.jpg)
Թուրքական լրատվամիջոցները փորձում են ջնջել Անիից հայկական հետքերը
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը փորձում է հայոց միջնադարյան մայրաքաղաք Անիի պատմության էջերից ջնջել հայկական ինքնության հետքերը: Այս մասին գրում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» կայքը: «Անադոլուի» նման գործելաոճը կայքը բնութագրում է որպես պատմական փաստերի կեղծման փորձ:
««Անադոլուն» գրել է, որ շուրջ 7 000-ամյա պատմություն ունեցող Անիի առաջին բնակիչները, իբր, եղել են սկյութական ծագում ունեցող թուրքերը (Saka Türkler), իսկ քաղաքի նշանավոր կոթողները մզկիթներն են: Սակայն սա փաստերի կոծկման առաջին դեպքը չէ,- գրում է «Դեմոկրատ հաբերը» և ավելացնում,- 2008 թվականին, երբ Թուրքիայի մշակույթի նախարարությունը ստեղծեց Անիի մասին պատմող ինտերնետային կայք, դրա բովանդակության մեջ ոչ մի անգամ չհիշատակվեց «հայ» բառը: Վեց տարի անց նույն հնարքը բանեցնում է նաև «Անադոլուն», որի նյութերում պատմում են բոլորի ու ամեն ինչի մասին, բացի հայերից: Հիշատակվում են բոլորը՝ սասանյանները, բյուզանդացիները, վրացիները, կարա-կոյունլուները, աք-կոյունլուները, օսմանցիները և ռուսները մասին, բայց ոչ` հայերը: Նույնիսկ Բագրատունյաց արքայատոհմի մասին պատմելիս չի նշվում հայերի մասին»:
Հիշեցնենք, որ Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա գտնվող Անին եղել է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկը: Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից: Քաղաքն ունեցել է զարգացման երեք շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։ Քաղաքի հայտնի է եղել «Հազարումի եկեղեցիների քաղաք» և «Արևելքի մարգարիտ» անվանումներով ևս: Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Անին բացառիկ դեր է կատարել ոչ միայն որպես երկրի քաղաքական ու հոգևոր կենտրոն` թագավորանիստ և կաթողիկոսանիստ, այլև քաղաքային կյանքի, տնտեսության, արհեստների ու առևտրի, մշակույթի և արվեստի զարգացման առաջնակարգ վայր: