Հայաստանում որակյալ ջրամատակարարման ապահովումը առաջնահերթություն է մնում
12/03/2014 19:35

Հայաստանում որակյալ ջրամատակարարման ապահովումը առաջնահերթություն է մնում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ֆրանսիական «Saur» խմբի միջազգային տնօրեն Միշել Ֆուրեին: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին` փոխվարչապետը նկատել է, որ խմելու ջրի ոլորտում «Saur»-ի հետ երկարատեւ համագործակցության դրական փորձ է առկա և խրախուսելի համարեց ընկերության գործունեության ընդլայնումը: «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կառավարիչ «Saur»-ն ընդգրկված է նորաստեղծ կոնսորցիումում, որն այս տարվանից ստանձնել է «Շիրակջրմուղկոյուղի», «Լոռիջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունների կառավարումը:

Փոխվարչապետը նշել է, որ հանրապետության ողջ տարածքում որակյալ ջրամատակարարման ապահովման խնդիրը շարունակում է առաջնահերթ լինել կառավարության համար: Թեև վերջին տարիներին «Հայջրմուղկոյուղի» ընկերության սպասարկման տարածքում ակնհայտորեն բարելավվել է ջրամատակարարումը` թե տևողության, թե որակի առումով, սակայն դեռևս շատ անելիքներ կան:

Կառավարությունը շարունակում է ոլորտում կապիտալ ներդրումների ներգրավման քաղաքականությունը. մի շարք ծրագրեր են իրականացվում միջազգային տարբեր դոնոր կազմակերպությունների` Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, գերմանական KfW բանկի հետ, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանն ու համակարգի տեխնիկական վիճակի բարելավմանը:

Անդրադառնալով մարզերում խմելու ջրի ոլորտում իրականացվող ծրագրերին` փոխվարչապետն ընդգծել է աշխատանքների` պատշաճ որակով և նախանշված ժամկետներում իրականացումը: Նա կարևորել է ծրագրերն իրականացնող ընկերությունների սերտ համագործակցությունը տեղական մարմինների հետ, ինչպես նաև ընդգծել է բացատրական աշխատանքների անհրաժեշտությունը` առաջարկելով առավել մեծ ուշադրություն դարձնել հանրային իրազեկման պատշաճ կազմակերպման հարցերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերությունը հանրության հետ աշխատանքների նոր ռազմավարություն կմշակի` հաշվի առնելով գործունեության ընդլայնման հանգամանքը: Միշել Ֆուրեն իր հերթին ընդգծել է, որ ընկերությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ներկայացվածությանը և նշել է, որ Հայաստանում «Saur»-ի ծրագրերը կառավարման տեսանկյունից հաջողված են համարվում:

Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում ներդրված կառավարման ժամանակակից տեխնոլոգիաներն արդեն կիրառություն են ստանում Հայաստանում, ինչն էապես բարձրացնելու է կառավարման արդյունավետությունը:

Միշել Ֆուրեն վստահեցրել է, որ ընկերությունը նույնպես կարևորում է հանրային իրազեկման աշխատանքները և հավաստիացրել, որ առավել մեծ ուշադրություն կհատկացվի այդ ուղղությանը:

Նա նաև պատրաստակամություն է հայտնել ոլորտի կառավարման ռազմավարական մոտեցումների մշակման հարցում համագործակցել կառավարության հետ և անհրաժեշտ փորձագիտական աջակցություն ցուցաբերել: 

Հայաստանում որակյալ ջրամատակարարման ապահովումը առաջնահերթություն է մնում