Հայաստանի վիճակագրության լույս ու ստվերը
13/03/2014 18:39

Հայաստանի վիճակագրության լույս ու ստվերը

Հայաստանի բնակչությունը. Հավկիթային թվաբանություն

1987 թ-ին Հայաստանի բնակչությունը մոտավորապես 3.5 մլն էր, հաշվարկել էին, որ 2000-ականներին Հայաստանի բնակչության թվաքանակը կհասնի մոտավորապես 4 մլն-ի:

Ըստ վիճակագրական վարչության տվյալների՝ 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3 017.4 հազ. մարդ, այդ թվում՝ քաղաքայինը`1 914.3 հազ. մարդ և գյուղականը` 1 103.1 հազ. մարդ, 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ, համապատասխանաբար՝ 3 026.9 հազ., 1 917.5 և 1 109.4 հազ. մարդու համեմատ:

Փորձենք հասկանալ, թե որքա՞ն է Հայաստանի իրական բնակչության թիվը:

Հայաստանում ամեն օր իրացվում է շուրջ 900 000 հատ ձու, յուրաքանչյուրին բաժին է ընկնում կես ձու, ըստ հավկիթային հաշվարկի, Հայաստանի բնակչությունը պետք է լինի 1 մլն 800 հազար, եթե հաշվենք, որ մոտավորապես 100 կամ 200 հազարը կա՛մ ձու չի ուտում, կա՛մ ձու չի սիրում. Կարելի է Հայաստանի բնակչությանը թիվը հաշվարկել 2 մլն մարդ. Սա իմիջիայլոց:

Նշենք, որ կենսաբանական նորմայով մարդուն անհրաժեշտ է օրական 0.68 ձու. Կես ձվից ավելին, յուրաքանչյուր անձի համար սննդում տարեկան հաշվարկվում է 251 հատ ձու:

Վիճակագիր Ռուբեն Եգանյանը գտնում է, որ Հայաստանի բնակչության թիվը պետք է փնտրել 3 մլն մարդու շրջակայքում:
Ըստ նրա՝ 80-ականներին Հայաստանում արձանագրվում էր 50-60 հազար տարեկան հավելաճ, իսկ այսօր 10-13 մարդու հավելաճ է գրանցվում և շուտով կսկսվի բնական վերարտադրության ապաբնակեցում:

Ռ. Եգանյանը նաև փոխանցեց, որ վերջին 20 տարում Հայաստանից դուրս է եկել 1 մլն 400 հազար մարդ:

Ծերացող բնակչություն

Հայաստանում 1990-ականներից հետո տարեցտարի ծնունդների նվազում է գրանցվում: Եթե 1990 թ-ին Հայաստանում ծնվել է 79 882 երեխա, ապա 2000 թ-ին ծնվել է ընդամենը 34 276: 2009թ-ից նկատվում է ծնունդների մի փոքր ավելացում` 44 413, 2010թ-ին` 44 825, 2011թ-ին` 43 340, 2012թ-ին` 42 480 և 2013թ-ին` 41 904:

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը նկատեց, որ ծնունդների նվազման հիմնական պատճառը մարդկանց վերարտադրողական վարքագծի փոփոխությունն է, քիչ երեխաներ ունենալու միտումը:

Արդյունքում՝ պտղաբերության ինդեքսը նվազեց 1,7-ի, ինչն այսօր չի ապահովում անգամ պարզ վերարտադրությունը: Քիչ թվով երեխաների ծնունդը ընտանիքում մեծապես պայմանավորված է սոցիալ-տնտեսական գործոններով, քիչ դեր չի խաղացել 90-ական թվականներից հետո ծնված բնակչության արդեն իսկ կրճատված թիվը, միգրացիան և այլն:

Հաջորդ խնդիրը, իհարկե, սելեկտիվ աբորտներն են. բնականոն է համարվում 100 աղջկա դիմաց 105-106 տղայի ծնունդը, սակայն այսօր պատկերը բոլորովին էլ նման չէ «բնականոնին»: Հայկական ընտանիքներում ոչ թե դեմ են աղջիկ երեխաներին, այլև անպայման տղա ժառանգորդ են ուզում:

Ինչո՞ւ այսպես

Անկախ Հայաստանի ձեռքբերումներից է իգական սեռի առավել ակտիվ ներգրավվածությունը բիզնեսում, կառավարման ոլորտում, ինչը ավելի շատ ժամանակ է խլում, քան օրական 8-ժամյա աշխատանքը:

Բացի դրանից, պակաս չի կարևորվում նաև սոցիալական վիճակը. Թեև առողջապահության նախարարությունը ծնելիության աճը խթանելու համար ծննդյան հավաստագիր է տրամադրվում հղիներին, նաև մինչև 7 տարեկան երեխաներին անվճար է բուժծառայություններ են մատուցում, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջին և երկրորդ երեխայի համար 50 հազար է միանվագ վճարում, այս տարվանից էլ արդեն երրորդ երեխային 1 մլն դրամ կտրամադրի, մասնագետները կարծում են, որ դա բավարար չէ երեխայի պահելու համար. ամսական որոշակի գումար է պետք, ինչպես հին ու բարի ժամանակներում` մինչև երեխայի չափահասությունը:

Կառավարությունը

Ինչպես գիտենք, միայն աշխատող մայրերին է պետությունը երկու տարի վճարում 18 հազար դրամ: Պարզվեց, որ չաշխատող մայրերի համար կառավարությունը գումար չունի: Առաջին և երկրորդ երեխայի ծնունդը կարևորելով` կառավարությունը միանվագ վճարվում է  50 հազար դրամ: Կարող ենք հավելել, որ վերջին տարիներին երկու երեխա ընտանքիներն ունենում են, այնպես որ կառավարության հույսը երկու երեխայի պարագայում ծնողների վրա է` կպահեն-կմեծացնեն, իսկ 3-ից հետո` արդեն միանվագ որոշակի աջակցություն` մեկ մլն դրամը: Թե որքանով է արդյունավետ միայն միանվագ աջակցությունը և երրորդ երեխային ավելի մեծ գումար միանվագ տալը` երևում է ազգային վիճակագրական ծառայության ներկայացված ծնելիության թվաքանակից. 2013 թ-ին ծնելիույթունը նախորդ տարիների համեմատ նվազել է:

Հետևություններ պետք է անել, որ կառավարության ծրագրերը չեն նպաստում ոչ ժողովրդագրական աճին և ոչ էլ ծնելիությանը. 

Փո՞ղ. Կա ոչ, կա ոչ

Հայկական բրենդի ձևավորման համար կառավարությունը տրամադրեց 62 մլն դրամ, 2013 թ-ի սեպտեմբերի 21-ը նշելու համար՝ 54 մլն դրամ, երկու կասկածելի բիոզուգարանի համար, որոնք այդպես էլ չեն աշխատում` տրամադրեց 120 հազար դոլար:

Զբոսաշրջությւոնը զարգացնելու համար, երկիրը գրավիչ դարձնելու համար, ամենտեսակ խորհրդատվությունների համար, երթևեկների, ընդունելությունների համար կառավարությունը փող ունի, սակայն մարդկային ռեսուրսի ավելացման ուղղությամբ ծախսվում է այնքան գումար, որը հակադարձ համեմատական է ծնելիության աճին:

Մեկ դիտարկում ևս. այն բոլոր ծրագրերը, որ կառավարությունն իրականացնում է ո՞ւմ են պետք, եթե երկրում մարդկանց թվաքանակը և ծնելիությունը նվազում է. կառավարությունը շեշտը դնում է ամեն ինչի վրա, բացի ամենակարևորի` մարդկային ռեսուրսի` թեև բոլոր ժամանակներում և ներկայումս էլ կարևորվում է մարդը որպես անփոխարինելի ռեսուրս:

Հայաստանի վիճակագրության լույս ու ստվերը