16-ամյա տղան դատապարտվել է՝ համակարգչի համար քրոջը դանահակարելու գործով
11/03/2014 19:49

16-ամյա տղան դատապարտվել է՝ համակարգչի համար քրոջը դանահակարելու գործով

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը համակարգչի համար վիճաբանության պատճառով քրոջը դանակահարելու մեջ մեղադրվող 16-ամյա Շավարշ Զ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի ժամկետով: Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ դատարանը Շավարշ Զ.-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել և սահմանել է փորձաշրջան` 3 տարի ժամկետով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Շավարշ Զ.-ին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013 թ. սեպտեմբերի 12-ին` ժամը 21:45-ին, Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի գտնվող իրենց բնակարանում քրոջ՝ Մարիետա Զ.-ի հետ համակարգչով զբաղվելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կծել է քրոջ ձախ այտը և ձախ բազկի վերին երրորդականի դրսային մակերեսը` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, բացի այդ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է Մարիետա Զ.-ի` կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թիակի ներսային անկյան շրջանին` պատճառելով առողջության ծանր վնաս` որպես կյանքին վտանգ սպառնացող և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի հարողնաշարային գծով 8-րդ ողի մակարդակին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Ամբաստանյալ Շավարշ Զ.-ն դատական քննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար և օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալ: Իսկ նախնական քննության ընթացքում տված ցուցմունքները հրապարակելուց հետո, հայտնել է, որ իրականությանը համապատասխանում են մասնավորապես 2013 թվականի սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 2-ին տված ցուցմունքները:

Շավարշ Զ.-ն նախնական քննության ընթացքում` 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, որպես վկա, ցուցմունք է տվել այն մասին, որ շուրջ 4 տարի է իրենց հայրը մահացել է: Ինքը մինչև 6-րդ դասարան հաճախել է Երևանի թիվ 141 միջնակարգ դպրոցը, սակայն դուրս է եկել, քանի որ սովորել չի սիրել և արդեն 3 տարի է՝ հաճախում է ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի Աբովյանի վերականգնողական կենտրոն:

Իր քույրը` Մարիետա Զ.-ն, վերջին տարիների ընթացքում շատ է փոխվել, ամեն փոքր առիթով բարկանում ու նյարդայնանում է: 2013 թ. սեպտեմբերի 12-ին իրենք գտնվել են տանը: Ինքը ժամը 20:30-ի սահմաններում նստած է եղել համակարգչի մոտ և խաղ է խաղացել: Այդ ժամանակ Մարիետան մոտեցել է իրեն և պահանջել, որ վեր կենա համակարգչի մոտից, քանի որ նա գործեր է ունեցել համակարգչով անելու: Ինքը նրան ասել է, որ մոտ 30 րոպեից կհանձնի համակարգիչը նրան: Դրանից հետո մայրը և մյուս քույրը` Անուշը, դուրս են եկել տանից գնումներ կատարելու և տանը մնացել են միայն ինքն ու Մարիետան:

Ժամը 21:00-ին Մարիետան նորից է մոտեցել իրեն ու պահանջել վեր կենալ համակարգչի մոտից: Ինքը պատասխանել է, որ 10 րոպեից վեր կկենա: Այդ ժամանակ վիճաբանություն է սկսվել իրենց միջև և իրենք բղավել են միմյանց վրա: Այդ ժամանակ ինքն ականջակալները դրել է պարանոցի վրա, իսկ Մարիետան արագ վերցրել է դրանք և գնացել պատշգամբ, որպեսզի պատշգամբից ներքև նետի: Ինքը միանգամից գնացել է նրա ետևից և ձեռքից վերցրել ականջակալները: Իրենք կրկին բղավել են միմյանց վրա:

Դրանից հետո Մարիետան պատշգամբից մտել է խոհանոց, իսկ ինքը գնացել է նրա ետևից, որպեսզի տեսնի, թե նա ուր է գնում: Երբ ինքը մտել է խոհանոց, տեսել է, որ Մարիետայի ձեռքին կապույտ դանակ կա, և նա բարկացած, առանց բառ խոսելու, գնացել է դեպի իրեն: Այդ ժամանակ ինքն աջ ձեռքով բռնել է դանակը, ոլորել Մարիետայի ձեռքը, վերցրել դանակը աջ ձեռքի մեջ և դանակով հարվածել է Մարիետայի թիկունքից` ձախ կողմից ուսի հատվածում:

Առաջին հարվածից հետո, քանի որ ինքը շատ վախեցած է եղել, հարվածել է նաև 2-րդ անգամ` առաջին հարվածի տեղից փոքր-ինչ վերև: Այդ պահին Մարիետան ընկել է գետնին, իսկ ինքը ձեռքից գցել է դանակը ու զանգահարել մորը: Դրանից հետո ինքը խուճապահար փորձել է զանգահարել շտապօգնություն: Մոտ 5 րոպե անց մայրը և քույրը վերադարձել են տուն և Մարիետային տեղափոխել «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: Ինքն իր քրոջը կյանքից զրկելու նպատակ չի ունեցել, ուղղակի հարվածել է, երկրորդ անգամն էլ երևի բարկությունից է հարվածել, ինքը չի ցանկացել վնասել քրոջը: Ինքը կարող էր ուղղակի վերցնել դանակը, քանի որ Մարիետան փորձել է գցել իր ականջակալները, այդ պատճառով ինքը դանակահարել է նրան:

Ամբաստանյալ Շավարշ Զ.-ն նախնական քննության ընթացքում` 2013 թվականի հոկտեմբերի 2-ին, նույնաբովանդակ ցուցմունք է տվել և ավելացրել, որ 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ինքը դանակով երկու անգամ հարվածել է Մարիետայի թիկունքից` ձախ կողմից ուսի հատվածում, որից Մարիետան ընկել է հատակին: Երբ Մարիետան ընկել է հատակին, ինքը շատ է վախեցել, զանգահարել է մորը, որպեսզի շուտ տուն վերադառնա: Այդ ընթացքում ինքը սրբիչ է դրել Մարիետայի արյունոտ թիկունքին: Ինքը Մարիետային հարվածելուց հետո դանակը գցել է հատակին: Երբ Մարիետան դանակով մոտեցել է իրեն, ինքը տեսել է, որ նա բարկացած է, և իրեն թվացել է, որ հաստատ դանակով կհարվածի, քանի որ 2013 թ. հունվարին Մարիետան վեճի ժամանակ դանակահարել է իրեն: Իր վնասվածքները պատճառվել են Մարիետայի կողմից, 2013 թվականի հունվարին նրանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, երբ խոհանոցային դանակով նա մի քանի անգամ հարվածել է իրեն: Իր աջ նախաբազկի դաստակային հոդի շրջանում առաջին մակերեսի սալջարդ վերքն ինքը ստացել է 2013 թվականի սեպտեմբերի 12-ին խոհանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որը չի հիշում, թե կոնկրետ ինչի հետևանքով է: Քանի որ Մարիետան իր հարազատ քույրն է, իրենք հաշտվել են, ինքը նրա դեմ որևէ բողոք չունի և չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության: Վիճաբանության ժամանակ Մարիետան միայն ճանկռել է իրեն: Ինքը զղջում է կատարածի համար:

Ամբաստանյալ Շավարշ Զ.- ն նախնական քննության ընթացքում` 2013 թ. նոյեմբերի 23-ին, ցուցմունք է տվել այն մասին, որ իր պարանոցի հետին մակերեսի և կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսի նախկինում մակերեսային ծակած-կտրած վերքերի ապաքինումից գոյացող էպիթելիզացված տեղամասերն առաջացել են 2013 թ. սեպտեմբերի 12-ին, երբ ինքը վիճաբանել է քրոջ` Մարիետայի հետ: Մարիետան ձեռքի դանակով վնասել է իրեն, որն ինքը դրանից հետո վերցրել է նրա ձեռքից և հարվածել նրան:

Ամբաստանյալ Շավարշ Զ.-ն նախնական քննության ընթացքում` 2013 թ. դեկտեմբերի 9-ին, ցուցմունք է տվել այն մասին, որ Մարիետային դանակով հարվածելիս ինքը մտածել է, որ նա կարող է էլի ինչ-որ բան վերցնել և հարվածել իրեն, այդ իսկ պատճառով ինքը հարվածել է նրան:

Տուժող Մարիետա Զ.-ն դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ իր եղբայրը` Շավարշ Զ.-ն, նստած է եղել համակարգչի առջև, իսկ ինքը նրան ասել է, որպեսզի վեր կենա: Դրանից հետո` մոտ 20 րոպե Շավարշը վեր չի կացել, իսկ ինքը վերցրել է նրա ականջակալները և ասել, որ պատուհանից դուրս կնետի: Ինքն այն տարել է պատշգամբ և ցանկացել է գցել, սակայն Շավարշը գնացել է իր ետևից, կծել իր այտը և վերցրել ականջակալները: Այնուհետև` ինքը գնացել է խոհանոց, վերցրել դանակը և ցանկացել է հարվածել եղբորը: Ինքը դանակով քերծել է Շավարշի աջ կամ ձախ ուսը և եղունգներով ճանկռել է նրան: Դրանից հետո Շավարշը դանակը վերցրել է իր ձեռքից, իսկ ինքը ձգվել է, որպեսզի միջանցքից վերցնի պահարանի վրա դրված ծաղկամանը, որի մեջ արհեստական ծաղիկներ են եղել:

Ինքը նրան ասել է, որ գլուխը կկոտրի և այդ պահին Շավարշը նրա ետևից դանակով հարվածել է: Այդ ժամանակ ինքն ընկել է գետնին, որից հետո եկել են մայրը և քույրը ու իրեն տեղափոխել «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: Ինքը դանակը վերցրել է եղբորը վախեցնելու նպատակով: Իրեն թվացել է, որ Շավարշը կվախենա դանակից: Եթե Շավարշը չափն անցներ` հարվածեր, ապա ինքը հաստատ կհարվածեր նրան: Ինքը դանակը պահել է Շավարշի կողմը, նրանք կանգնած են եղել միմյանց դիմաց, իսկ վերջինը ոլորել է իր ձեռքը և վերցրել դանակը: Ինքը Շավարշին դանակով մեկ անգամ ճանկռել է և մեկ անգամ էլ թեթև ծակել: Այդ դեպքից հետո իրեն տարել են հոգեբանի մոտ, որտեղից ուղեգիր են տվել, որպեսզի իրեն տեղափոխեն Նորքի հոգեբուժարան: Այնտեղ իրեն ասել են, որ նա պետք է 10 օր ստացիոնար բուժում ստանա, սակայն ինքը հրաժարվել է: Ինքը քննիչին ծաղկամանի մասին ոչինչ չի ասել: Այդ ծաղկամանը ծանր, շագանակագույն ապակուց է եղել:

Իրեն դանակով հարվածելուց հետո Շավարշը լաց է եղել և սրբիչը դրել է իր վերքին: Շավարշը զղջացել է կատարածի համար և ինքը որևէ պարտք ու պահանջ չունի նրա նկատմամբ և ցանկանում է, որպեսզի նա քրեական պատասխանատվության չենթարկվի:

Փորձագետի 2013 թվականի սեպտեմբերի 24-ի եզրակացության համաձայն` Մարիետա Զ.-ի  ստացած թափանցող ծակած-կտրած վերքը պատճառել է առողջության ծանր վնաս` որպես կյանքին վտանգ սպառնացող, մնացած վնասվածքներն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ իրենց համադրությամբ, առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Երեխաների աջակցության Աբովյանի վերականգնողական կենտրոնի թիմի ղեկավարի և ՀՀ Կոտայքի մարզի Դարանի համատիրության նախագահի կողմից տրված բնութագրերի համաձայն` Շավարշ Զ.- ն բնութագրվում է դրականորեն:

Աբովյանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրենի կողմից տրված շնորհակալագրի համաձայն` Աբովյանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնն իր երախտագիտությունն է հայտնել ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի Աբովյանի վերականգնողական կենտրոնի սան Շավարշ Վարուժանի Զաքարյանին ցուցաբերած օգնության և արիության համար:

Դատարանի իրավական վերլուծությունները.

Պաշտպան Արթուր Սահակյանը մասնավորապես նշել է, որ պաշտպանության կողմը, հիմնվելով քրեական գործով ապացույցների և փաստական հանգամանքների վրա, գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Շավարշ Զ.-ի գործողությունները պետք է որակել որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված և հանցագործություն չհամարվող գործողություններ:

Անհրաժեշտ պաշտպանության համարժեքության գնահատման և որպես արդյունք` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման առկայության կամ բացակայության որոշման համար անհրաժեշտ է գնահատել ոտնձգության վտանգավորության աստիճանի և պաշտպանության միջև համապատասխանությունը:

Օրենքը չի պահանջում, որ պաշտպանվողը կիրառի ոտնձգողի կողմից կիրառվող միջոցներին հավասարազոր միջոցներ: Պաշտպանվողը կարող է գործադրել նաև առավել արդյունավետ միջոցներ: Շավարշ Զ.-ն ոտնձգողի դեմ գործադրել է հենց այն դանակը, որով իրեն մարմնական վնասվածքներ է հասցրել ոտնձգողը և գործիքի առումով պաշտպանության միջոցը ակնհայտորեն հավասարազոր է, իսկ ինչ վերաբերում է ոտնձգող Մարիետա Զ.-ի և պաշտպանվող Շավարշ Զ.-ի առողջությանը պատճառված վնասների անհամարժեքությանը, ապա պաշտպանության կողմը ողջամտորեն ենթադրում է, որ անգամ լիարժեք ութամյա կրթություն չստացած անչափահաս Շավարշ Զ.-ն չէր կարող ունենալ մարդու անատոմիայի բնագավառի այնպիսի գիտելիքներ, որ հատուկ հաշվարկեր իր հարվածի տեղակայումը, ուղղվածությունն ու խորությունը և միտումնավոր պատճառեր առողջության ծանր վնաս: Ավելին` իրատեսական է այն վարկածը, որ երեխան պարզապես ցավի ազդեցության տակ հարվածել է իրեն վնասողին, առանց հաշվարկելու իր հարվածի ուժը:

Թեև դատարանը վերոնշյալ հանգամանքների առկայությունը բավարար է համարում պատիժը պայմանականորեն չկիրառելու համար, սակայն հարկ է համարում պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննարկել նաև անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների (Պեկինյան կանոններ) լույսի ներքո, որի 19.1-ին կետի համաձայն` անչափահաuին որևէ ուղղիչ հիմնարկում ներփակելը միշտ պետք է ծայրահեղ միջոց լինի, անհրաժեշտ նվազագույն ժամկետի համար կիրառված: 

Այսպիսով, դատարանը գտնում է, որ անչափահաս Շավարշ Զ.-ի նկատմամբ ծայրահեղ միջոցի դիմելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու:
 

16-ամյա տղան դատապարտվել է՝ համակարգչի համար քրոջը դանահակարելու գործով