Քաղտեխնոլոգ. Երբ Մոսկվան որոշի, այն ժամանակ էլ կփոխվի Հայաստանի վարչապետը
14/03/2014 20:45

Քաղտեխնոլոգ. Երբ Մոսկվան որոշի, այն ժամանակ էլ կփոխվի Հայաստանի վարչապետը

Aysor.am-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը: Քաղտեխնոլոգի հետ խոսել ենք չորս` «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» և Դաշնակցություն ոչ իշխանական ուժերի համատեղ աշխատանքի, կառավարության անվստահության, Հայաստանում երկկուսակցական համակարգի և այլ հարցերի մասին:

- Պարոն Բադալյան, չորս ոչ իշխանական ուժերը վերջին շրջանում համախմբված աշխատում են, ի՞նչ արդյունք կարող է տալ այդ աշխատանքը:

- Պետք է հասկանալ, որ սա մի քաղաքական ուժ չէ, այլ` տարբեր քաղաքական ուժեր են, որոնք, ճիշտ է, համագործակցում են այս կամ այն հարցի շուրջ, սակայն ունեն առանձին ճանապարհներ, նպատակներ: Կարևորն այն է, որ համագործակցության արդյունքում նրանք ցանկանում են ինչ-որ հարցի շուրջ արդյունքի հասնել, այս դեպքում կառավարության հրաժարականի հարցն է, որը բավարարում է չորս ուժերի շահերը:

Չորս ուժերից երկուսը` ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», պահանջում են նաև նախագահի հրաժարական, իսկ կոնկրետ ԲՀԿ-ն նախագահի հրաժարական այս պահին չի պահանջում, իսկ ՀՅԴ-ն կողմ է ամբողջ համակարգի փոփոխությանը, սակայն հնարավոր է նաև հասկանալ նախագահի հրաժարականը, բայց պետք չէ մոռանալ, որ հենց նույն նախագահի կողմից ՀՅԴ ղեկավար գործիչներից մեկը, որպես դեսպան, վերջերս գործուղվեց Եվրոպայի խոշոր երկրներից մեկը:

- Այսինքն` այս պահին չորս ուժերին համախմբում է միայն կառավարության փոփոխության հարցը:

- Կարող ենք ասել, որ այդ 4 ուժերը փորձում են իրենք կառուցել իրենց ապագան, բայց նրանք նույնը չեն, ունեն տարբեր շահեր, բայց համագործակցության արդյունքում փորձում են լուծել կոնկրետ հարց:

Մի բան կարող եմ ասել այս հարցի շուրջ, խորքային առումով, Հայաստանի իշխանության մակարդակն այնքան է իջել, որ Հայաստանում կառավարության կազմը, վարչապետին, կառավարության կողմից հատկապես չիրականացվող տնտեսական և քաղաքական ուղին փոխելու համար այսօր արդեն պետք է ունենալ ՌԴ նախագահի համաձայնությունը: Հարց է առաջանում` արդյոք Հայաստանի նման փոքր երկրում կարո՞ղ են չորս ոչ իշխանական ուժերը համաձայնության հասնել վարչապետին փոխելու հարցում, կարծում եմ, որ չեն կարող:

- Այդ դեպքում, եթե չեն կարող հասնել դրան, ինչո՞ւ են պահանջում:

- Կառավարության կողմից իրականացված սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի բավարարում այդ չորս ուժերին: Լինելով ոչ իշխանական ուժ` նրանք հասկանում են, որ պետք է պահաջել այս կառավարության հրաժարականը` փորձելով նոր ծրագրով, նոր կառավարության կազմով ինչ-որ բան անել: Նրանք իրականացնում են այն, ինչ պիտի իրականացնեն ու ինչ պիտի անի ընդդիմությունը:

Բայց նաև պետք է ասել, որ այդ չորս ուժերի հետևում կանգնած են բազմահազարանոց ընտրողներ, որոնց նույնպես չի բավարարում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, և նրանք նույնպես իրավունք ունենք կառավարության հրաժարականը պահանջելու: Եթե Ռուսաստանից չլինի «դոբրոն», ապա չորս ուժերը ոչնչի չեն հասնի:

