.jpg)
Զառա Արամյան. Թատրոնի դերասանները պաթետիկ են, հին դպրոցն է խոսում
Թեև մասնագիտությունը մարդու մոտ բնավորություն է ձևավորում, սակայն կան մարդիկ, ովքեր այնքան էլ չեն տարբերվում կյանքում ու աշխատանքում:
«Համով զրույցի» համով հաղորդավարուհի Զառա Արամյանը ինչպես էկրանին, այնպես էլ տանը, շրջապատում ու առօրյայում ժպտերես է, անկեղծ ու մարդամոտ:
Life.Panorama.am-ի այսօրվա համով զրուցակիցը մեզ հետ կիսվեց իր գործնական, անձնական ու ընտանեկան գաղտնիքներով…

-Զառա, նախ կասե՞ք՝ այժմ ինչ զբաղվածություն ունեք, բացի «Համով զրույցից» ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Զբաղվածությունս շատ-շատ է: Իհարկե, առաջին հերթին զբաղված եմ երեխաներիս խնամքով, իրենց դասերով, սպորտով, պարով…Նաև առաջատար բուհերից մեկի ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասախոսում եմ:
-Ինչո՞ւ ձեզ ֆիլմերում չենք տեսնում:
-Ճիշտն ասած՝ մեծ երջանկությամբ խաղացի, ըստ իս, մի շատ հետաքրքիր ու հուզիչ ֆիլմում, որի պրեմիերան նախատեսվում է 2015 թվականին:
-Ինչի՞ մասին է ֆիլմը: ի՞նչ կերպար եք ներկայացնում:
-Պատերազմի մասին է, 1992 թիվ…Ես էլ թալանով, չեկով հացի վաճառողուհի Զաբելն եմ… Ընդհանրապես, հրավերներ շատ են լինում, բայց, ավաղ, հիմնականում նույն տեսակի կերպարներ են: Չկան ինձ հետաքրքրող կերպարներ, դրա պատճառով էլ հրաժարվում եմ: Սպասում եմ, երևի հետաքրքիր մի բան կլինի…
-Ձեր հաղորդումն արդեն 20 տարվա կյանք ունի, ո՞րն է այդ երկարակեցության գաղտնիքը:
-Հետաքրքիր հյուրեր եմ ունենում, որոնց միշտը փորձում եմ «զգալ» ու ճիշտ հասկանալ: Կան մարդիկ, որոնց մինչ այդ չէի համակրում, սակայն հաղորդման շրջանակներում շփվելուց, հանդիպումից հետո դառնում ենք ընկերներ… Չգիտեմ, երևի անկեղծության, առանց ստի, շինծու սկանդալներ ստեղծելու, ավելի մարդասիրական ու բարի տրամադրության շնորհիվ է, որ երկարակյաց է:
-Այս ընթացքում կ՞ա ուտեստ, որին ծանոթացել եք հաղորդման շրջանակներում և այնքան եք հավանել, որ դարձրել եք ձեր ճաշացանկի բաղադրիչ:
-Այո, և ասեմ, այդ ուտեստներն ինձ համար ավելի թանկ ու համեղ են, քանի որ ինձ համար սիրելի մարդկանց պատրաստածն են: Բայց կա մի բաղադրատոմս, որով միշտ ու մեծ սիրով պատրաստում եմ: Իսկապես, շատ համեղ է…Վերցնում ենք մի քանի շերտ լավաշ, մեջտեղները բարակ շերտով քսում ենք հավկիթի մեջ մանրացրած ու պատառաքաղով խփած պանիր, (ի դեպ, կարող ենք խառնել նաև բաստուրմա, սուջուխ կամ երշիկի կտորներ), այնուհետև այդ ինքնաշեն լավաշով բուրգը դնում ենք շիկացած ջեռոցում երկու կողմից 3-ական րոպե և ստացվում է ՀՐԱՇՔ…
-Հիմա պահքի շրջան է: Արդյոք հետևում եք պահոց կերակրատեսակներին:
-Ոչ, չեմ կարող, որովհետև ունեմ առողջական խնդիրներ: Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ ես ոչ միայն այս շրջանում, այլ ամեն օր եմ հոգեպես պահքի մեջ՝ չեմ ստում, չեմ նախանձում, վատ մտքեր ու խոսքեր չեմ ասում, օգնում եմ մարդկանց…

-Այժմ կանանց մեկամսյակի շրջանակներում ենք: Ի դեպ, այս մի քանի օրերի ընթացքում ի՞նչ գեղեցիկ կամ ինքնատիպ անակնկալներ, նվերներ եք ստացել:
-Անկեղծորեն պետք է ասեմ, որ ինձ համար շատ անհասկանալի են այն կանայք, ովքեր այս օրերին են սպասում հատուկ վերաբերմունքի: Փաստորեն, ամբողջ տարին ապրում են՝ սպասելով այս տոնին: Նշանակում է, անբավարարված են տղամարդկանց ուշադրությունից, ջերմությունից, քնքշանքից, և ուզում են այս օրերին լրացնել չստացածը, չզգացածը: Փառք Աստծո, ես նման խնդիր ու կարիք չունեմ…Նաև ասեմ, որ բազմաթիվ ծաղկեփնջերի մեջ ամենագեղեցիկն ու թանկը զավակներիս ձեռքով հավաքված ձնծաղիկներն էին, որոնք նրանք մի քանի ժամ փնտրելուց հետո հավաքել էին մեր ամառանոցի կողքի դաշտից:
-Զառա, սիրելի տոն ունե՞ք:
-Ես տոներ շատ եմ սիրում, փորձում եմ պարբերաբար ինչ-որ տոներ ստեղծել և ամուսնուս, և երեխաներիս, ծնողներիս, հարազատներիս ու ընկերներիս համար: Գուցե հորինված, բայց՝ «ՀԱՄՈՎ» (ծիծաղում է)… Իսկ ամենասիրելի տոնը ինձ համար Աստծո ծննդյան տոնն է, այդ օրը շատ ուրախ ու երջանիկ ենք:
-Եթե չեմ սխալվում, դուք տարբեր մասնագիտություններ ունեք. դերասանուհի եք, լրագրող, ինչո՞ւ ընտրեցիք հաղորդավարի աշխատանքը:
-(Ծիծաղում է) Հակառակի պես դերասանական պրոֆեսիոնալ կրթություն ամենևին չունեմ, պարզապես 3 տարեկանում առաջին անգամ բարձրացա Դրամատիկական թատրոնի բեմ, այնուհետև ամբողջ մանկությունս ու պատանեկությունս անցկացրեցի երջանկահիշատակ Հրաչյա Ղափլանյանի թատրոնում: Ակամայից անցա իր դպրոցը: Իսկ կրթությամբ լրագրող եմ, Երևանի Պետական համալսարանը ավարտել եմ կարմիր դիպլոմով: Դեռ շատ վաղ հասակից համագործակցել եմ թերթերի, ռադիոյի, հեռուստաընկերությունների հետ: 16 տարի գլխավորել եմ այն ժամանակ հեռուստառադիոպետկոմիտեի արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրության ռուսական բաժինը:
-Քանի որ թատրոնի մեծ դպրոց եք անցել, արդյոք թատրոն վերադառնալու ցանկություն կամ նպատակ չունեք:
-Եթե անկեղծ՝ ո՛չ: Ես ավելի շատ հեռուստատեսության մարդ եմ…Թատերական քաղցս բավարարեցի վերջերս Սունդուկյանի բեմում խաղացած Վահրամ Սահակյանի «Կատաղածները» պիեսի միջոցով, որտեղ գլխավոր դերակատարն էի: Ինձ համար թատրոնի դերասանները մի քիչ շատ պաթետիկ են, իրենց մեջ հին դպրոցն է խոսում, 21-րդ դարի իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ, ինչպես կարելի է աչքերը դեպի ճակատը տանել, ձեռքերը դեպի օդ ու ձայնի ամբողջ ելևէջներով բացականչել՝ օ, բարև, ինձ ջուր կտա՞ս…
-Զառա, քանի որ ձեզ մեծամասամբ տեսնում ենք հումորային կերպարներում, հետաքրքիր է ձեր մասնագիտական կարծիքը. այսօր Հայաստանում հումորային դաշտը կայացա՞ծ է, թե պարզապես «լցված» է:
-Արմեն Խոստիկյան, Աշոտ Ղազարյան… Այդ ժանրում հիասքանչ դերասաններ: Հիմա մի տեսակ հումորն էլ է փոխվել, ծիծաղեցնելու ուրիշ չափանիշներ կան: Այժմ ինձ համար անգերազանցելի է Մկրտիչ Արզումանյանը: Թեև ես էլ ունեմ կյանքում լուրջ խնդիրներ, բայց հեշտ եմ ծիծաղում, գնահատում եմ յուրաքանչյուր լավ հումոր: Ես համաձայնեցի իմ ողջ կլյանքը կապել ամուսնուս հետ, երբ հասկացա, թե հումորի ինչ զգացում ունի նա:
-Փաստորեն, այսօր հումորի «աղը» տե՞ղն է: Ի՞նչն է պակասում այս դաշտում:
-Ոչինչ էլ չի պակասում: Ում թվում է, թե պակասում է, ուղղակի մեծացել ու ձեռքը զարկերակից վերցրել է: Ամեն նոր օր, նոր դար իր ասելիքն ունի: Ինչպես մեծացողը պետք է ընդունի, որ էլ չի լինի 20 տարեկան, այնպես էլ պետք է ընդունել, որ կան բաներ, ինչն իրենց արդեն չեն հետաքրքրում ու չեն ծիծաղեցնում… Կյանքի, տարիքի պես է…Կան կանայք, որոնք շատ ծանր են տանում իրենց դեմքի կնճիռները, տարիքն աշխատում են թաքցնել: Կարծում եմ, որ պետք է սիրել ամեն կնճիռ, դա քոնն է, դու դրա համար կյանք ես ապրել:
-Կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին. ո՞վ է ձեր ամուսինը, ի՞նչ մասնագիտություն ունի, ի՞նչ զավակներ ունեք:
-Ամուսինս պրոֆեսիոնալ մաքսավոր է եղել, հիմա զբաղվում է բիզնեսով: Դուստրս՝ Էլենը, 10 տարեկան է, Գուրգենս 9 տարեկան:

-Գիտեմ, որ ձեր ամուսինը որդի ունի: Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները: Կոնֆլիկտներ ծագո՞ւմ են:
-Արթուրը ինձ համար որդու պես է: Իրենից մեծ լինելով ընդամենը 12 տարի, շնորհիվ նրա, դեռ չմայրացած, իմ մեջ զգացի մայրական զարթոնք: Նա մեր հարսանիքի ազաբ բաշին էր: Իմ բալիկները շատ նման են իրեն: Գուրգենս Արթուրիս պես է ծիծաղում ու աչքերը կլորացնում, նրա պես հավկիթ է սիրում ու ձյուդոյով է զբաղվում: Արթուրն արդեն իր ընտանիքն ունի, մի չքնաղ դստրիկ: Երբ մարդուն վերաբերում ես այնպես, ինչպես կուզեիր, որ քեզ վերաբերվեին, ամեն ինչ ճիշտ է լինում:
-Պարբերաբար նկարահանման հրապարակում եք, ընտանիքին հավանաբար ժամանակ քիչ է մնում, ինչպե՞ս եք հասցնում: Արդյոք դա խանդի տեղիք չի տալիս:
-Նախ ասեմ, որ ինձ համար առաջնահերթ իմ ընտանիքն է: Իսկ խանդը երբեմն պետք է, եթե ճիշտ չափաբաժնով է իհարկե: Նոր ամուսնացած ժամանակ երբ պարում էինք և մեզ ծափահարում էին, Արտաշը սաստող հայացք էր գցում շուրջբոլորը ու խոժոռվում, իսկ հիմա ինքն է ձեռքը վեր բարձրացնում ու բոլորին շնորհակալություն հայտնում (ծիծաղում է)…
-Սովորության համաձայն՝ մեր «աստղերը» հարևանություն անել չեն սիրում և առանձնանում են «առանձնատներում»: Դուք է՞լ այդպիսին եք:
-Իհարկե, երբ հոգնած ու ջախջախված հազիվ «սողում» ես տուն, պետք է լուռ ու հանգիստ լինի, որ ուժերդ վերագտնես: Այդ դեպքում ավելորդ մարդու ներկայությունը հաճելի չէ…Բայց ես սովորաբար հակառակն եմ անում. շատ եմ սիրում հարևանների հետ շփվել: Մասնակցում եմ մոտ հարևաններիս բոլոր առիթներին: Ամուսինս էլ շատ սիրում, երբ ընտանիքներով ենք մտերմություն անում:
-Կյանքում հիասթափություններ հաճա՞խ եք ապրել: Կվերհիշե՞ք ամենամեծը…
-Արդեն 44 տարի է՝ ապրում եմ… Ունեցել եմ կորուստներ՝ հիասթափությունների տեսքով: Բայց դա էլ է կյանք, պետք է, որ իմաստնանաս, հասկանաս: Կոմիտաս վարդապետը «Համով զրույցի» հյուրն էր ու ասաց. «եթե ինչ-որ մեկը քեզ դառնացնում է, ներիր իրեն, որ քո հոգին խաղաղվի»… Օգտվելով առիթից՝ բոլոր նրանց, ովքեր սխալ են գտնվել իմ նկատմամբ, ասում եմ՝ ես ձեզ ներում եմ: Ամեն օր փառք եմ տալիս Աստծուն, որ աչքերս բացեցի, որ արև տեսա, որ ձեռքերս շարժեցի, որ, որ…
հարցազրույցի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: