.jpg)
Տարածաշրջանային բլոգ. Կատարը նոր մարտահրավերներին ընդառաջ
Մարտի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-մ և Բահրեյնը ետ կանչեցին իրենց դեսպաններին Կատարից: Վերոհիշյալի կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ այս քայլը ուղղված է Կատարի վարած քաղաքականության դեմ, որը քայլեր չի ձեռնարկում անցած տարվա նոյեմբերի 23-ին ձեռք բերված համաձայնության կատարման ուղղությամբ: Կատարը մեղադրվում է մուսուլմանական աշխարհում անջատողական ուժերին աջակցելու մեջ, ինչն էլ ավելի անկայուն է դարձնում իրավիճակը տարածաշրջանում ու նրանից դուրս:
«Արաբական գարնան» համատեքստում ձևավորված միջարաբական հարաբերությունները, մասնավորապես Պարսից ծոցի արաբական միապետությունների միջև ընթացող զարգացումների համատեքստում, աստիճանաբար հասունացող հակասությունների բնույթ ստացան, որոնք առարկայական արտացոլում գտան մարտի 5-ին Դոհայից վերոհիշյալ պետությունների դեսպանների դուրս բերմամբ և համատեղ հայտարարության տարածմամբ:
Կատարի նկրտումները դառնալու զարգացող արաբական երկիր և տարածաշրջանային խնդիրների լուծման կարևոր գործոն ակտիվացան դեռևս 1995 թվականից, երբ հեղաշրջման հետևանքով իշխանության եկավ Համադ բին Խալիֆ Աթ-Թանին: 21-րդ դարի սկզբից Պարսից ծոցի տարածաշրջանում և նրանից դուրս Կատարի քաղաքական վարքագիծը գնալով ընդգծում էր էմիրության ինքնուրույնությունն ու տարածաշրջանային ազդեցիկ ուժերին իր ուղեծրում պահելու Դոհայի ցանկությունը: 2010թ-ից հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի (Մաղրիբ) արաբական երկրներում տիրող իրավիճակին Կատարի միջամտությունն իրեն սպասեցնել չտվեց` ֆինանսական և գաղափարական աջակցություն ցուցաբերելով իշխանության եկած իսլամական ուժերին, միջամտելով վերափոխումների ենթարկվող հյուսիսաֆրիկյան արաբական երկրների ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին: Այս կոնտեքստում 2010թ-ից սկսած Կատար-«Մուսուլման եղբայրներ» (ՄԵ) իսլամական արմատական շարժում հարաբերությունների ջերմացումը միտված էր մուսուլմանական աշխարհում ազդեցիկ դիրքեր ունեցող այդ կառույցի ներուժը էմիրության շահերին ծառայեցնելուն` ֆինանսավորելով և աջակցելով ՄԵ-ի ճյուղավրումներին արաբական աշխարհում:
Եգիպտոսում 2012թ-ին ՄԵ-ի իշխանության գալով Կատարի ազդեցությունն արաբական աշխարհի այդ առանցքային երկրի վրա դարձավ ակնառու: Սակայն, ՄԵ-ը ներկայացնող Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին 2013թ-ի հուլիսին զինվորականների կողմից պաշտոնանկ արվեց, ինչը չխանգարեց Կատարին շարունակել օժանդակությունն արդեն ընդհատակում հայտնված ՄԵ-ին` էլ ավելի սրելով Կահիրեի և Դոհայի միջև հարաբերությունները, որի հետևանքն եղավ այն, որ Եգիպտոսը ետ կանչեց իր դեսպանին Կատարից: Սրան ավելացավ նաև իսլամական հեղինակավոր հոգևորական, ՄԵ շարժման առանցքային դերակատար, եգիպտացի Յուսուֆ ալ-Կարադաուիի Դոհայի կողմից ապաստան տրամադրելը, ով կատարյան «ալ-Ջազիրա» հեռուստաընկերությամբ հաճախակի է հանդես գալիս իր ուղերձներով ու քննադատություններով` ուղղված եգիպտական ներկայիս իշխանություններին, ինչպես նաև Ծոցի որոշ հարուստ միապետություններին: Մինչդեռ հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում, հատկապես զինվորականների իշխանության տակ անցած Եգիպտոսում, Պարսից ծոցի արաբական միապետությունները, մասնավորապես Սաուդյան Արաբիան այլ ծրագրեր ունեն, ինչը հակասության մեջ է մտնում Դոհայի վարած քաղաքականության հետ:
Մերձավորարևելյան տարածաշրջանում Պարսից ծոցի հարուստ արաբական միապետությունների վարած քաղաքականությունը նույնպես հակասություններով լեցուն է: Կատարը մեծ ջանքեր է գործադրում Սիրիայի գործընթացներում միջամտելու համար` ակնհայտ քարոզչական, ռազմական և ֆինանսական աջակցություն տրամադրելով սիրիական ընդդիմադիր ուժերին` ունենալով նաև տնտեսական շահեր: Այս առումով Սիրիայում Կատարի վարքագիծը նույնպես վերջին տեղը չի զբաղեցնում վերոհիշյալ պետությունների մարտի 5-ի հայտարարությունում՝ մեղադրելով Դոհային «ալ-Կաիդա»-ի հետ համագործակցող ուժերին, մասնավորապես «Ջաբհաթ ալ-Նուսրային» աջակցելու մեջ:
Վերոշարադրյալ կատարյան «ագրեսիվ» պահվածքն իր ազդեցությունն ունեցավ Պարսից ծոցի արաբական երկրների հանդեպ Դոհայի քաղաքական պահվածքում` հեռացնելով իրեն տարածաշրջանի արաբական միապետություններից: Վերջիններիս կողմից ահաբեկչական բնորոշված և արգելված ՄԵ կառույցին օժանդակելու, որոշ անցանկալի կառույցներին և անձանց ապաստան տրամադրելու Դոհայի վարքագիծը լցրեց Պարսից ծոցի արաբական միապետությունների «հանբերության բաժակը»` քննադատության թիրախ դարձնելով Դոհային` մեղադրելով տարածաշրջանում անջատողական տրամադրություններ հրահրելու մեջ: Լինելով արաբական ամենահարուստ երկրներից մեկը (բնական գազի պաշարներով 3-րդ, գազի արտահանման ոլորտում 6-րդ, նավթի և նավթամթերքի արտահանմամբ 21-րդն է աշխարհում)` Կատարը կարողանում է լուրջ դերակատարում ունենալ տարածաշրջանային գործընթացներում` այդ նպատակների համար օգտագործելով ինչպես ֆինանսական, այնպես էլ սեփական քարոզչական ռեսուրսները (օր.` «ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը): Նման հնարավորություններ ունեցող Կատարին, կարծես, չի անհանգստացնում Պարսից ծոցի որոշ միապետությունների նման պահվածքը, ընդհակառակը` Դոհան հանդես է գալիս իր որդեգրած քաղաքական կուրսին հավատարիմ մնալու հայտարարություններով, ինչը խոստանում է լարված պահել Կատարի շուրջ ծավալվող գործընթացները: