.jpg)
Մաքսային միություն ձգտող մարդիկ ԿԳԲ-ի գործակալ են. Պարույր Հայրիկյան
Հայաստանը տարածաշրջանում ոչ միայն դերակատարություն չունի, այլև ստանձնել է բացասական ինքնակործան դերակատարությունը: Հայ ժողովրդի քաղաքական ապագան կործանվում է անկախ Հայաստանի իշխանավորների անիրազեկության և ծախվածության պատճառով: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Որպես պետություն կայանալու համար` Հայաստանը, Պ. Հայրիկյանի խոսքով, պիտի նախ հրաժարվի այն ամենից, ինչ նախորդել էր իր անկախության կորստին:
ԱԻՄ առաջնորդն ասաց, որ Հայաստանի քաղաքացիների 60 տոկոսը կողմ է Եվրամիության հետ հարաբերություններին, միայն «բթացած» քառասուն տոկոսն է դեմ առայժմ:
«Մաքսային միությունը ռուսական շովինիզմի հավակնությունն է, սակայն Եվրոպան ևս իրեն ստոր պահեց, նա պիտի սեպտեմբերի 3-ից հետո ասեր, թե ինչ ես ասել մեզ չի հետաքրքրում, ոչինչ չես ստորագրել, արի, մեզ հետ պայմանավորվածություններդ կատարիր: Իսկ Մաքսային միություն ձգտող մարդիկ ԿԳԲ-ի գործակալ են ու ռուսական հարճեր: Այդ ծախուները այս ազգի համար ի՞նչ պիտի անեն»,- ասաց Հայրիկյանը:
Անդրադառնալով ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի համատեղ աշխատանքին` Պ. Հայրիկյանն ասաց, որ համագործակցությունից առաջ պիտի այդ ուժերն իրենց կանոնադրություններում հստակ նշեն իրենց նպատակները:
«Այդ կուսակցություններից որո՞նք են Մաքսային միությանը դեմ, Պուտինի քաղաքականությանը դեմ, ես էլ կասեմ, որ այդ մարդկանց հետ կարելի է լուրջ ճանապարհ գնալ: Եթե այդ լուրջ ճանապարհը հանում ենք և մնում է Տիգրան Սարգսյանին մեկ քայլով փոխարինելու բարձր գաղափարը, այդտեղ մենք անելիք չունենք»,- եզրափակեց խոսքը Պ. Հայրիկյանը: