.jpg)
«Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ն լռու՞մ է 880 հազար դրամ միջնորդավճարի մասին
ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի տնօրեն Արա Մեհրաբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ն վերցրել է չկայացած գործարքից ավելի քան 800 հազար դրամ միջնորդավճարը, սակայն այդ մասին չի բարձրաձայնվում:
«Նրանք նշում են 12 մլն ՀՀ դրամի մասին, սակայն մենք փոխանցել ենք 12 մլն 882 600 ՀՀ դրամ: Իրենք այն կնոջը, հնարավոր է, 12 մլն դրամ են փոխանցել, սակայն իրենց չկատարած ծառայության համար գանձել են 880 հազար դրամ, ինչը ևս փոքր գումար չէ»,- ասաց նա:
Ա. Մեհրաբյանի խոսքով՝ պայմանագրում որևէ բան նշված չի եղել այն մասին՝ արդյոք իրենք այդ գումարը որևէ մեկին պե՞տք է փոխանցեն և այլն, ինչը գալիս է օրենքի անկատարությունից:
«Մենք այդ գումարը տվել ենք իրենց, որ իրենք գնեն այդ տոմսերը, սակայն խաբվել ենք»,-ասաց նա:
«Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Աճեմյանը Aysor.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ թվերը մի փոքր այլ են, սակայն չհերքեց, որ իրենք գումար են գանձել գործարքից:
«Այո, մենք մեր ծառայության համար գումար ենք վերցրել, որը մեզ մոտ է: Մենք էլ ենք գիտակցում, որ գործարքը չի կայացել, սակայն դեռևս դատական պրոցես է ընթանում և սպասում ենք ավարտին»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք պայմանագրով նախատեսվա՞ծ էր այն, որ գումարը պետք է փոխանցվի երրորդ անձին, Տ. Աճեմյանը պատասխանեց.
«Պայմանագրով նման բան նախատեսված չէր: Այսինքն, այն ոչ նախատեսում էր նման բան, ոչ էլ արգելում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ր ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի տարաշաշ հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 25-ին՝ ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի սկզբին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղևորվելու 18 տոմս ձեռք բերելու համար, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում ավիատոմսերի վաճառքով զբաղվող Վիկտորյա Մ.-ին փոխանցել է մոտ 12.000.000 դրամ, սակայն վերջինս տոմսեր վաճառող ընկերությանը վճարել է 3.200.000 դրամը, իսկ մնացած գումարը` յուրացրել:
Փաստի առթիվ 26.11.2013 թ. Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Նախորդող հրապարակում՝ «Դպրոցականների տոմսերի» գործով ՍՊԸ-ն գույք չունի՞
Հայ դպրոցականներին կասկածելի տոմսեր տրամադրած կինը ձերբակալվել է
Հայ դպրոցականների տոմսերի գումարը չեն վերադարձնի` մինչև դատավճիռը