Գրանդ փղիկը կտեղափոխվի Թբիլիսի
13/03/2014 20:40

Գրանդ փղիկը կտեղափոխվի Թբիլիսի

Հայտնի Գրանդ փղիկը Երևանի Կենդանաբանական այգուց կտեղափոխվի Թբիլիսի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը. 

«Թոբիաս Դորնբուշին շատերը կհիշեն դեռ նախորդ տարվա ամռանից, երբ նա այցելել էր Երևանի կենդանաբանական այգի՝ Գրանդ փղի խնամքն իրականացնելու, այգու աշխատակիցների հետ դասընթացներ անցկացնելու նպատակով:

Այսօր Թոբիասն այլ առաքելությամբ է հանդես գալիս և աշխատում է կենդանաբանական այգում որպես սմբակավորների բաժնի պատասխանատու: Շաբաթական աշխատելով 42 ժամ, ունենալով ընդամենը մեկ հանգստյան օր՝ երբեք չի դժգոհում, այլ մեծ սիրով ու եռանդով է կատարում իր առջև դրված բոլոր պարտականությունները:

Թոբիաս Դորնբուշն օրական երկու անգամ, երկու ժամ շարունակ աշխատում է Գրանդ փղի հետ: Շատ կարևոր և ճիշտ հարց է համարում փղի տեղափոխությունը Թբիլիսիի կենդանաբանական այգի և մատնանշում երեք հիմնական պատճառ. առաջին՝ փիղն այստեղ մենակ է, երկրորդ` սերունդ կտա, և երրորդ` վիրահատական միջամտության կենթարկվեն փղի ժանիքները:

«Թբիլիսիում փիղը մենակ չի լինի, հնարավորություն կունենա զուգընկեր ունենալու և անգամ սերունդ տալու: Ավելի ճիշտ կլինի, որ փղի ժանիքի վիրահատությունը կատարվի Թբիլիսիում, քանի որ այն պետք է կատարել փակ տարածքում: Թբիլիսիի կենդանաբանական այգում կան բոլոր պայմանները՝ վիրահատությունը բարեհաջող իրականացնելու»,- իր խոսքում նշում է Երևանի կենդանաբանական այգու սմբակավորների բաժնի պատասխանատու` Թոբիաս Դորնբուշը:

Երևանի կենդանաբանական այգին առանց փղի չի մնա: Թբիլիսիի կենդանաբանական այգուց նոր, Գրանդից 10 տարով երիտասարդ փիղ կբերվի: Դրանից հետո՝ ժամանակի ընթացքում, այգում կստեղծվեն առավել լավ պայմաններ: Այդ հանգամանքը ապագայում հնարավորություն կտա նոր փղի համար ընկերուհի բերելու»,- ասվում է Երևանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: 
 

Գրանդ փղիկը կտեղափոխվի Թբիլիսի