Նունե Եսայան. Երգիչներ շատ կան, քիչ են երգով փող աշխատող երգիչները
15/03/2014 17:34

Նունե Եսայան. Երգիչներ շատ կան, քիչ են երգով փող աշխատող երգիչները

Ասում են՝ արվեստի մարդիկ չեն կարողանում մեկտեղել բոլորը մեկում. կամ բեմն է նրանց «գողանում», կամ՝ ընտանիքը:

Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանն է, ով ունի գեղեցիկ ընտանիք և կայացած է թե բեմում, թե կյանքում:

 

-Նունե, ի՞նչ նորություններ եք պատրաստում ձեր երկրպագուների համար:

-Այժմ երգեր եմ ձայնագրում, երեք տարբեր ոճերի երգերի վրա եմ աշխատում:

-Դուք հանդես եք գալիս և՛ ժողովրդական, և՛ էստրադային ժանրում: Ձեզ ավելի շատ ո՞րն է հոգեհարազատ:

-Առաջնայինը ժողովրդականն է:

-Ավո Խալաթյանի հետ նոր մի գեղեցիկ դուետ չե՞ք ուզում պատրաստել:

-Յուրաքանչյուրս մեր բնագավառում ենք գործունեություն ծավալում: Չգիտեմ, գուցե մի օր նման համագործակցություն լինի… Բայց Ավոն իրեն հեռու է պահում երգելուց: Ճիշտ է, շատ սիրում է երգել և շատ լավ էլ երգում է, բայց նախընտրում է իր մասնագիտությունը, թատրոնի բեմը: Այնպես որ, եթե երբևէ նման դուետ լինի, իմացեք, որ նախաձեռնողը ես եմ եղել: Ես պետք է իրեն համոզեմ, որ գա ստուդիա՝ ձայնագրման (ծիծաղում է):

-Շոու բիզնես ասվածը ամբողջ աշխարհում կարծեք թե իր բուն նպատակին է ծառայում: Մեզ մոտ ասում են՝ «Անունը կա, ամանումը չկա». համաձայն ե՞ք:

-Երգիչներ շատ-շատ կան, բայց քիչ կան լավ երգեր և երգով փող աշխատող երգիչներ… Շոու բիզնես ասվածն իրենից ենթադրում է բիզնես և շոու: Մի քիչ անճաշակ, մի քիչ ճաշակով շոուն հիմնականում կա, իսկ բիզնեսը գրեթե բացակայում է:

-Դուք այն արտիստների թվում եք, ովքեր դեռ տարիներ առաջ արժանացել են վաստակավոր արտիստի կոչմանը: Կոչումները, մրցանակները ի՞նչ են տալիս արտիստին՝ ճանաչո՞ւմ, հաջողություններ, թե՞ դա զուտ գնահատանքի դրսևորում է:

-Մրցույթներն ու մրցանակները շատ երգիչների համար գուցե նկատվելու հնարավորություն են: Բնականաբար, երբ շատ երիտասարդ էի, ինձ էլ էին ուրախացնում այդ մրցանակները: Բայց հիմա տարբեր աստիճանի հորինված մրցույթները գրեթե ոչինչ չեն տալիս … Իսկ վաստակավորի կոչումը գնահատանքի նշան է կառավարության կողմից, որն, իհարկե, կարևոր է, ինչպես ժողովրդի ծափերը:

-Գուցե հարցս տարօրինակ թվա, բայց հետաքրքիր է, երբևիցե առաջարկ չե՞ք ստացել նկարահանվել որևէ ֆիլմում: Այժմ սիրում են չէ՞ ֆիլմերում դերասանների փոխարեն երբեմն նկարահանել գեղեցիկ արտաքինով երգիչ, հաղորդավարների:

-Ոչ, չեմ ունեցել ու չեմ էլ կարծում, որ կհամաձայնեմ նման առաջարկին: Չեմ կարծում, որ կխաղամ ավելի լավ, քան երգում եմ: Ամեն մարդ իր մասնագիտական ոլորտն ունի:

-Ասում են՝ արտիստների համար կյանքը մի քիչ բարդ է այն առումով, որ չեն կարող հանգիստ շրջել քաղաքում, զբոսնել, որևէ սրճարանում կամ ռեստորանում ընթրել…

-Ես նման կոմպլեքսներ չունեմ, մենք միշտ գնում ենք զբոսանքի, նստում ենք սրճարանում կամ ռեստորանում, շատ հանգիստ գնում եմ խանութ՝ գնումների: Ընդհակառակը, ես ինձ լավ եմ զգում իմ քաղաքացիների միջավայրում, մանավանդ որ ինձ լավ են վերաբերում, հարգալից են և երբեք նեղություն չեն տալիս: Մոտենալու դեպքում գեղեցիկ ու շոյող խոսքեր են ասում, ինչը շատ հաճելի է:

-Նունե, տարածված կարծիք է, որ արվեստագետների ընտանիքները հաշտ ու երկարակյաց չեն լինում: Դուք, կարծեք թե, այդ կարծիքը հերքում եք…Ըստ ձեզ, ընտանիքի ամրությունը ինչո՞վ է պայմանավորված:

-Ես համաձայն չեմ, որ արվեստագետների ընտանիքները ներդաշնակ չեն լինում: Մենք շատ դերասանների, երգիչների ընտանիքներ ունենք, որոնք երջանիկ են ու հաշտ…Ես և Ավոն նույնպես միմյանց լրացնում ենք, խորհուրդներով կիսվում, աջակցում ու թիկունք լինում:

-Բնականաբար, տարաձայնություններ լինում են, ինչպես բոլոր ընտանիքներում: Ավելի շատ ո՞ր առումով եք անհամաձայնություններ ունենում:

-Մենք գրեթե տարաձայնություններ չենք ունենում, միմյանց միշտ շատ լավ ենք հասկացել: Երբեմն լինում էին անհամաձայնություններ՝ կապված հագուստի, ուտելիքի, ճաշակի հետ, բայց հիմա դա էլ է դուրս մղվել մեր կենցաղից: Արդեն իրար շատ լավ զգում ենք ու գիտենք…

-Ձեր որդին վեց ու կես տարեկան է: Իր մեջ արդեն իսկ բեմական ունակություններ, ձգտումներ նկատո՞ւմ եք:

-Նախ ասեմ, որ շատ լավ նկարում է, իր պապիկը նկարիչ է: Նաև երգում է, սիրում է արտիստիկ լինել: Երբ մեծանա, ինքը կորոշի իր ճանապարհը: Եթե նկատենք, որ ինչ որ ուղղությամբ առավել է զարգանում, չենք խոչընդոտի: Բայց նաև չենք ստիպի մեր ճանապարհը ընտրել:

:

 

-Դաստիարակության հարցում շա՞տ խիստ եք:

-Բնականաբար շա՜տ սիրված բալիկ է մեր կողմից, բայց լինում են պահեր, երբ խիստ պատժում ենք:

-Չար աչքին հավատո՞ւմ եք:

-Չար աչքին՝ ոչ, բայց Էներգիային հավատում եմ: Բայց շատ ուշադրություն չեմ դարձնում: Ես ապրում եմ իմ հավատքով, Աստծով, և գիտեմ, որ Աստված ամեն ինչից պաշտպանում է:

-Նունե, կանանց գեղեցիկ տոնն արդեն սկսվել է: Ինչպե՞ս եք անցկացրել մարտի 8-ը:

-Այդ օրը տիկին Ռիտա Սարգսյանը բոլոր հայտնի կանանց հրավիրել էր Օպերայի դահլիճ՝ համերգի, որտեղ երգում էին միայն տղամարդիկ: Ես նույնպես այնտեղ էի, երգում էր նաև Ավոն: Այնպես որ այնտեղ ենք անցկացրել երեկոն: Շատ գեղեցիկ համերգ էր:

-Սիրո՞ւմ եք անակնկալներ:

-Իհարկե, ինչո՞ւ ոչ:

-Իսկ նման տոներին ձեզ համար անակնկալներ լինո՞ւմ են Ավո Խալաթյանի կողմից:

-Տոները կապ չունեն, նա միշտ էլ անսպասելիորեն, սովորական մի օր կարող է անակնկալ մատուցել: Շատ անկանխատեսելի և հումորով է: Տարբեր առիթներով շատ է ուրախացնում մեզ:

-Խնջույքներ սիրո՞ւմ եք:

-Ճիշտն ասած և ես, և Ավոն շատ մարդկանց միջավայրում գտնվել, աղմուկի մեջ լինել՝ չենք սիրում:

-Շատերը նախընտրում են իրենց ընտանեկան տոներն (ծնունդ, կնունք…) անցկացնել ռեստորաններում, ակումբներում: Դուք նախընտրում եք տա՞նը անցկացնել:

-Երբ առիթները մեզ հետ են կապված՝ այո, նախըտրում ենք փոքրիկ հավաքույթներ, ոչ թե խնջույք ու մեծ ու աղմկոտ միջավայր:

-Կանայք երբեմն դժգոհում են իրենց բաժին հասած երջանկության չափաբաժնից: Ըստ ձեզ՝ երջանկության գաղտնիքը ո՞րն է:

-Քո իսկ բնավորությունը: Ամեն մարդ պետք է այնպես անի, որ իր շրջապատի մարդիկ՝ զուգընկեր, գործընկեր, հարազատ, երջանիկ լինեն : Երջանիկ կամ լինում են, կամ չեն լինում: Չես կարող ասել՝ տանը երջանիկ եմ, աշխատավայրում ՝ոչ, կամ՝ հակառակը: Պետք է ամեն տեղ քո բնավորությամբ այնպես անես, որ մարդիկ ժպտան ու երջանիկ լինեն, խաղաղ լինեն ու ամեն ինչ հանդարտ լինի: Եվ որ ամենակարևորն է՝ ՍԵՐ պետք է լինի ամեն ինչի նկատմամբ: Այս ամբողջը միասին կբերի երջանկություն:

-Շատերն ասում են, որ սերը ամուսնությունից 3 տարի անց կամ վերափոխվում, կամ մարում է:

-Չեմ կարծում: Սերը անընդհատ կա, պարզապես կարող է պոռթկուն կամ հանդարտ դրսևորում ունենալ: Երբ մարդը զգում է, որ ինչ-որ բան իրեն խանգարում է և սկսում է կասկածել իր սիրո մեջ, մի պահ թող մտածի, որ կողակիցն այլև չկա, իր կողքին չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում: Եթե զգաս, որ առանց նրա հինգ րոպե էլ չես կարող, արդեն խեղդվում ես, նշանակում է՝ սիրում ես: 

Հարցազրույցի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Նունե Եսայան. Երգիչներ շատ կան, քիչ են երգով փող աշխատող երգիչները