.jpg)
Մելիք-Շահնազարյանի նոր գրքում հրապարակվել են ադրբեջանական գաղտնի փաստաթղթեր
Այսօր կայացել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի «Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան գծեց սահմանները» («Агрессия Азербайджанской республики очертила границы») գրքի շնորհանդեսը:
Գրքում, քաղաքագետի խոսքով, տեղ են գտել մի քանի գաղտնի փաստաթղթեր, որոնք կնքված են ադրբեջանցի պաշտոնյաների միջև և ապացուցում են՝ պատերազմը նախաձեռնել է հենց Ադրբեջանը.
«Պատերազմի ժամանակ մեր հետախուզական աշխատանքների շնորհիվ ձեռք էինք բերել այս փաստաթղթերը, բայց հետագայում դրանք նորից կորել էին: Հիմա գրքի համար, դրանք գտել ենք արխիվից»,- ասաց քաղաքագետն՝ ընդգծելով.
«Իրականում այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ ադրբեջանցիներն են սկսել ամեն ինչ ու փորձել են ցեղասպանություն իրականացրել հայերի նկատմամբ: Սա ապացուցում է, որ ագրեսորը Ադրբեջանն է»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ ինքը գիրքն արդեն ուղարկել է Հայաստանի ԱԳՆ ու հույս հայտնել, որ այն կդրվի բանակցային սեղանին.
«Բացի այդ գիրքն ուղարկել ենք Եվրախորհրդարան, Ռուսաստանի տարբեր ինստիտուտներ ու շուտով կուղարկենք նաև ԱՄՆ: Այն տպագրվել է 800 օրինակով»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Նշենք, որ «Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան գծեց սահմանները» գիրքը վաճառքի ենթակա չէ: