.jpg)
Հայաստանում Ուկրաինայի դեսպան. Մեզ ԱՊՀ-ի նման կառույց պե՞տք է
Ստեղծված կրիտիկական իրավիճակից հետո Ուկրաինան մի քանի անգամ առաջարկել է ԱՊՀ երկրների Արտաքին գործերի նախարարների նիստ անցկացնել Կիևում, բայց նիստը տեղի չի ունեցել, քանի որ նախարարները հայտարարել են՝ մենք զբաղված ենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ուկրաինայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու մասին լուրերին, ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան.
«Մենք նախ փոխեցինք նախատեսված նիստի օրը: Այն դարձյալ տեղի չունեցավ: Հետո առաջարկեցինք հանդիպումն անցկացնել երկրների փոխնախարարների մակարդակով: Հիմա այսքանից հետո ուզում եմ հարցնել՝ այդպիսի կառույց անհրաժե՞շտ է: Ասել, որ երկրի նախարարը զբաղված է նման հարցերի համար՝ կոռեկտ չէ»,- ասաց Կուխտան:
Հայաստանաում Ուկրաինայի դեսպանը չցանկացավ որևէ զուգահեռ անցկացնել Լեռնային Ղարաբաղի ու Ղրիմի միջև:
«Դա քաղաքագետների և փորձագետների գործն է»,- ասաց նա:
Իվան Կուխտան նշեց, որ Ղրիմում անցկացվելիք հանրաքվեն հակասահմանադրական է ու հակասում է միջազգային իրավունքին.
«Դրա մասին կա անգամ ԵԱՀԿ-ի դիրքորոշումը, ըստ որի՝ հանրաքվեն անօրինական է»,- ասաց Իվան Կուխտան:
Դեսպանն անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական հարաբերություններին՝ նշելով.
«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել: Պատրաստ ենք նաև Ղրիմին ավելի լայն ինքնավարություն տրամադրել: Բայց այս ամենն օրինական ճանապարհով և ոչ թե նման հանրաքվեով»,- ասաց Իվան Կուխտան:
Լրագրողները դեսպանից հետաքրքրվեցին՝ վերջիվերջո նա ո՞ր Ուկրաինան է ներկայացնում.
«Ուկրաինա պետությունը»,- պատասխանեց դեսպանը,- «Այն պետությունը, որի նախագահի պաշտոնակատարը Ալեքսանդր Տուրչինովն է ու որի կառավարությունն ընտրվել է սահմանադրական ճանապարհով»,- ավելացրեց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Տուրչինով. Կիևը չի պատրաստվում զորք մտցնել Ղրիմ
Ուկրաինան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրի մարտի վերջին