Սարգիս Գրիգորյան. Սերիալը վատ բան չի, վատ սերիալն է վատ բան
13/03/2014 18:17

Սարգիս Գրիգորյան. Սերիալը վատ բան չի, վատ սերիալն է վատ բան

Life.Panorama.am-ը զրուցել է դերասան Սարգիս Գրիգորյանի հետ:

-Վաղուց ձեզ չենք տեսնում եթերում, ի՞նչ նորություններ ունեք:

-Առանձնահատուկ նորություններ չունեմ: Ամեն ինչ նորմալ է, Փառք Աստծո, ապրում եմ իմ երկրում, փորձում եմ այստեղ արարել, Հայաստանից չեմ ուզում գնալ: Դեռ…Թեև բոլոր ընկերներս գնացել են արդեն: Ամեն ինչ կանեմ, որ մնամ իմ երկրում, իմ ընտանիքով երջանիկ լինեմ:

-Սարգիս, այսօր ինչո՞վ է պայմանավորված ձեր պասիվությունը հեռուստադաշտում:

-Նորություն չկա: Եթե ուշադիր եք եղել, հեռուստաաշխարհում պասիվ վիճակ է, ոչ մի տեղ նորություն չկա, ոչ-ոք չի ուզում ոչ մի բանի վրա գումար ծախսել: Կան մի քանի հաղորդումներ, որոնք «քարե դարից» են գալիս, սերիալները արդեն ձգձգվում ու շարունակ կրկնվում են… Նաև հիմա աշխատում եմ այնպես անել, որ ամեն մի ցածրարժեք, «ոտքի վրա» գրված բան չխաղամ:

-Այդպես կտրո՞ւկ եք որոշել հրաժարվել սերիալներից:

-Ոչ, ես չեմ հրաժարվել: Սերիալը վատ բան չի, վատ սերիալն է վատ բան: Լավ սերիալ կլինի, մեծ հաճույքով անպայման կխաղամ: Առաջարկներ եղել են, բայց խելքը գլխին ոչինչ չի եղել… Ես նույնիսկ կարոտում եմ հեռուստատեսությունը, ուղղակի ուզում եմ այլ բաներ փորձեմ, մինչև տեսնեմ, գուցե դաշտը կարգավորվի ու հասկանանք՝ ինչ է ընդհանրապես կատարվում հեռուստատեսությունում: Դեռևս հեռուստատեսությունների բռնած քաղաքականությունը չեմ հասկանում:

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ այսօր նոր սերիալներ քիչ են նկարահանվում: Ի դեպ, շատերը պատճառաբանում են, որ դերասանները բարձրացրել են գումարի սանդղակը:

-Եթե գտնում են, որ 2-3 հարյուր հազար դրամը մեծ գումար է դերասանի համար, ոչինչ չեմ կարող ասել: Ամբողջ աշխարհում ամենաթանկ վարձատրվող աշխատանքներից մեկը դերասանի մասնագիտությունն է: Աշխարհում պատգամավորից էլ շատ է ստանում դերասանը: Իսկ մեզ մոտ դերասանը երբեք էլ շատ չի ստացել, գուցե ոմանց աչքին դա շատ է թվացել, չգիտեմ… Իհարկե, կային դերասաններ, որոնք պարտավոր էին ավելի շատ ստանալ՝ միլիոն, միլիոն ու կես, բայց…

-Արդեն քանի տարի է հայկական սերիալներ են նկարահանվում, ինչո՞ւ առաջընթաց չկա այդ դաշտում:

-Միակ խնդիրը գումարն է… Որ սերիալում շատ գումար էին տալիս ու շատ պրոֆեսիոնալ դերասաններ էին բերում, հաջողված ու ստացված սերիալ էր դառնում: Նույնիսկ կարող եմ օրինակներով խոսել՝ «Կյանքի գինը», «Անծանոթը»… Որպեսզի սուբյեկտիվ չհնչի, «Կյանքի գինը» սերիալի առումով ասեմ. Ալեքսանդր Խաչատրյան, Սամվել Սարգսյան: Անուններ, մարդիկ, որոնք բավական էին, որպեսզի սերիալը կայացած, հաջողված ու ռեյտինգային համարվեր: Ես պարտավոր չեմ խաղալ մեկի հետ, ով որակ ու վարպետություն չունի ու նյարդերիս հաշվին պետք է նկարահանվեմ ամբողջ ընթացքում: Մի խոսքով՝ գումար կդնեն, լավ բան կստանան, գումար չեն դնի, կստանան ողորմելի, ճղճիմ, վատ սերիալներ:

-Իսկ այսօր թատրոնում զբաղվածություն ունե՞ք:

-Որևէ թատրոնում հաստատված չեմ, եթե հրավիրում են, ընդգրկվում եմ կոմերցիոն ներկայացումների մեջ: Խաղացել եմ Արմեն Էլբակյանի մոտ, Նարեկ Դուրյանի հետ եմ հիմա համագործակցում: Այժմ նաև բարեգործական ներկայացում ենք պատրաստում Արցախի հանդիսատեսի համար: Նաև ռադիոյում եմ ինչ-որ փորձեր անում…Թեև պարապությանս պատճառով այժմ տեղս չեմ գտնում, բայց չեմ մտածում, որ ամեն «հիմար» բանի մեջ պետք է նկարահանվեմ… Չկարծեք, թե ինձ «աստղ» եմ համարում, ասեմ ավելին՝ Հայաստանում ընդհանրապես «աստղեր» չկան: Պարզապես ինձ ցածր էլ չեմ դասում: Ավելի լավ է ուրիշ գործով, բիզնեսով զբաղվեմ, մինչև դաշտը կարգավորվի: Ինձ համար մարդկանց կարծիքը կարևոր է: Չեմ ցանկանա, որ նրանք ինձ գնահատեն ու ընդունեն այլ դերերով ու որակով, ու հանկարծ տեսնեն մի այնպիսի նախագծի շրջանակներում, որն ինձ թեև գումար, բայց պատիվ չի բերի: «Երկու կոպեկի» հետ ես մարդկանց սերը չեմ փոխի: Չեմ ուզում ինձ ասեն՝ լավ, էս ի՞նչ դառար…

-Արդյոք անկայուն աշխատանքով դժվար չէ ընտանիք պահել: Միգուցե որևէ այլ զբաղվածությո՞ւն ունեք:

Նարբե Պողոսյանի հետ միասին բացել ենք միջոցառումների կազմակերպման կենտրոն:Ունենք բավականին լուրջ թիմ, կազմակերպում ենք բավական հետաքրքիր միջոցառումներ: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է և մարդավայել ապրում եմ:

-Աշխարհում ընդունված կարգ է արդեն, որ համակրելի դերասաններին տեսնում ենք նաև հաղորդավարի աթոռին: Արդյոք նման առաջարկ չի եղել այս ընթացքում:

- Ես մի բնավորություն ունեմ, որը գուցե մեծամտություն թվա, բայց հավատացեք, դա այդպես չէ. չեմ սիրում որևէ մեկի դուռը թակել ու գործ խնդրել, երբեք նման բան չեմ արել: Շատ ընկերներ ունեմ, որոնց դիմելու դեպքում շատ հարցերում օգնություն կստանամ, բայց ես երբեք չեմ դիմում ու չեմ էլ դիմի… Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, իրենք իմ շնորքն էլ գիտեն, իմ տեսքն էլ գիտեն, իմ տեղն էլ գիտեն, շատերն էլ անձամբ ճանաչում են, եթե պետք լինեմ՝ կդիմեն: Ես էլ կմտածեմ, կխորհեմ ու կպատասխանեմ: Նաև մի կարևոր բան կա. ժողովուրդը չի սիրում այն մարդկանց, ովքեր անընդհատ եթերում են: Մի քիչ թող ինձ կարոտեն (ծիծաղելով)…Հիմա իմ հանգստանալը շատ օգուտ է ինձ, իմ անձնական կյանքին, իմ ընտանիքին ու առողջությանը…

-Ասացիք, որ ռադիոյում եք պատրաստվում աշխատել: Ո՞ր ռադիոյի և ի՞նչ նախագծի մասին է խոսքը:

Դեռ գաղտնիք է, որովհետև չեմ ցանկանում դա լուսաբանվի ժամանակից շուտ:  

Զրույցն ամբողջությամբ՝ այստեղ

Սարգիս Գրիգորյան. Սերիալը վատ բան չի, վատ սերիալն է վատ բան