- Պարոն Բադալյան, այնուամենայնիվ, եթե չորս ուժերին հաջողվի բարձրացնել այդ հարցը, մինևնույն է խորհրդարանական մեծամասնությունը թույլ չի տա, որպեսզի հարցն ընթացք ստանա:

- Ընդունենք, թե չորս ուժերը ներկայացնում են կառավարության ծրագիր, կազմ և կաուցվածք, եթե դա բերվի Ազգային ժողով, մեծամասնությունը բոլոր տարբերակներով կարող է խափանել հարցի քննարկումը, քվեարկությունը, և հարցը, միևնույն է, լուծում չի ստանա:

Իսկ թե Մոսկվան երբ կորոշի ՀՀ կառավարություն փոխել, դա արդեն Մոսկվայի որոշելիքն է: Կցանկանա վաղը փոխել վարչապետին, կկանչի գործող նախագահին և կասի փոխել վարչապետին, կցանկանա մի ամիս հետո փոխել, կփոխի մի ամիս հետո, կցանկանա 2017-18-թթ ընտրություններին փոխել, կփոխի այդ ժամանակ: Այլ կերպ ասած` նրանք են որոշում, իսկ ընդդիմությունն անում է այն, ինչ պետք է անի:

- Պարոն Բադալյան, հնարավո՞ր է` աշխատանքի արդյունքում չորս քաղաքակն ուժերը համախմբեն մեկի շուրջ և ստեղծվի մեկը, ու Հայաստանում լինի ամերիկյան երկկուսակցական համակարգ:

- Աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որտեղ գերիշխում է երկկուսակցական համակարգը: Դրա լավագույն օրինակն Ամերիկան է, որտեղ կա մոտ 350 կուսակցություն, սակայն հիմնականում գործում են Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ես չեմ կարծում, որ Հայաստանում կարող է լինի երկկուսակցական համակարգ: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն փորձում են համագործակցել այս կամ այն հարցի շուրջ, նրանք շատ տարբեր քաղաքական ուժեր են, և անհասկանալի է, թե ինչու, ասենք, ՀՅԴ-ն պետք է ինքնալուծարվի և միանա, ասենք, ԲՀԿ-ին, կամ նույնն անի ՀԱԿ-ը, կամ, ասենք, ԲՀԿ-ն ինքնալուծարվի և միանա «Ժառանգությանը»:

Մի բան պարզ է, որ եթե Ռուսաստանը որոշի` Հայաստանի վարչապետ պետք է լինի մի երրորդ անձ, որը կբացի նոր կուսակցություն, ապա առաջին հերթին հենց Հանրապետական կուսակցության անդամներն են վազելու այդ նոր կուսակցություն, և չի կայանա այդ երկկուսակացական համակարգը:

Առհասարակ, երկկուսակցական համակարգը կայացած է լինում այն երկրներում, որտեղ կա կայացած քաղաքական համակարգ, որտեղ կա տնտեսական համակարգ, որտեղ հասարակության 20-25 տոկոսը հետաքրքրված է քաղաքականությամբ և մտահոգվում է երկրի ապագայով: Իսկ Հայաստանն այսօր չկայացած պետություն է, իսկ չկայացած պետություններում կուսակցական վերջնական պատկերներ չեն ստեղծվում:

Նախորդող հրապարակումներ` Ծառուկյան-Իվանաշվիլի. Երկուսն էլ հայրենասեր մարդիկ են. Լյուդմիլա Սարգսյան

Շարմազանովը` ԱԺ քառօրյայի, հանձնաժողովների, ԲՀԿ-ի և Ր. Հովհաննիսյանի մասին

Քաղտեխնոլոգ. Երբ Մոսկվան որոշի, այն ժամանակ էլ կփոխվի Հայաստանի վարչապետը