.jpg)
Երբ սիրահարվում ես, շրջապատը սկսում է ընկալվել այլ կերպ. Է. Էլիզբարյան. LN
Ladynews.am-ի հյուրասրահում է հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը:
-Գարունը միշտ սպասումներով է գալիս: Ձեզ համար այն ինչպե՞ս է սկսվում, ի՞նչ սպասումներ ունեք:
-Գարունն ինձ համար նորովի ապրելու, ունեցածն արժևորելու և ապագայի անելիքները վերաարժևորելու խորհուրդ ունի: Նայում ես շուրջդ փթթող բնությանը, ծաղկող ծառերին ու արևով լցվող օրվան, ցանկանում ես շրջապատիդ հետ կիսել գարնան հրճվանքը, երազանքների ու հույսերի բողբոջումը, ի վերջո, գարունն ինձ համար տերյանական խորհուրդ ունի` «Գարուն» բանաստեղծության պես.
«Գարունն այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունն այնպե՛ս պայծառ է կրկին,
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին»…

-Էռնա՛, ի՞նչ պետք է անի կինը մշտապես ներկայանալի և ցանկալի լինելու համար:
-Բոլորս էլ գիտենք արտաքին տեսքն ամենակարևորը չէ մարդու մեջ, և հաջողության հասնելու համար ավելի կարևոր են նրա անձնական հատկանիշները. այդ դեպքում, կարծում եմ, կինը կարող է լինել և հաջողակ և ցանկալի: Արտաքին գրավչությունը և ինտելեկտը պետք է ներդաշնակ լինեն ներքին աշխարհի հետ, և կինը կլինի կրկնակի գնահատված: Կարծում եմ, որ երբեմն անհրաժեշտ է նաև մեզ կողքից նայել, բայց արդարացի: Իսկ ցանկալի լինելու համար շատ կաևոր է համատեղել արտաքինը ներքին հմայքի հետ, ինչպես նաև` ունենալ անկրկնելի անհատականություն, միշտ լինել գեղեցիկ ու խնամված…
-Կանայք առհասարակ զգացմունքային էակներ են, ինքներդ այդպիսի՞ն եք, թե՞ բանականությամբ եք ավելի շատ առաջնորդվում:
-Ես, իհարկե, զգացմունքային մարդ եմ. գիտեմ սիրել, նվիրվել: Ա. Քամյուն այս առիթով հետաքրքիր խոսք ունի. «Սիրված չլինելն ընդամենն անհաջողություն է, չսիրելն է դժբախտություն»: Այնպես որ, սերն ու բանականությունն ինձ համար մեկը մյուսին չհատվող տիրույթներում են: Սերը հոգու և ենթագիտակցության ծնունդ է, իսկ բանականությունը` գիտակցության:

-Ասում են` քնքշանքն է սիրո լավագույն ապացույցը, ոչ թե կրքոտ երդումները… Ի՞նչ արժեք ունի Ձեզ համար տղամարդու խոսքը, թե՞ վերաբերմունքն ավելի էական է ու խոսուն:
-Ինձ համար ոչ քնքշանքն է որոշիչ, ոչ էլ կրքոտ երդումները: Գեղեցիկ կանայք այդ երկու բաղադրիչների պակաս, կարծում եմ, չեն ունենում: Ինձ համար կարևորը տղամարդու հոգատար վերաբերմունքն է իր սիրած կնոջ նկատմամբ: Խոսքը, որը կարճ ժամանակ անց, գործի է վերածում, անկեղծությունը, նվիրվածությունը:

-Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր ընտրյալը, ի՞նչ հատկանիշներ կան, որ միանշանակ բացառում եք:
-Ես վախկոտ տղամարդկանցից եմ խորշում, որոնց արաքներն ու խոսքը, երբեք կապ չեն ունենում իրենց ապրած կյանքի ու արածների հետ: Իսկ ընտրյալ ունե՞մ, թե՞ ոչ, թույլ տվեք համեստորեն լռել. կարևորը հիմա երջանիկ եմ, թե ինչ կլինի հետո, դա միայն Աստված գիտի:
-Ունե՞ք կնոջ Ձեր իդեալը, որին ձգտում եք նմանվել, գուցե նաև ընդօրինակել:
-Կնոջ իմ իդեալը մայրս է… Պայքարող տեսակ, ով ինձ սովորացրել է անկոտրում ու հպարտ քայլել, պայքարել կյանքում արևի մի շողի համար, իսկ նմանվել կամ ընդօրինակել բառերն ինձանից հեռու են. ես այն եմ, ինչ կամ:

-Էռնա, մի առիթով նշել եք, որ կնոջ համար կարևորը ընտանիքն է, միշտ եք այդ գիտակցումն ունեցե՞լ, թե՞տարիքի հետ եք հասկացել:
-Միշտ եմ գիտակցել, ուղղակի ուսումն ու աշխատանքը, թերևս, խանգարել են:
-Եթե Ձեզ ինչ-որ բան փոխելու հնարավորություն տային, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:
-Երևի ոչինչ, նորից նույն ոգով կապրեի: Ուղղակի կլինեին մարդիկ, որոնց թույլ չէի տա ներխուժել իմ կյանք: