«Երևան Սիթիում» ժամկետանց տորթեր են վաճառվում
13/03/2014 21:30

«Երևան Սիթիում» ժամկետանց տորթեր են վաճառվում

Հիմա, եթե ես գրեմ Սամվել Ալեքսանյանի ու նրա «ՉՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» հանդիսացող «Երևան Սիթիի» մասին, շատերը կկարծեն, թե նա էլի ինչպես միշտ և ուրիշներին՝ ինձ նույնպես գումար է տվել, որ իր PR-ով զբաղվեմ, բայց ոչ, շտապեմ հիասթափեցնել այդօրինակ մտածողներին:

Երևի շատերն են լսել, որ ինչպես շատ խանութներում, այնպես էլ այդ մարկետում վերապիտակավորման գործընթաց է տեղի ունենում: Ինչպես շատերը, երևի ես էլ չէի ուզում դրան հավատալ, բայց ի զուր: Ասում են, մինչև սեփական աչքերով չես տեսնում, չես համոզվում:

Օրերս, մայրիկիս ծննդյան օրվա կապակցությամբ և մարտի 8-ի տոնին ընդառաջ՝ որոշեցի մեր ընտանիքի կանանց անակնկալ մատուցել: Ասեմ, որ այդ անակնկալն իրոք ստացվեց:

Եվ այսպես՝ մարտի 7-ի երեկոյան Բագրատունյաց փողոցի հիշյալ մարկետից սեփական ձեռքերով գնեցի 6900 դրամ արժողությամբ մի գեղեցիկ տորթ, որն արտաքինից շատ շքեղ էր, իսկ ներսից ամբողջությամբ փտած ու պատված էր բորբոսով:

Հիմա կկարծեք, թե ժամկետը հավանաբար չէի նկատել, բայց ոչ՝ պիտակի վրա գրված էր, թե տորթը հենց այդ օրն էին ստացել:
Փորձեցի կապվել տորթերը պատրաստող ընկերության հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ հիմունքներով են աշխատում, բայց տուփի վրա գրանցված հեռախոսահամարի սեփականատերը մեր համառ զանգերն այդպես էլ անպատասխան թողեց: Որոշեցի տորթը խանութին հետ վերադարձնել: Խանութի մենեջերը, կարծես անտեղյակ լինելով, նշեց, որ հավանաբար ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել, բայց երբ նկատեց, որ տուփի վրայից ժամկետի պիտակը ջնջված ու նորից էր փակցված՝ սկսեց ներողություն խնդրել ու տորթը հետ ընդունեց:

Մենք փորձեցինք նաև կապվել Սննդի անվտանգության պետական տեսչության ներկայացուցիչների հետ՝ համոզվելու համար, թե արդյոք այդ մարկետում վերահսկողություն իրականացվո՞ւմ է, բայց այստեղ նույնպես մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Իսկ պատմածիս իսկությունը հավաստում են մեր լուսանկարները:


 

«Երևան Սիթիում» ժամկետանց տորթեր են վաճառվում