Իրանի ԱԳ նախարար. Այժմ էլ «5+1 խմբի»՝ պարտավորությունները կատարելու հերթն է
10/03/2014 19:16

Իրանի ԱԳ նախարար. Այժմ էլ «5+1 խմբի»՝ պարտավորությունները կատարելու հերթն է

Այժմ էլ «5+1 խմբի»՝ պարտավորությունները կատարելու հերթն է: Այս մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «Թվիթերի» իր միկրոբլոկում գրել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով ԻԻՀ և «5+1 խմբի» միջև ստորագրված ժնևյան համաձայնագրի կատարման ընթացքին, մասնավորապես նշել է. «Մենք մեր հավատարմությունն ու քաղաքական կամքն արդեն ցույց ենք տվել, այժմ էլ «5+1 խմբի» հերթն է, որպեսզի վերջինս կատարի իր պարտավորությունները»:

Նշենք, որ Իրանի ԱԳ նախարարն այն ժամանակ է հանդես գալիս նման հայտարարությամբ, երբ Իրանում է գտնվում ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Վերջինս Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: 

Իրանի ԱԳ նախարար. Այժմ էլ «5+1 խմբի»՝ պարտավորությունները կատարելու հերթն է