Տարածաշրջանային բլոգ. Սիրիական սցենարի կրկնության հնարավորությունը՝ Ղրիմում
12/03/2014 20:53

Տարածաշրջանային բլոգ. Սիրիական սցենարի կրկնության հնարավորությունը՝ Ղրիմում

Ղրիմի թաթարների առաջնորդներից Մուստաֆա Ջեմիլևը բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ՌԴ կողմից Ղրիմի բռնակցման պարագայում` Մոսկվային սպառնում է չեչենական հակամարտության կրկնությունը. այս համատեքստում որոշ թաթար ծայրահեղականներ արդեն իսկ սպառնացել են թերակղզում գտնվող ռուսական ստորաբաժանումներին «ջիհադական պայքարով»:

Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին առաջնորդը, Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչը նաև հավելել է. «Մենք ունենք իսլամականներ, վահաբականներ, սալաֆիներ...խմբեր, որոնք պայքարել են Սիրիայում գործող վարչակարգի դեմ: Նրանք ասում են՝ «Մեր հողի վրա ոտք է դրել թշնամին, և մենք պատրաստ ենք»»:

Ըստ էության, հաշվի առնելով թերակղզու շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, արդեն իսկ ուրվագծվող զարգացումները, և հատկապես այն հանգամանքը, որ Ղրիմում Մոսկվայի գործողությունների դեմ ուղղակի ռազմական պատասխան չի կանխատեսվում շահագրգիռ որևէ խաղացողի, մասնավորապես՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ Արևմուտքի և նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից, կարելի է տրամաբանել, որ տվյալ պարագայում առավելապես ակնկալվող քաղաքական-տնտեսական պատժամիջոցների կողքին նաև Ղրիմում իրավիճակի ապակայունացման սցենարի կիրառման դեպքում ամենահավանական տարբերակը հենց ազգաբնակչության շրջանում էթնոդավանական հակասությունների սերմանումն է՝ գործարկելով ինքնավարության տարածքում առկա միջհամայնքային բախումների ռիսկը: Իսկ նման սցենարի համար ամենակարող ուժը հենց Ղրիմի թաթարներն են, որ, տարբեր տվյալներով, կազմում են ինքնավարության մոտ 2 մլն բնակչության 12-13 %-ը:

Բնականաբար, զարգացոմների նման ընթացքի պարագայում տրամաբանական է նաև հակամարտության միջազգայնացման վտանգը՝ ինչպես, ասենք, չեչենական երկու պատերազմների դեպքում՝ 1990–ականների առաջին կեսին և 2000-ականների սկզբին՝ հատկապես հաշվի առնելով մեկ այլ տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում ծավալվող «գլոբալ ջիհադի» նոր դրսևորումների հանգամանքը՝ հատկապես սիրիական հակամարտության շրջանակներում:

Ասվածի համատեքստում, իրադարձությունների այսընթաց զարգացման պարագայում՝ էական նշանակություն կարող են ունենալ սիրիական ճգնաժամի շրջանակներում արդեն իսկ բավականաչափ արդյունավետ գործող մեխանիզմները, և մասնավորապես այն հանգամանքը, որ Ղրիմի հիմնախնդրում առանցքային դերակատարություն կարող է ունենալ սիրիական հակակառավարական ուժերին ցուցաբերվող մարդկային և սպառազինության տեսանկյունից լրջագույն աջակցություն ցուցաբերող խաղացողներից Թուրքիան, որի տարածքում հստակորեն գործում են Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ հանդես եկող տարաբնույթ ուժերի համար ջիհադականների հավաքագրման, մարզման, զինման, մարտի դաշտ ուղղորդման և ընդհանրապես սպառազինությունների մատակարարման ուղիները:

Այդ նպատակով արտաքին շահագրգիռ կողմերը թերակղզու տարածքում կարող են համագործակցել այս ոլորտում հիմնական գործունեություն ծավալող «Հիզբ-ուլ-Թահրիր» իսլամական արմատական կազմակերպության հետ, որը վերջին 2 տարիների ընթացքում փորձել է հավաքագրել և Թուրքիայի տարածքով Սիրիա գործուղել, տարբեր տվյալներով, մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր ուկրաինացի իսլամականների, հատկապես՝ Ղրիմի թաթարների, որոնց գործուն կապերը իսլամականների միջազգային ցանցի հետ արդեն իսկ հաստատված են:

Իսկ նման սցենարի կիրառման համար հիմքերն էլ առկա են. վերջին շրջանում Ղրիմի թաթարների, ինչպես նաև ադրբեջանցիների կողմից առավել հաճախ հնչող անհանգստությունը՝ պայմանավորված ազգային խտրականության, անվտանգության հետ կապված խնդիրներով (որոնք հիմնավորվում են 1940-ական թվականներին թերակղզում տեղի ունեցած տեղահանման դեպքերով)՝ չնայած որ Ղրիմի նոր իշխանությունները թաթար ազգաբնակչությանն անվտանգության և այլ բնույթի երաշխիքներ են խոստանում, անգամ՝ մասնակցություն ինքնավարության կառավարման գործում:

Մինչդեռ ասվածի համատեքստում խոսել այն մասին, որ հենց Ղրիմի թաթարներին է վերապահված սեփական ապագայի վերաբերյալ կամ թերակղզու կարգավիճակի հարցում վերջնական որոշում կայացնելու ինքնուրույն իրավունքն, այնքան էլ իրատեսական չէ: Մեծ հաշվով այս խնդիրը ևս տեղափոխվում է աշխարհաքաղաքական դիմակայության դաշտ, որտեղ Մոսկվայի Արևմտյան հակառակորդների կայացրած որոշումից է մեծապես կախված Ղրիմի թաթարների խաղաքարտի խաղարկման հնարավորությունը, և այդ դեպքում նաև թաթարների հետագա գործելաոճը՝ գնալ թերակղզում իրավիճակի ապակայունացման ճանապարհով, թե՝ ոչ: Իսկ Ղրիմում սիրիական սցենարի արդյունավետ կիրառման համար ամենալուրջ և օբյեկտիվ խոչընդոտը թերակղզու աշխարհագրական դիրքն է, ինչպես նաև հիմնախնդրում Ռուսաստանի ուղղակի ներգրավվածության իրողությունը: 

Տարածաշրջանային բլոգ. Սիրիական սցենարի կրկնության հնարավորությունը՝ Ղրիմում