.jpg)
Կարծում եմ` Ղրիմն Արցախի համար կլինի նախադեպ. Դավիթ Բաբայան
Վերջին շրջանում հաճախ է համեմատականներ անցկացվում Արցախի ու Ղրիմի միջև: Մեկը մյուսին հաջորդող իրարամերժ կարծիքները շատ տարբեր ու բովանդակային են: Այդ համեմատականների, Ղրիմում ծավալվող իրադարձությունների, Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի ու այլ կարևոր հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցեց Արցախի նախագահի մամuli խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
- Ինչո՞վ կպայմանավորեք վերջին շրջանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` հատկապես ԱՄՆ-ի ակտիվացումը: Ձեր կարծիքով, որևէ ենթատեքստ այդ ամենը ունի, թե՞ ոչ: Ինչպե՞ս կմենկնաբանեք Ուորլիքի ակտիվ գրառումները Twitter-յան իր էջում:
-Ջեյմս Ուորլիքն իր համար մշակել է մի նոր մշակույթ, և ի տարբերություն մյուս համանախագահների` նա փորձում է ավելի հանրային գործունեություն ծավալել: Դա միայն ողջունելի է, եթե այն, իհարկե, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա դրական միտում ունի: Ես նույնպես դա ողջունում եմ: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Ուորլիքն իր հարցազրույցների ժամանակ հստակ դիրքորքշում է արդեն հայտնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և ադրբեջանական հակամարտության կարգավորումը տարբեր գործընթացներ են, և մեկը մյուսի հետ չպետք է զուգակցվեն: Ինձ թվում է, որ սա ավելի կարևոր հայտարարություն է, քան Twitter-յան վերջին գրառումները: Եվ Ուորլիքի այդ գրառումները նույնպես պետք է այդ ենթատեքստում ընկալենք:
-Ի՞նչ եք կարծում, Ուկրաինայում զարգացող գործընթացներն ինչ-որ կերպ կարող են առնչվել ԼՂՀ հակամարտության լուծման հետ: Ինչպե՞ս եք վերաբերում Ղրիմ-Արցախ համեմատականներին:
-Համեմատություններ, իհարկե, շատ են լինում, բայց դրանք պետք է անշուշտ տարանջատենք: Իրավական տեսանկյունից, անշուշտ համեմատական են, բայց այդպիսի հանրաքվեներ այս տարի սպասվում են նաև Կատալոնիայում և Շոտլանդիայում: Ուզենք, թե չուզենք այնտեղ նույնպես հանրաքվե է իրականացվելու, բայց դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ այդ ժողովուրդներն իրականացնում են իրենց իրավունքը` խաղաղ, քաղաքակիրթ ու օրինական ճանապարհով: Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա սա իսկապես նախադեպային է, որն էլ ավելի է ամրացնում մեր դիրքերը, բայց մինչև Ղրիմը շատ են եղել այդպիսի նախադեպերը: Չճանաչված պետությունների ճանաչումը և ընդհանրապես ազգերի ինքնորոշման գործընթացը, ոչ միայն իրավական, այլև քաղաքական դաշտում բավականին երկար տևող գործընթաց է: Իսկ Ղրիմում ավելի շատ են աշխարհաքաղաքական շահերը` նավթամուղներ, գազատարներ և այլն: Պարզապես Ղրիմն իր դիրքորոշումը մի փոքր կոշտացրել է, որպեսզի ավելի շուտ ընդգրկվի այդ ցուցակում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ իրավական առումով, Ղրիմն Արցախի համար կլինի նախադեպ:
-Երեկ Ղրիմի ժողովուրդը հանրաքվեով որոշեց միանալ Ռուսաստանին: Ի՞նչ եք կարծում, այդ ընտրությունները միջազգային հանրությունը կճանաչի լեգիտիմ, թե՞ ոչ:
-Որոշ պետություններ կճանաչեն, որոշները ոչ, բայց դա Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Կարծում եմ` նրանք այդքան էլ մտահոգված չեն, որ այդ որոշումը ուրիշները կճանաչեն, թե ոչ: Նրանք իրականացրեցին իրենց իրավունքն այնպես, ինչպես Արցախի ժողովուրդը: Մեզ էլ չեն ճանաչում, բայց դա չի նշանակում, որ մենք մտահոգվում ենք, կամ հետ ենք զարգանում: Դա մենք արել ենք, ոչ թե ճանաչվելու, այլ` մեր ժողովուրդի, պետության բնականոն զարգացումն ապահովելու համար, բացասական երևությներից ազատվելու և ազգային անվտանգության համար:
-Խիստ ճգնաժամային իրավիճակում են Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները: Ձեր կարծիքով, Ադրբեջանը կօգտվի՞ այս հանգամանքից՝ Արցախում պատերազմ վերսկսելու համար:
-Ադրբեջանին կարող է ցանկացած հանգամանք ստիպել պատերազմական գործողությունները վերսկսել; Այդ վտանգը եղել է ու դեռ կլինի: Եվ այսօր էլ, ցանկացած պահի կարող է պատերազմը վերսկսել, որը ոչ թե Ղրիմի հետ է կապված, այլ 1994 թվականի զինադադարից հետո յուրաքանչյուր պահի նա կարող էր պատերազմը վերսկսել, բայց չի վերսկսում, քանի դեռ համոզված չէ, որ կարող է հաղթել: Ավելին` կգա մի ժամանակ, երբ Ադրբեջանը կբախվի մի ֆիասկոյի հետ, որի ընթացքում կպայթի: Ինքնավստահ պետք է լինել ներքուստ: Մեր բանակն ավելի ուժեղ է, իսկ հայոց եռամիասնությունն` ավելի ամուր: Պետք է խուսափել չմտածված քայլերից և չթողնել, որպեսզի թշնամին ակտիվանա:
-Թեև մեկ անգամ արդեն անդրադարձել եք Արցախի վերաբերյալ Ժիրինովսկու հայտարարությանը, բայց կխնդրեի, որպեսզի ևս մեկ անգամ այն մեկնաբանեիք: Ըստ Ձեզ` կարելի՞ է այդ հայտարարությունը Արցախի ինքնորոշման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում համարել:
-Իհարկե այն չի կարելի պաշտոնական համարվել: Դրանից կարելի է հասկանալ այն, որ Արցախն իրականում կայացած պետություն է, որի համար պայքարում են ուրիշ պետություններ: Մենք մեր իրավունքը իրականացրել ենք և մեր կյանքի ընթացքը չենք փոխում: Կարող ենք միասնական պետություն ստեղծել Ռուսաստանի հետ, բայց այդպիսի նախադրյալներ չկան: Մենք անկախ պետություն ենք և շարունակելու ենք զարգանալ:
Ձեր կարծիքով՝ առաջիկայում կլինեն դրական փոփոխություններ Արցախի հարցի կարգավորման գործընթացում:
-Դեռ չեմ ակնկալում, որովհետև դեռ չկա հարցի կարգավորման վերջնական գործընթաց: Այս գործընթացը շարունակվում է դեռևս 1994 թվականից: