«Դնեպրի ջրբաժանը» կամ հերթական «ճգնաժամը»
12/03/2014 20:34

«Դնեպրի ջրբաժանը» կամ հերթական «ճգնաժամը»

Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին հայաստանյան քաղաքական և հասարակական դաշտում չեն դադարում մեր իրականության` ոչ այդքան հեռու անցյալի հետ զուգահեռների անցկացման փորձերը: Ինչպես դիպուկ նկատել է մեր քաղաքագետներից մեկը, նույնիսկ մեր ԶԼՄ-ները, արտաքուստ գրելով Ուկրաինայի մասին, «իրականում գրում են Հայաստանի մասին», ինչը հանգեցնում է նրան, որ արտահայտվող մտքերի և տեսակետների մեծամասնությունը իրականության հետ, մեղմ ասած, որևէ աղերս չունի:

Ինչպես այս, այնպես էլ Ուկրաինայում գրանցված այլ «ճգնաժամների» ընթացքում անշեղ գծով ընթացող հիմնական երևույթներից ամենանշանակալին, թերևս, արևմուտքի և արևելքի միջև «ջրբաժանն» է` ընդ որում թե՛ բառի բուն և թե’ գաղափարական իմաստներով: Դնեպր գետը, կարծես, ուկրաինական երկու «աշխարհների» բաժանման գիծը լինի: Չքննարկելով ուկրաինական պետության արհեստականության, արդեն իսկ բազմաթիվ անգամ ծեծված թեզը, ամեն դեպքում հարկ է պարզել, թե որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը և ունի՞ պատմական հիմքեր,թե՞ ոչ:

Պատմությունն, ինչպես հայտնի է, եթե ոչ բոլոր, ապա մի շարք հարցերի պատասխանը տալիս է:

Եթե մի կողմ դնենք Կիևյան Ռուսիայի պատմությունը և այս միավորման տրոհումից հետո առաջացած իշխանությունների պատմությունը, ապա սկսած 14-րդ դարից, այսինքն՝ այն պահից, երբ ներկայիս Ուկրաինայի հողերի ճնշող մեծամասնությունը ընդգրկվեց Մեծ Լիտվական իշխանության կազմում, անշեղ գծով ի հայտ է գալիս մի հետաքրքիր իրողություն: Այստեղ ծագող ապստամբությունների ճնշման, հասարակական կյանքի կարգավորման գործում առկա` մեծ մասամբ այլազգի տիրակալները օգտագործում էին տեղի կազակերին, որոնք մեծ ոգևորությամբ անցնում էին «պետական ծառայության»: Գործընթացն այնքան խոր արմատներ է գցում, որ օտարազգիներին ծառայող կազակների համար երևան է գալիս առանձին տարբերանշան «Служивые», այն է՝ պետությանը ծառայող կազակներ: Եվ ամենակարևորը, որ գործի «հաջողության» համար «ընդունված» էր միմյանց դեմ օգտագործել Դնեպրի աջ ու ձախ կողմներում բնակվող «русин»-ներին (Արևմտյան պատմագրության մեջ ուկրաինացիներին այսպես էին անվանում) :

Լիտվական իշխանության առաջ քաշած այս քաղաքականությունը ոչ պակաս օգտագործում էր նաև Ռեչ Պոսպոլիտան, ինչն իր գագաթնակետին հասավ Բոգդան Խմելնիցկու գլխավորությամբ ապստամբության ճնշման ժամանակ: Լեհ հողատերերի` Մագնատների ապօրինությունների դեմ բարձրացած կազակների ապստամբությունը Պոսպոլիտան ճնշեց հենց կազակների միջոցով, քանի որ Խմելնիցկու դեմ գործող զորքերում ճնշող մեծամասնությունը հենց «Служивый»-ներն էին:

Նույն քաղաքականությունը «շարունակեցին» այստեղ հերթականությամբ իշխող Օսմանյան և Ավսրո-hունգարական և Ռուսական կայսրությունները:

Նշենք միայն, ու իրենց դաժանությանբ հայտնի և մի շարք ուկրաինական հողեր ընդգրկած Լեհական ապստամբությունների ճնշումը ցարական իշխանությունները իրականացրին հենց կազակների ձեռքով` «ըստ պատշաճի» օգտագործելով գետի տարբեր կողմերում ապրող կազակների հակասությունները:

Իհարկե, այս տարանջատման մեջ իր նշանակալի դերն ուներ նաև կրոնը, սակայն թե՛ ճնշող մեծամասնությամբ ուղղափառ արևելքի և թե՛ մեծ մասամբ կաթոլիկ Արևմուտքի կազակները, ըստ բազմաթիվ պատմական աղբյուրների վկայությունների, մշտապես ընդունում էին իրենց «միասնությունը»` միևնույն ժամանակ առիթը բաց չթողնելով պատերազմել միմյանց դեմ:

Այս հակասությունները հասան մինչև 20 դարի սկիզբ և կրկին վառ կերպով արտահայտվեցին Ռուսական կայսերության անկումից հետո ի հայտ եկած խառը շրջանում (Սկսած քաղաքացիական պատերազմներից, որոնք ավելի շատ հիշեցնում էին «բոլորը բոլորի դեմ պայքար», ավարտված լեհ-ուկրաինական պատերազմով, որտեղ Մարշալ Պիլուսցկու` տեղացիներից կազմված էսկադրոնները գրավում էին «հայերի Ուկրաինան»):

Այս բաժանումը «մնաց իր տեղում» նաև երկրորդ համաշխարհային պատերազմի տարին, երբ Արևմտյան Ուկրաինան նախ բռնակցվեց ԽՍՀՄ-ին, որից հետո երկրի խորհրդային իշխանությունները, կենտրոնի ցուցումով, սկսեցին «լեհական գործակալների» որոնումը: Իր հերթին գերմանական օկուպացիայի ընթացքում արդեն Արևելքի ազգայնականները ու գերմանական իշխանությունների հետ համագործակցող ուժերը դաժան հաշվեհարդար էին տեսնում տեղի խաղաղ բնակչության նկատմամբ, իսկ պատերազմից հետո արդեն միացյալ Ուկրաինայի խորհրդային իշխանությունն էր որս հայտարարել վերջիններիս նկատմամբ:

«Գործընթացը» շարունակեց նաև Ուկրաինայի նորագույն պատմության ընթացքում, և եթե այս հարցում երկու Լեոնիդների` Կրավչուկի և Կուչմայի՝ որոշ չափով տանելի և հավասարակշռված քաղաքականության արդյունքում հաջողվում էր խուսափել նոր «ճգնաժամից», ապա նրանց հաջորդած Յուշչենկոի և Յանուկովիչի կառավարման տարիները կարելի է համար «հին-նոր» հիմնախնդրի նոր փուլի մեկնարկի շրջան, ինչի տրամաբանական արդյունք են վերջին զարգացումները:

Այս ամենը ակամայից բերում է մի շարք ոչ այդքան լավատեսական եզրակացությունների: Նախևառաջ` նման «ճգնաժամները», ինչպես ցույց են տալիս պատմական անցքերը, օրինաչափություն են և պարբերաբար կրկնվել և, ամենայն հավանականությամբ, կրկնվելու են: Երկրորդ` եթե Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է խուսափել դրանից, արևմուտքի և արևելքի միջև հակասությանը պետք է ինչ-որ կերպ լուծում տրվի` լինի դա ընդհանուր պետության շրջանակներում, թե՛ երկրի բաժանման միջոցով: Եվ այս հարցում արտաքին ուժերը՝ թե՛ Արևմուտքը և թե՛ Ռուսաստանը, կարող են միայն արջի ծառայություն մատուցել:
 

«Դնեպրի ջրբաժանը» կամ հերթական «ճգնաժամը»