Լիլիթ Պիպոյանը՝ Հայաստանում իշխող «թայֆաների» մասին. Life.panorama.am
12/03/2014 18:02

Լիլիթ Պիպոյանը՝ Հայաստանում իշխող «թայֆաների» մասին. Life.panorama.am

Լիլիթ Պիպոյանը, ում ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա, ով միջնադարյան աշխարհիկ երգերի հիման վրա ստեղծում է ժամանակակից նոր մեղեդիներ, արդեն հազվադեպ է հանդես գալիս համերգներով: Նա հին ու չկատարված հայկական ժողովրդական երգերը մշակել է ժամանակակից էլեկտրոնային ձայների վրա, ինքը հեղինակել է բազում երգեր:

Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ նրա հազվադեպ դարձած համերգների, չիրացված ձայնասկավառակների, Հայաստանում իշխող «թայֆաների» և այլ հարցերի շուրջ:

-Ձեր ձայնային տեմբրում մեծ կարեկցանք, գութ կա մարդու հանդեպ. սա համամարդկայի՞ն բնույթի կարեկցանք է, թե՞ ուրիշ մի բան:

-Այո, ընդհանուր ինտոնացիայիս մեջ կա նաեւ դա, որովհետեւ իմ բնավորության մեջ էլ կա, կարեկցանք մարդ արարածի նկատմամբ: Ընդհանրապես մարդն իր նմանների կողմից կարեկցանքի կարիք ունի, նաև սրա համար է նա դիմում Աստծուն:

-Ձեր երգերը կոմերցիոն բնույթ չեն կրում. այս դեպքում ինչպե՞ս են գոյանում այն ​​ֆինանսական միջոցները, որոնցով, օրինակ, պետք է կազմակերպեք համերգներ:

-Չեն գոյանում. դա է պատճառը, որ համերգներով հաճախ հանդես չեմ գալիս, տեսահոլովակներ չեմ նկարահանում:

-Իսկ պետական ​​աջակցություն չկա՞:

-Մշակույթի նախարարությունն ինձ երկու անգամ աջակցել է համերգ կազմակերպելու հարցում, բայց, ցավոք, այդ գումարով կարողացել եմ հոգալ իմ ծախսերի մի մասը միայն, այսինքն , դրանք նույնիսկ չզրոյացվեցին: Նախարարությունն այս առումով շատ գործեր ունի անելու, գումարներն ամեն ինչին չեն հերիքում:

- Ձեր երգերը հանրությանը հասցնելու համար պետք է օգնեն նաև ԶԼՄ-ները, չնայած, դրա համար ևս պետք է վճարել:

-Մեր ռադիոկայաններից մեկը մշտապես դնում է իմ երգերը, ինչի համար ուրախ եմ, բայց վատն այն է, որ անունս չեն հայտարարում. հաղորդման ֆորմատն է այդպիսին: Հաճախ մարդիկ, մանավանդ երիտասարդները, երբ հայտնաբերում են Լիլիթ Պիպոյան երգչուհուն, զարմանում և ուրախանում են: Ուշադրություն դարձրեք, օրինակ, թե ինչ երգեր են հնչում Հանրապետության հրապարակում: Երբեք, ոչ մի անգամ իմ երգերը չեն հնչել, բայց չէ՞ որ դրանք հայկական են, հայերեն են և ժամանակակից են: Չգիտեմ՝ ով է կազմում այն ​​երաժշտության ցանկը, որ պետք է հնչի այդտեղ: Ինձ թվում է՝ Հայաստանում, ինչպես և շատ ուրիշ ոլորտներում, երաժշտական ​​ասպարեզում իշխում է «թայֆայությունը»:

-Փորձե՞լ եք այդ «թայֆա» մտնել:

- Չէ, «թայֆայություն» չեմ սիրում, հետո, գիտեք, իմ արվեստը շատ ինդիվիդուալիստական ​​է:

- Իսկ ինչ - որ տեղ կամ ինչ - որ անհատի դիմե՞լ եք ձեր արվեստի տարածմանն աջակցելու, ֆինասապես սատարելու հարցով:

