Ոստիկանապետ. Մարզային այցելությունները շարունակական են լինելու
14/03/2014 19:40

Ոստիկանապետ. Մարզային այցելությունները շարունակական են լինելու

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարտի 13-ին Սյունիքի մարզում է եղել: Ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել իրավապահների աշխատանքը, միևնույն ժամանակ պահանջելով խորացնել բարեփոխումների գործընթացը, լիարժեք կատարել հանրության առաջատարի դերը, որը ոստիկանությանը վերապահված է իր առաքելությամբ:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկան անցյալում է և այլևս չի հանդուրժվելու, իսկ հանցագործությունների բացահայտման գործում առաջնայինը ոստիկանի պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների, հմտության ամենօրյա կատարելագործումն է:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ է տվել հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի որակը բարելավելու ուղղությումբ՝ նկատի ունենալով, որ այդ ստորաբաժանումները շփման ամենամեծ մակերեսն ունեն հանրության հետ, և առաջին հերթին նրանց գործունեությամբ է պայմանավորված հանրության վերաբերմունքը ոստիկանության հանդեպ:

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը նշել է, որ այցելությունները մարզային ստորաբաժանումներ լինելու են պարբերական՝ ակնկալելով գործնական արդյունքներ:

Կարևորելով Սյունիքի մարզի նշանակությունը հանրապետության համար, Վլադիմիր Գասպարյանը մարզպետարանում մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը նրանց հորդորել է անզիջում լինել արատավոր երևույթների հանդեպ, սերտորեն գործակցել ոստիկանության հետ՝ իրենց օրենքից վեր դասողների, թմրամիջոցների անօրինական շրջանառության, բռնությունների, զենքի կիրառման և այլ հանցավոր դրսևորումների դեմ պայքարում: 

Ոստիկանապետ. Մարզային այցելությունները շարունակական են լինելու