Գևորգ Շադոյան. Երկու հովանավոր ունեմ՝ Աստված և իմ բազուկները
15/03/2014 16:02

Գևորգ Շադոյան. Երկու հովանավոր ունեմ՝ Աստված և իմ բազուկները

20-ից ավելի հավաքածուների հեղինակ, հալեպահայ դիզայներ Գևորգ Շադոյանը, ով ժամանակակից ու հին հայկական տարազի տարրերի զուգակցմամբ հագուստներ է ներկայացնում աշխարհի ամենատարբեր երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Մոսկվայում, Հոնգկոնգում, Ուկրաինայում, 2002-ից ցուցադրություններ է կազմակերպում նաև հայրենիքում:

Life.panorama.am-ը զրուցել է Գևորգ Շադոյանի հետ հայկական նորաձևության արդյունաբերության զարգացման տենդենցների, ոլորտում առկա բացթողումների, աջակիցներ գտնելու անհրաժեշտության մասին:

-Հայկական նորաձևության արդյունաբերությունը զարգացման ի՞նչ փուլում է. այս ճանապարհին ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ ունենք:

-Արդյունաբերության զարգացումը շատ դանդաղ է առաջ գնում, նույնիսկ դեռ չենք կարող ասել, որ զարգացման ուղին ենք բռնել: Սա ես հիմնականում պայմանավորում եմ այն հանգամանքով, որ հայ դիզայներները չեն համախմբվում, առանձին են գործում, միմյանց հետ կոմունիկացիայի մեջ չեն, նույնիսկ իրար չեն ճանաչում:

-Միգուցե, եթե Հայաստանում գործեր նորաձևության ասոցիացիա, պատկերն այլ լիներ:

-Այո, հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ բազմիցս նշել եմ, որ մեզ անհրաժեշտ է այդ ասոցիացիան, որը կնպաստեր, որ հայ դիզայներները համատեղ զարգացնեին հայկական նորաձևության ոլորտը, այդ կառույցը կմիավորեր հայ դիզայներներին, նրանք կծանոթանային կոլեգաների աշխատանքներին, կնպաստեր, որ դիզայներները, նախքան ինչ-որ աշխատանքեր անելը, կրթվեին, այսպիսով, նրանք ձեռք կբերեին մասնագիտական որակ: Օրինակ՝ Ուկրաինայում այդ ասոցիացիան մինչ որևէ դիզայների հավաքածուի ցուցադրությունը նախ աչքի է անցկացնում այն, նոր միայն որոշվում է՝ արժե այն ցուցադրել, թե ոչ: Կուզենայի, որ Հայաստանում էլ նույն կերպ լիներ:

-Հայաստանը, լինելով այսքան փոքր երկիր, ներկրում է համաշխարհային բրենդների ամենատարբեր հագուստներ. արդյոք այս հանգամանքը չի՞ խոչընդոտում տեղական արտադրանք ունենալուն ու դրա իրացմանը:

-Իհարկե խոչընդոտում է: Ես մի առիթով նշել եմ, որ Հայաստանում չեմ տեսնում միջին խավի այն հաճախորդին, որն ունակ է դիզայներների աշխատանքներից օգտվել: Այսօր մարդիկ, ովքեր հազիվ են գոյատևում իրենց աշխատավարձով, նշանդրեքի հագուստ կարելու համար դիզայներին չեն դիմի, այլ կգնան ու կգնեն չինական, թուրքական անորակ հագուստներ, իսկ ավելի հարուստ մասսան կարող է 3000 դոլար տալ ու գնել Armani, բայց 1000 դոլար չտալ՝ Shadoyan գնելու համար: Այսօր ամեն քայլափոխի բրենդային խանութ ենք տեսնում, ինչը շատ է Հայաստանի համար, այնուամենայնիվ, պետք է նկատել նաև, որ այդ բրենդների ապրանքների ներկրումը նպաստում է մեր բնակիչների ճաշակի ձևավորմանը:

 

-Վերջերս ձեր գործընկերներից մեկը՝ Ֆաինա Հարությունյանը, Հայաստանում բացեց իր բրենդային բուտիկը, , դուք չե՞ք պատրաստվում ձեր բուտիկը բացել, դրա համար ի՞նչ է պետք:

-Նման մտադրություն ունեմ, սակայն դա այն դեպքում, երբ որոշեմ մնալ: Բայց դրա համար ինձ գործընկերոջ աջակցություն է պետք: Կա, օրինակ, տարածքի խնդիր, որը ծախսեր է պահանջում: Պետք է գտնել մեկին, ով կկարողանա ֆինանսապես աջակցել քեզ: Ասեմ, որ Սիրիայում ես արդեն այդ ճանապարհին էի, բայց այստեղ միայն իմ աշխատանքով դժվար կարողանամ կենտրոնական տեղում բուտիկ բացել, նաև վստահ չեմ, որ այնքան հաճախորդ կունենամ, որ կկարողանամ բուտիկը պահել:

-Բազում ցուցադրություններ եք ունեցել արտերկրում, դրա համար համապատասխան ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ. հովանավորներ ունե՞ք, ինչպե՞ս եք հոգում այդ ծախսերը:

-Երկու հովանավոր ունեմ՝ Աստված և իմ բազուկները: Իսկ ծախսերը կարողանում եմ հոգալ, օրինակ, մասնավոր պատվերների միջոցով, որոնք ստանում եմ արտասահմանից, որոշ չափով վաստակում եմ նաև դասավանդելու միջոցով:

-Ամենատարբեր երկրներում ներկայացնում եք հայկական տարազները, զարդանախշերը. արտերկրում ձեր աշխատանքներից ամենաշատը որո՞նք են ընդունվել և վաճառվել:

-Ասեմ, որ արտերկրում այդ աշխատանքներս շատ ջերմ ընդունելության են արժանանում: Վերջին անգամ, օրինակ, Ուկրաինայում էի, որտեղ որպես ստորագրություն ներկայացրի հայկական տարազներ, այդ թվում՝ կանացի և երեխաների համար նախատեսված, որոնցից մի քանիսը գնեցին: Իմ աշխատանքներից ամենաշատը սպառվում են հայկական ուղղվածության աքսեսուարները՝ վզնոցները, ինչպես նաև՝ պայուսակները: Իսկ վերջերս էլ Ուկրաինայում բնակվող հայ ընտանիքներից մեկի համար կնունքի հանդեձանք եմ պատրաստել:

- Դուք մասնագիտացած եք հիմնականում հարսանեկան հագուստների արտադրության մեջ, իսկ դրանք Հայաստանում շատ թանկ արժեն, տեղական արտադրության մատչելի հարսանեկան զգեստների կարիք կա. միգուցե դու՞ք այդ բացը լրացնեք:

-Բացի այն, որ մեր սրահներում առաջարկվող հարսանեկան զգեստները թանկ են, նաև մեծ մասամբ շատ անճաշակ են, մասնավորապես՝ նախշերի մասով: Եթե Հայաստանում գործեր նորաձևության ոլորտը կարգավորող ասոցիացիա, շատ սրահներ ուղղակի կփակվեին: Ես իմ ամեն հավաքածուի մեջ 1-2 հատ հարսանեկան զգեստ ունեմ, բայց այդ շուկա նոր եմ մուտք գործում, առայժմ ոչինչ ասել չեմ կարող:

-Երևանը կարո՞ղ է որպես նորաձևության քաղաք համեմատվել իր հարևան երկրների մայրաքաղաքների հետ:

-Հարևան երկրներից ծանոթ եմ Վրաստանի նորաձևությանը, ասեմ, որ եթե նախկինում Թբիլիսին ոչ մի կապ չուներ նորաձևության հետ, ապա այժմ պատկերը շատ է փոխվել: Մի առիթով այնտեղ ցուցադրության էի և ուղղակի հիացած էի: Դե, Թուրքիան, բնականաբար, շատ ուժեղ է այս ոլորտում, իդեպ,ես այնտեղ 4-5 անգամ ցուցադրություն եմ ունեցել ու բեմերը լցրել եմ հայկական եռագույն դրոշի գույներով, Ադրբեջանի շուկային շատ ծանոթ չեմ. մեկ-երկու դիզայներների աշխատանքներ եմ տեսել, հավանել եմ: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Գևորգ Շադոյան. Երկու հովանավոր ունեմ՝ Աստված և իմ բազուկները