ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խումբ է ստեղծվել
11/03/2014 21:07

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատ­րաստելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերջինը կմշակի և մինչև 2014 թվականի ապրիլի 10-ը ՀՀ արդարադատության նախարարին կներկայացնի ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը, իսկ մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը՝ նոր օրենսգրքի նախագիծը: Աշխատանքային խումբը կմասնակցի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ մասնագիտական և հանրային քննարկումներին, կուսումնասիրի շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) առաջարկությունները Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի վերաբերյալ, կքննարկի այդ առաջարկությունները նշված փաստաթղթերում ներառելու նպատակահարմարությունը: Նախագիծը

Կառավարության կողմից Ազգային Ժողով ուղարկելուց հետո աշխատանքային խումբը կմասնակցի նաև ԱԺ-ում կազմակերպվող քննարկումներին, այդ թվում՝ ներկայացնելով նախագծի դրույթները և դրանց հիմնավորումները: Աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ մարմիններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին կտրամադրի մասնագիտական բնույթի վերլուծություններ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարի հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրության 4.1-րդ կետը: 

Հ. Թովմասյանի հրամանը՝ ստորև:

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խումբ է ստեղծվել