Տարածաշրջանային բլոգ. Վրացի զինծառայողները գործուղվում են Մալի
13/03/2014 19:34

Տարածաշրջանային բլոգ. Վրացի զինծառայողները գործուղվում են Մալի

Մի քանի շաբաթ առաջ Վրաստանի խորհրդարանը քվեարկեց վրացի զինծառայողներին Մալի գործուղելու ՊՆ առաջարկի օգտին,իսկ վերջինս արդեն կազմել է այն առաջին 150 զինվորների ցուցակը, ովքեր կմեկնեն նշված երկիր: Փաստորեն, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցելուց բացի, այժմ վրացական բանակի զինվորներն իրենց ծառայությունը կանցկացնեն նաև Կենտրոնական Աֆրիկայում իրականացվող ԵՄ առաքելության շրջանակներում:

Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը վերջին տարիներին բավականին ակտիվացել է և գրանցել լուրջ առաջընթաց, ինչն անշուշտ ձեռքբերում է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին: Այս հանգամանքը դրական են գնահատում հատկապես ամերիկացի պաշտոնյաները: Բոլորովին վերջերս պաշտոնական այցով ԱՄՆ գտնվող վարչապետ Ի. Ղարիբաշվիլին գովասանքի արժանացավ ինչպես պաշտոնական Վաշինգտոնի, այնպես էլ ամերիկացի փորձագետների կողմից՝ եվրաատլանտյան կուրսը անշեղորեն զարգացնելու համար:

Ավելին, ԱՄՆ 40-ից ավելի սենատորներ դիմել են պետքարտուղար Ջ. Քերիին, ապա նաև ՆԱՏՕ-ի խորհրդին գալիք գագաթնաժողովին Վրաստանին MAP (գործողությունների պլան) տրամադրելու կոչով: Կստանա Վրաստանը MAP-ը, թե՝ ոչ, դեռ հարց է, մեկ բան, սակայն, փաստ է, որ եվրաատլանտյան ինտեգրման բաղձալի նպատակին հասնելու համար Վրաստանը չափազանց թանկ է վճարում, ինչն իրենց մաշկի վրա են զգում առավելապես ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողույուններին մասնակից վրացի զինծառայողները: Այդ մասին են վկայում թվերը. Աֆղանստանում ծառայության 10 տարիների ընթացքում Վրաստանը կորցրել է Աֆղանստանում ծառայող 29 զինվոր, իսկ վիրավորների թիվն անցնում է հարյուրը:

Ի դեպ, 2004.թ-ից վերոնշյալ գործողություններին մասնակից վրացի զինծառայողների թիվը 50-ից հասել է 1600-ի, ինչն ինքնին նախադրյալ է նման մեծ թվով կորուստներ արձանագրելու համար: Աֆղանստանում ծառայություն իրականացնող զինծառայողների թվաքանակով Վրաստանն առաջինն է ՆԱՏՕ-ի գործընկեր ոչ անդամ երկրների շարքում: Այս հանգամանքն, իհարկե անտարբեր չի թողնում ՆԱՏՕ-ի ղեկավարությանը, ով միշտ իր գոհունակությունն է հայտնում պաշտոնական Թբիլիսիին: Սակայն արդյոք այդ դրական գնահատականը մխիթարանք կարող է լինել որդուն կորցրած վրացի մոր համար, որոնց թիվը գնալով աճում է:

Տարածաշրջանային բլոգ. Վրացի զինծառայողները գործուղվում են Մալի