Զառա. Երջանիկ եմ, որ ունեմ ընտանիք, գիտեմ՝ ինչի համար եմ ապրում
11/03/2014 19:32

Զառա. Երջանիկ եմ, որ ունեմ ընտանիք, գիտեմ՝ ինչի համար եմ ապրում

Life.panorama.am-ը դերասանուհօ Զառա Սահակյանի հետ:

 

-«Yere 1» հումորային նախագծում ձեր կերտած կերպարներից ո՞րն ամենալավն ընկալվեց ժողովրդի կողմից և ինչու՞:

-Իմ կերտած կերպարներից Ռուզիկը բոլորից լավ է ընդունվել, քանի որ ինքը կենցաղի կին է, տան կին, իսկ կնոջ այդ կերպարը լավ է ընդունվում մեր հասարակության կողմից:

-Նոր դերով հանդես գալու ծրագրեր կա՞ն:

-Այո, տեղեկացնեմ, որ շուտով կմարմնավորեմ նոր՝ չար տալի կերպար: Օվսաննան ամեն կերպ փորձելու է խանգարել եղբոր ընտանիքի կայանալուն, անտանելի տալ է, եղբոր երեխայի համար էլ կարծես հորեղբայր լինի (ծիծաղում է):

-Պատահե՞լ է, որ դրսում ձեզ տեսնեն, ասեն. «Վա՜յ, Ռուզիկը», կամ ուրիշ դերային անուն տան:

-Շատ է եղել: Մարդիկ երբեմն շատ են նույնացնում քեզ քո կերտած դերերի հետ: Իմ դեպքում շատերին թվում է, թե ես խալաթով եմ գնում գործի, որ դյուրաբորբոք եմ կամ պետք է, օրինակ, Ռուզիկի պես խոսեմ: Ես, իհարկե, հասկանում եմ այդ մարդկանց, ուրախանում եմ, որ նրանք ասում են, «Վա՜յ, մեր Ռուզիկը», այդ «մեր»-ը նշանակում է, որ կերպարս ընդունվել է նրանց կողմից:

-Բայց մի վտանգ կա. չե՞ք կարծում, որ ձեզ սկսում են նմանակել, և այն երևույթները, որ դուք ծաղրում եք, սկսվում է ընդունվել:

-Այդ տենդենցը վաղուցվանից կա: Հիշենք, թե «Մեր բակից» հետո ինչքան սկսեցին նմանակել Հայկոյի հերոսին: Բոլորը կրկնում էին. «Ես լավ տղա եմ..»: Սա նշանակում է, որ հումորը սուր է, միանգամից ծակում է: Իմ տղան էլ է անգիտակցաբար կրկնում որոշ արտահայտություններ, ի՞նչ կարող եմ անել: Կարծում եմ, որ այս պարագայում ծնողը պետք է գիտակցի երեխային այդ ինֆորմացիան հասցնելու չափաքանակը: Մի բան ակնհայտ է. հումորը երբեք դաստիարակչական չպետք է լինի: Պետք է առկա լինի սատիրա. կերպարը ծաղրվի և մերկացվի: Ծիծաղ է առաջացնում իրականությունը, և, ցավոք սրտի, մեր հասարակությունը հիմա, օրինակ, գործածում է արտահայտություններ, որ չէինք ուզենա լսել: Այս ամենը պետք է մատուցվի իրականությանը մոտ գեղարվեստորեն ներկայացված տեսարանների միջոցով:

 

-Երբեմն կերպարները, որոնց դուք ծաղրում եք, մարդիկ նույնացնում են իրենք իրենց հետ և սկսում ծիծաղել իրենց վրա:

- Այո, այդպես է, օրինակ, Վիպոյանի կերպարի դեպքում. շատ պատգամավորներ չեն էլ հասկանում, որ ծաղրվում են, հաճույքով դիտում ու ծիծաղում են:

-Վերջերս ներկայացումներով ԱՄՆ-ում էիք, կպատմե՞ք` տեղի հանդիսատեսը ինչպե՞ս ձեզ դիմավորեց, ամենաշատն ինչո՞վ եք տպավորված:

-Ես բախտավոր եմ այդ առումով, քանի որ միշտ ջերմ ընդունելություն եմ տեսնում: Թեպետ այդ հանգամանքը մի քիչ կապում եմ նաև կարոտի գործոնի հետ, բայց ամեն դեպքում զգում եմ, որ ունենք լավ, կարոտած հանդիսատես: Նույնիսկ նկատեցի մարդկանց, ովքեր երկրորդ անգամ էին տոմս առել ու եկել: Մենք մեր երկրպագուներն ունենք, ովքեր անգիր հատվածներ գիտեն հումորային համարներից. սա արդեն իսկ հաջողության գրավական է:

-Կարելի՞ է ասել, որ արտերկրի հանդիսատեսին դուք էլ ձեր մեսիջն եք հաղորդում այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում:

-Այո, իհարկե: Հումորը հումոր է, երբ արդիական է, ժամանկի շունչն է կրում, անդրադառնում է այդ օրվա իրադարձությանը, խնդրին: Օրինակ՝ ընտրություններից մեկի ժամանակ նախագծի շրջանակներում մենք էլ մեր խոսքն ասացինք, որը միանգամից ընդունվեց ու ընկալվեց ժողովրդի կողմից:

 

- «32 ատամ» ակումբն այժմ դադարեցրել է իր գործունեությունը, իսկ «Թատրոն 32»-ի հետ կապ ունե՞ք:

-Թատրոնի հետ կապ չունեմ. այժմ այնտեղ ներկայացումները հումորային բնույթ չեն կրում: « 32»-ն էլ որպես ծրագիր գոյություն չունի, տղաները Հ1-ում զբաղվում են այլ նախագծով:

-Ի՞նչ նոր աշխատանքային առաջարկներ ունեք, այս տարի անակնկալներ կլինե՞ն:

- Շատ հետաքրքիր առաջարկներ եմ ունեցել եմ, դրանցից ընդունել եմ Նարեկ Դուրյանի հետ մի ներկայացման մեջ խաղալու առաջարկը: Չնայած այն հանգամանքին, որ Նարեկ Դուրյանը ավագ սերնդի ներկայացուցիչ է, նրա ներկայացումները թեթև են, հումորային, դինամիկ, ժամանակակից մոտեցմամբ, այնպես որ, կարծում եմ՝ կարող եմ ինձ այնտեղ դրսևորել:

-Ձեզ միասին ե՞րբ կտեսնենք բեմի վրա:

-Չեմ կարող ասել, քանի որ ներկայացումների պարագայում ամեն ինչ չէ, որ միայն դերասանից է կախված. դա թիմային աշխատանք է, որը չգիտեմ՝ երբ ավարտին կմոտենա:

-Սերիալներում կնկարահանվե՞ք, առաջարկ ստացե՞լ եք:

-Առաջարկ չեմ ստացել, լինի էլ՝ չեմ համաձայնվի մի պարզ պատճառով. ժողովուրդը սովոր է տեսնել ինձ հումորային կերպարներում: Ու, թեև դերասանական կրթություն ունեմ, սերիալներում խաղալու իմաստն իմ դեպքում չեմ տեսնում:

-Նշել եք, որ երգարվեստում քայլեր անելու համար ժամանակ չկա, կարծես, նաև, ցանկություն էլ, ձեզնից երգ կամ տեսահոլովակ էլ չսպասե՞նք:

-Եթե դերասան ես՝ ուրեմն այսպես թե այնպես երգում էլ ես, պարում էլ ես: Նորություն չէ, որ ես իմ հումորային համարներից մեկում նմանակում եմ ձայնային տարբեր տեմբր ունեցող երգիչների: Իսկ եթե երբևէ ցանկություն ունենամ երգով հանդես գալ, երբ այդ պահը հասունանա, զգամ, որ ասելիք ունեմ, չեմ վարանի և կներկայացնեմ այն հանրությանը, ուղղակի չեմ ուզում, որ հերթական երգը թողարկվի, ինչ է թե ասեն՝ Զառան երգում է:

-Ձեր ամուսինը զբաղվում է ձեր պրոդյուսինգով, մասնագիտական հարցերում իրար շատ եք օգնում:

-Այո իհարկե, ընդհանրապես, ես խորհուրդ լսող մարդ եմ, թեկուզ՝ հասարակ մարդկանցից: Կարող եմ շատ երկար կանգնել ու լսել անծանոթի կարծիքը, իսկ ամուսնունս՝ առավել ևս, լսում ու հաշվի եմ առնում: Հետաքրքիր է, որ նա էլ իմ կարծիքն է հաշվի առնում, տարիների ընթացքում ես էլ իր հետ շփվելով պրոդյուսերական հոտառություն եմ ձեռք բերել (ծիծաղում է):

 

-Հասցնու՞մ եք տղային ձեր ուզածի չափ ժամանակ տրամադրել:

- Բոլորս փոքրիկով ենք ապրում, ծնված օրվանից մենք ենք պահել, զրոյից սովորել ենք երեխային խնամելու նրբությունները: Երբ վերջերս մեկնեցի ԱՄՆ, այնքան հանգիստ էի երեխայի համար, քանի որ գիտեմ, որ հայրն ինձ հետ հավասար կարող է հոգ տանել նրա մասին:

-Ձեր տղան գիտի՞, որ իր մայրիկը հայտնի է:

-Հեռուստացույցից տեսնելով նա ինձ ճանաչում է, մեկ-մեկ նույնիսկ ասում է. «Մամա, էս հագինդ պարիկա չէ՞, հանու՞մ ես չէ» (ծիծաղում է): Դեռ երեք տարեկան է, բայց բոլոր հումորային հաղորդումներին հետևում է, ոչ մի դերասանի չի շփոթում մյուսի հետ: 

-Նկարագրեք ձեզ` ամուսնանալուց, բալիկ ունենալուց առաջ և հետո:

-Ասեմ, որ մինչև ամուսնանալս միամիտ էի, անհոգ, նպատակի շուրջ չկենտրոնացող, ամուսնանալուց և բալիկ ունենալուց հետո դարձա նպատակասլաց, պարտաճանաչ, ավելի հասուն: Սա արդեն նոր հոգեվիճակ է: Ես երջանիկ եմ, որ ունեմ ընտանիք, սիրելի ամուսին, գիտեմ՝ ինչի համար եմ ապրում, նաև հասցնում եմ զբաղվել իմ սիրած գործով, ինչը քչերին է հաջողվում:

 

Զառա. Երջանիկ եմ, որ ունեմ ընտանիք, գիտեմ՝ ինչի համար եմ ապրում