.jpg)
Շարունակվում են խորքային հորերի հաշվառման և կոնսերվացման աշխատանքները
ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացված հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել է Արարատյան հարթավայրի խորքային ապօրինի հորերի լուծարման և կոնսերվացման գործընթացը: Ներկայացվել է համայնքային նշանակության խորքային հորերի հաշվառման և ըստ նպատակային օգտագործման դասակարգման աշխատանքները: Նախարար Արամ Հարությունյանը հանձնարարելով սեղմ ժամկետներում ավարտել Արմավիրի մարզի համայնքային պատկանելության խորքային հորերի հաշվառման գործընթացը՝ շեշտել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի նրանց ծագմանը և պարզվի՝ արդյոք դրանք ունեցել են համապատասխան թուլտվություններ, որոնք տրվել են մինչև 2002թ-ին ՀՀ ջրային օրենսգրքի ընդունումը:
Համապատասխան ստորաբաժանումների առաջ խնդիր է դրվել խստագույնս հետևել կոնսերվացման և լուծարման աշխատանքների ընթացքին` կազմակերպելով դրանք առավել որակով և օպերատիվ: Ստուգումների իրականացմանը տարբեր տնտեսվարողների կողմից խոչընդոտներ ստեղծելու դեպքերը բացառելու նպատակով պատասխանատուներին հանձնարարվել է մշակել և ներկայացնել իրավական լուծումների փաթեթ՝ անձնական հսկողության տակ պահելով անցկացվող ստուգումների օրինական ընթացքը, և անհրաժեշտության դեպքում ներկայացնել նոր ստուգումներ բացելու առաջարկություններ:
Որոշում է կայացվել միջոցներ ձեռնարկել երկու մարզերի համայնքներում բոլոր ՋՕԸ-ների («Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի» և այլ) խորքային հորերի ներկա վիճակի օբյեկտիվ պատկերը ձևավորելու և դրանք առաջնահերթ փականային ռեժիմի բերելու համար: Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կարևորվել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ տարվող աշխատանքների և երկու կառույցների առջև դրված խնդիրների համադրումը:
ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է արագացված ռեժիմով ուսումնասիրել և ընթացք տալ Հրազդան-Արաքսյան ջրանցքի Երասխավանի ձախակողմյան ճյուղից ջրառ իրականցնող բոլոր ջրօգտագործողների հայտերը:
Որոշում է ընդունվել ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնել հորերի շահագործման հանձնման ակտի գաղափարի կիրառման իրավական կարգավորման վերաբերյալ: