.jpg)
Արամ Անտինյան. «Ֆեյքերի» մասին օրինագիծը սխալ է մեկնաբանվել
Շատ ողջունելի է զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարելը, սակայն դրանց միջոցները պետք է արդյունավետ լինեն, որ օդում թողնված կրակոցի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով «ֆեյքերի» հետ կապված նոր օրինագծին:
Թ. Թովմասյանի խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե ինչպես է դա իրականացվելու, քանի որ մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկիր ենք և ԵԽ հռչակագրով պաշտպանվում է անանուն լինելու իրավունքը:
«Նոր օրենքի համաձայն, եթե անձը չի գործադրել ողջամիտ ջանքեր՝ վիրավորանք պարունակող գրառման հեղինակին նույնականացնելու համար, նշանակում է, որ ինքն արդեն կարող է պատժի ենթարկվել, բայց անհասկանալի է, թե ինչպես պետք է պարզվի կեղծ օգտատերի ինքնությունը, որովհետև մինչև օրս Հայաստանի ուժային կառույցներից որևէ մեկը հանձն չի առել բացելու որևէ կեղծ օգտատիրոջ IP-ն և պարզելու, թե ով է նա» -ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ BlogNews.am կայքի խմբագիր Արամ Անտինյանի խոսքով՝ սա առաջին հերթին սխալ մեկնաբանված օրինագիծ է, որի վերաբերյալ կարծիք արտահայտեցին շատ մարդիկ, ովքեր այն անգամ չէին կարդացել:
«Այն սխալ մեկնաբանվեց սոցցանցերում, երբ այն ստացավ «ֆեյքերի դեմ» որակումը և շատերն անգամ չկարդալով այդ օրինագիծը` սկսեցին այն մեկնաբանել, ինչպես նաև պատգամավորները սկսեցին այն որակել՝ որպես «ֆեյքերի դեմ» օրինագիծ: Պատգամավորները փոխանակ ասեին, որ այն մարդու իրավունքները չոտնահարելու համար է, ասում էին, որ այն դեմ է ֆեյքերին»,- ասաց նա:
Ա. Անտինյանի խոսքով՝ այս օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի սահմանափակել մամուլը:
«Նրանք կարծում են, թե ինտերնետի խնդիրը երկրի խնդիրն է։ Գնացե՛ք, բազմաբնակարան շենքերի լիֆտերի հարցը լուծեք, այլ ո՛չ թե պայքարեք ֆեյքերի դեմ»,- ասաց Ա. Անտինյանը, նշելով, որ սա ստիպում է, որ ֆեյքային օֆշորներ ստեղծվեն, իսկ դաշտը կանոնակարգելու կարիք չկա, քանի որ համացանցը բավականին արագ է զարգանում և դրա հետևից հնարավոր չի հասնել: