jpg)
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սերբիայի արտգործնախարարին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնումեն Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգիչ:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է հայ և սերբ բարեկամ ժողովուրդների պատմական ընդհանրություններին և ներկայիս մարտահրավերներին` մասնավորապես ընդգծելով երկու ժողովուրդների հոգևոր-մշակութային, նաև քաղաքական կյանքում Հայ Առաքելական ու Սերբ Ուղղափառ Եկեղեցիների ունեցած բացառիկ դերակատարությունը:
Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրել է երկու պետությունների միջև առավել սերտացող հարաբերությունները` շեշտելով, որ իբրև հարությանը հավատացող ժողովուրդներ` պետք է լավատեսության ոգով դիմագրավել ներկայիս դժվարությունները:
Իր հերթին Սերբիայի Արտաքին գործերի նախարարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Իրենեոս պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները, ապա ներկայացրել այցի ընթացքում արձանագրված արդյունքները:
Նա անդրադարձել է երկու ժողովուրդների կյանքում առկա նույնական խնդիրները համատեղ, գործակցության ոգով հաղթահարելու անհրաժեշտությանը:
Զրույցի ընթացքում խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև երկու երկրների հոգևոր կյանքի, սոցիալ-տնտեսական խնդիրների մասին: