Սարգիս Մնոյան. Հաղորդում վարելու ցանկություն չունեմ. Life.panorama.am
12/03/2014 19:10

Սարգիս Մնոյան. Հաղորդում վարելու ցանկություն չունեմ. Life.panorama.am

Հաղորդավար Սարգիս Մնոյանը տևական ժամանակ է `չի երևում հեռուստաէկրաններին: Վերջին անգամ հեռուստադիտողը նրան տեսել է «Բարի ախորժակ» հաղորդաշարի շրջանակներում:

Life.panorama.am-ը  Սարգիսից հետաքրքրվել է` ինչով է այժմ զբաղված նա, և արդյոք հաղորդավարին էլի կտեսնենք էկրանից այն կողմ:

Նրա խոսքով` այժմ զբաղված է իր մշտական գործերով. արդեն 20 տարի է` կադրից դուրս գործունեություն է ծավալում, կատարում է պրոդյուսերական, սցենարային աշխատանքներ: «Այն, ինչ անում եմ, որևէ կապ չունի հայաստանյան շուկայի հետ, այն նախագծերը, որոնց վրա արդեն մոտ երկու տարի է աշխատում եմ, ռուսական շուկայի համար են` սցենարային աշխատանք, նախագծերի մշակում և այլն»,- պարզաբանեց Սարգիս Մնոյանը:

Մեր այն հարցին, թե նրան էլի կտեսնենք էկրանից այն կողմ `որպես հաղորդավար, վերջինս պատասխանեց, որ հնարավոր է, սակայն այս պահին ժամանակի խնդիր ունի: «Եթե հետաքրքիր նախագիծ լինի` մեծ հաճույքով կհամաձայնվեմ: Եղել են մի քանի առաջարկներ, որոնք ստիպված եմ եղել մերժել` տարբեր պատճառներով, առաջին հերթին` ստեղծագործական. ինձ չեն բավարարել առաջարկները, այն, թե ինչ և ինչպես պետք է իրականացվի տվյալ նախագիծը», - մեկնաբանեց Սարգիս Մնոյանը:

Նա առանձնացրեց մի քանի նախապայման` որպես հաղորդավար աշխատելու համար. պրոդուկտը պետք է լինի որակյալ, ֆորմատը` հետաքրքիր, աշխատանքն էլ շատ ժամանակ չխլի: «Եթե առաջին երեք պայմանները լինեն, ֆինանսի գործոնն արդեն կարևոր չի լինի. ես գումար վաստակելու համար հաղորդում վարելու ցանկություն չունեմ»,- ընդգծեց պրոդյուսերը:

Նա նաև նկատեց, որ հայաստանյան TV շուկայում լուրջ ճգնաժամ է հասունանում, ու եթե շուտափույթ դրա դեմը չառնվի, ապա այն շուտով իրականություն կդառնա:

«Ընդհանրապես, փոքր սպառողական շուկա ունեցող երկրներում չափազանց դժվար է որակյալ հեռուստատեսություն ունենալ, քանի որ վերջինս առաջին հերթին մեծ ծախս է պահանջում, հետո նոր` եկամուտ բերում: Լավ հեռուստատեսային պրոդուկտ ստանալու համար ծախս է հարկավոր, ինչը հայաստանյան պայմաններում դժվար իրականացող պայման է», - նշեց նա` հավելելով, որ կա մի ուրիշ շատ ավելի կարևոր բանի` նոր գաղափարի պակաս:

Սարգիս Մնոյանի խոսքով, մեր հեռուստաընկերություններում շատ տաղանդավոր մարդիկ են աշխատում, սակայն նրանք թվով քիչ են, իսկ սերնդափոխություն ոչ մի կերպ տեղի չի ունենում. «Նոր հաղորդավարներ, նոր սցենարիստներ, նոր պրոդյուսերներ, չկան, արդեն 10 տարի է` նոր անուն չենք լսել»,- նկատեց նա:

Life.panorama.am-ը Երգի պետական թատրոնի նախկին մեներգչից հետաքրքրվեց նաև` արդյոք նա երգարվեստում նոր քայլեր անելու մտադրություն չունի: Սարգիս Մնոյանը պատասխանեց, որ երգելն իր համար միայն հոբբի է. երկու տեսահոլովակ ունի, դրանք ուղղակի ցանկություններ էին, որոնք իրականացվեցին, իսկ այժմ ինքը նման մտադրություն չունի»,- գրում է Life.panorama.am-ը :

Սարգիս Մնոյան. Հաղորդում վարելու ցանկություն չունեմ. Life.panorama.am