«Դպրոցականների տոմսերի» գործով ՍՊԸ-ն գույք չունի՞
12/03/2014 20:07

«Դպրոցականների տոմսերի» գործով ՍՊԸ-ն գույք չունի՞

ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի և «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ի գործը դատարանում է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ դատարանը որոշում է կայացրել պարզել, թե ի՞նչ գույք ունի «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ն և արգելանք դնել գույքի վրա:

«Մեր ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը չունի գույք, ինչպես հաճախ լինում է ՍՊԸ-երի դեպքում, այն է, նրանք վարձակալած տարածքում են գործունեություն իրականացնում, իսկ գույքը գրանցված է լինում այլ անձանց անուններով»,- ասաց նա:

Ա. Մեդրաբյանը նշեց, որ այս հարցով նամակներ է գրել Ֆինանսների ու Կրթության և գիտության նախարարությանը, սակայն Ֆինանսների նախարարությունից պատասխան են ստացել, որ ընկերությունը ներառվել է «սև» ցուցակում:

«Ես դիմում եմ գրել՝ խնդրելով, որ այս գործը ուշադրության տակ պահեն: Հիմա ինձ համար կարևոր չէ, թե ինչ ցուցակում է այն ներառվել՝ սև կամ կարմիր, կարևոր այն է, որ այդ գումարը չի վերադարձվել և մեր հետագա պլանները խախտվել են, քանի որ այդ գումարը վճարվել է մեր բյուջեից: Իմ սրտից արյուն է կաթում, ո՞նց կլինի, որ մեկին գումար տաս ու դա գնա, կորի, ու մի քանի ամիս է, չենք կարողանում վերադարձնել: Նրանք, իհարկե, ասում են, որ մեր գումարները կփոխհատուցվեն, սակայն ինչպե՞ս կամ ե՞րբ, չգիտեմ»,-ասաց նա:

Արա Մեհրաբյանի կարծիքով՝ այստեղ գլխավոր խնդիրը օրենքի անկատարությունն է:

«Մենք, «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ընտրել ենք այն կազմակերպությանը, որը առավել էժան գին է առաջարկել այդ ծառայության համար: Սակայն նույն օրենքի համաձայն՝ այդ կազմակերպությունը պետք է ևս մեկ սխալ ունենա, որ այլևս չկարողանա մասնակցել մրցույթին: Ստացվում է՝ օրինակ, ընկերությունը կարող է 12 մլն արժեցող ծառայությունը 10 մլն-ով անելու առաջարկ անի և այդ գումարները վերցնի ու անհետանա»,- ասաց նա:

Ավելի վաղ «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ տնօրեն Տիգրան Աճեմյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իրենք հստակ պայմանավորվածություն չունեն Ֆեդերացիայի անդամների հետ:

«Իրենք մեզ նամակ են ուղարկել և նշել, որ մենք պարտավոր ենք իրենց գումարը վերադարձնել: Մենք սպասելու ենք, որ քրեական գործը ավարտվի և եթե պարզվի, որ մենք մեղավոր ենք, ապա կվերադարձնենք այդ գումարը, սակայն հենց մենք են բողոք ներկայացրել ոստիկանություն»,-ասել էր նա, նշելով, որ ինքը մինչև այս ծանոթ չի եղել գործով որպես կասկածյալ ներգրավված Վիկտորիային:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի տարաշաշ հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 25-ին՝ ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի սկզբին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղևորվելու 18 տոմս ձեռք բերելու համար, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում ավիատոմսերի վաճառքով զբաղվող Վիկտորյա Մ.-ին փոխանցել է մոտ 12.000.000 դրամ, սակայն վերջինս տոմսեր վաճառող ընկերությանը վճարել է 3.200.000 դրամը, իսկ մնացած գումարը` յուրացրել:

Փաստի առթիվ 26.11.2013 թ. Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Վիկտորյա Մ.-ն ձերբակալված է:

Նախորդող հրապարակում՝ Հայ դպրոցականներին կասկածելի տոմսեր տրամադրած կինը ձերբակալվել է

Հայ դպրոցականների տոմսերի գումարը չեն վերադարձնի` մինչև դատավճիռը

«Դպրոցականների տոմսերի» գործով ՍՊԸ-ն գույք չունի՞