- Մեկ - երկու անգամ եմ դիմել եմ, և ապարդյուն, էլ ցանկություն չունեմ:

- Ձեր թողարկած վերջին ձայնասկավառակը կարողացա՞ք իրացնել:

- Ոչ (ծիծաղում է), միայն փող եմ ծախսել:

- Ո՞րն է խնդիրը:

-Ժամանակակից մարդը գերհագեցած է երաժշտությունից: 20-25 տարի առաջ երաժշտությունը շքեղություն էր, թանկագին հաճույք, ծանրակշիռ երևույթ, հիմա շատ է, հասանելի ու էժան: Առաջ համերգի գնալը կարևոր իրադարձություն էր, հիմա՝ ոչ. դա իմիջայլոց բան է դարձել: Այդ ինֆորմացիոն երաժշտական ​​զանգվածի մեջ պետք է մելոման լինել՝ որակյալն անորակից տարբերելու համար: Նախկինում կարիք չկար անընդմեջ գովազդել համերգը. մի պաստառով ողջ դահլիճներ էինք լցնում: Ուշադրություն դարձրեք՝ հիմա որ սերունդն է ամենացանկալի ունկնդիրը.15 տարեկանները:

-Այսօրվա ունկնդրին ձևավորում է այսօրվա երգը ...

-Այօրվա երգերն էլ արտահայտում են այսօրվա կյանքը: Նկատե՞լ եք՝ մեզ մոտ քաղաքացիական հնչողության, իրական կյանքի մասին երգեր չկան: Բոլորը միայն սիրո մասին են երգում. դրանից ավելի նողկալի բան չեմ պատկերացնում: Պետք է երևույթների էությունը, իրականությունը տողերի մեջ տալ, որպեսզի ճշմարտությունն ի հայտ գա: Սա չի արվում, ոմանք խուսափում են, ոմանք էլ չեն գիտակցում դրա անհրաժեշտությունը:

-Ասում են` ինչի պահանջարկ կա, դա էլ տալիս ենք:

-Դա պոռնկություն է: Պահանջարկը ստեղծվում է: Երբեմն ինձ թվում է` տիրող իրավիճակն այն աստիճանի է հասել, որ շատերը սկսկել են ենթարդրել` կարո՞ղ է սրանք ինչ - որ մեկի պատվերն են կատարում, արդյո՞ք սա նպատակային չէ արվում...

-Երգարվեստը համատարած անորակությունից զերծ պահելու մեխանիզմներ տեսնու՞մ եք:

-Պետությանը կառաջարկեի թալանից, գողությունից, մենաշնորհներից, թայֆայությունից մեզ ազատի, իսկ մնացածն իր հունով կկարգավորվի: Պետության գործը արդարություն ապահովելը, նորմալ մրցակցային դաշտ ստեղծելն է, դրան զուգահեռ, քարոզել ճիշտ բարոյական արժեքներ, ազատություն, աշխատանքի հանդեպ հարգանք, արդարություն, մարդկային արժանապատվություն: Պետք չէ անընդհատ ազգային արժեքներից խոսել, սուտ սիմվոլներ հրամցնել ժողովրդին: Մեր երկիրը հիմնային բարոյական արժեքների բարձրացման կարիք ունի: Մեզ պետք չեն ինչ - որ հիմար պաստառներ, որոնց վրա գրված են. «Ես սիրում եմ քեզ»: Մի ' սիրեք մեզ, թողե' ք մենք ապրենք մեր աշխատանքով, քաղցր - մաղցր ստի մեջ մի ' թաթախեք մեզ: Երբ արդեն նշածս գործոնները առկա կլինեն, այդ ժամանակ էլ արվեստը կսկսի զարգանալ, իսկ հիմա այն անօդ տարածության մեջ է:

-Բայց մենք ունենք չէ՞ լավ կատարողներ:

-Այո, մի քանի օր առաջ գնացի մարտիության համերգի, նույնիսկ զարմացել էի, լսելով մի քանի տղաների կատարումներ, նրանցից մի քանիսի ձայնի մեջ ազնիվ, ճշմարիտ բան կար:

-Դուք նշել եք, որ իրավիճակ փոխողները երիտասարդները պետք է լինեն, ինչպիսի՞ն պետք է լինեն նրանք:

-Երիտասարդները, որոնց միտքն ազատ է, հայացքը, լայն, որը ներառում է և´ սեփական մշակույթը, և´ հետևում է համաշխարհային զարգացումներին, և որոնք ազնիվ մարդիկ են.նրանք միայն կարող են ստեղծել ժամանակակից փայլուն արվեստ և ընդհանրապես՝ կյանք:

-Իսկ ի՞նչ պետք է անել, որ ժամանակակիցի կողքին պահպանվի հին հայկական մշակույթը:

-Այն երբեք չի կորչի. դա անհնար է: Երբ ունենանք տնտեսապես առողջ միջավայր, մշակույթը կշարունակի զարգանալ ու վերաիմաստավորվել:

- Ինքներդ մեծ դեր ունեք մեր ազգային արժեքները պահպանելու գործում. աշխատում եք հին ու չկատարված հայկական երգերի արխիվի հետ: Անհայտ երգերը մե՞ծ թիվ են կազմում :

-Այո, մենք Երևանում մի քանի տեղ ունենք, որտեղ հավաքված են ազգագրական երգերի ձայնագրություններ, դրանից մի մասն է միայն նոտագրած ու հրատարակած: Փոխարենն այդ հին ձայնագրությունները թվագրեն ու հրատարակեն, դրանք նոտագրում են և այդ գրքերն են հրատարակում, ասում եմ՝ թողեք՝ լսեմ այդ ձայնագրությունները, աշխատեմ դրանց հետ , չեն տալիս:

-Ի՞նչն է պատճառն, ըստ ձեզ:

-Պատճառը մանր գիտական ​​խանդն է, ինչը կհանգեցնի այն բանին, որ այդ ձայնագրությունները, լինելով շատ հին, շուտով կապամագնիսացվեն ու կջնջվեն:

-Լոս Անջելեսում արժանացել եք «Ժամանակակից ալտերնատիվ ալբոմ» մրցանակին, իսկ Հայաստանու՞մ:

- 2004 թ. Հայաստանի ազգային երաժշտական ​​մրցանակաբաշխության ժամանակ ստացել եմ «Հեղինակային երգի լավագույն ալբոմ» մրցանակը, բայց այդ պահին ես լվացք էի անում (ծիծաղում է): Դա ոչինչ չփոխեց, այդ մրցանակներն անիմաստ բաներ են: Դրվածքն այսպիսին է. եթե Ազգային ժողովից կամ այլ իշխանավոր կամ հարուստ մեկը սիրի երաժշտությունդ, հանկարծ կսկսես ծաղկել, եթե ոչ, ուրեմն՝ ոչ, իսկ մրցանակներն ընդամենը աննշան հաճույքներ են . սա է իրականությունը:

- Դուք շատ անգամներ հնարավորություն եք ունեցել գնալու և աշխատելու արտերկրում, բայց մնացել եք հայրենիքում. ..

- Այո, շատ հնարավորություններ եմ ունեցել, բայց ես, հիմարս .. բայց ես եմ ընտրել այս ուղին, ես եմ ցանկացել մնալ հայրենիքում, որը դատարկ խոսք չէ ինձ համար, չէի կարող այս հողից, այս մշակույթից հեռանալ և մեկ այլ ձևով ինքնասպան լինել ՝ արդեն որպես արվեստագետ:

- Այս տարի ի՞նչ ակնկալեն ձեզանից երկրպագուները:

- Ես հիմա դժվար վիճակում եմ՝ տարբեր առումներով, ինչ-որ բան նախաձեռնելու ուժ չունեմ, միայն եթե հրավիրեն, առաջարկեն, չեմ հրաժարվի: 

Լիլիթ Պիպոյանը՝ Հայաստանում իշխող «թայֆաների» մասին. Life.panorama.am