.jpg)
Տ. Պետրոսյանի պաշտպան. Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Տիգրան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը անօրինական է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տ. Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանը:
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը 4 ամիս կալանքի տակ է գտնվում ոստիկանին 3-4 վայրկյան հրելու համար:
«Շանթ Հարությունյանին հրել են ու գցել գետնին, իսկ Տ. Պետրոսյանը միջամտել է, որ թույլ չտա Շ. Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառեն: Բոլոր այլ տեսանյութերում Տիգրանը մշտապես կռիվը բաժանողի դերում է եղել»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ այս ընթացքում իր պաշտպանյալի նկատմամբ միայն մեկ քննչական գործողություն է իրականացվել՝ տուժող ոստիկան Արա Կարապետյանի հետ առերերսումը և այս մի քանի վայրկյան տևող միջադեպի գործով առերեսումը տևել է 12 ժամ և այն դեռևս չի ավարտվել, քանի որ ոստիկանը ամեն նոր հարցաքննության ժամանակ որևէ նոր բան է հայտնում, պատճառաբանելով դա նրանով, որ այդ պահին է հիշել:
«Տիգրանի արտաքինը նկարագրելիս նաև իրար հակասող տեղեկություններ է ասել, և թեև Տիգրանը ակնոցով է եղել, սակայն ոստիկանը ասում է, որ նկատել է, որ նա թրաշով է եղել, այնինչ ակնոցը չնկատելը անհնար կլիներ: Բազմաթիվ ակցիաների ժամանակ, երբ ակտիվիստները հրում են, քաշքշում և հարվածում ոստիկանին, նրանց չեն կալանավորվում, ինչը ցույց է տալիս, որ իմ պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում »,- ասաց նա:
Ա. Զաքարյանը ասաց, որ ինքը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի նրանք դիտեն դեպքի տեսանյութը և որոշեն՝ արդյոք առկա՞ է այն հանցանքը, որի համար իր պաշտպանյալը գտնվում է կալանքի տակ, և պատասխան է ստացել, որ քննչական մարմնի քննությունն իրենց բավարարում է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Ոստիկանությունը թույլ չէր տվել շարունակել երթը, ինչի հետևանքով եղել էին բախումներ և ձերբակալվել էին մի շարք մարդիկ, որոնց թվում նաև Տիգրան Պետրոսյանը։
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանին տեսակցելու արգելքը հանվել է
Շանթ Հարությունյանի պատկերով գրաֆիտի անելու համար 4 մարդ է բերման ենթարկվել
Գևորգ Կոստանյանը՝ Շանթ Հարությունյանի գործի մասին. Կարող են բողոքարկել