.jpg)
Իրավապաշտպան. Հակոբ Ինջիղուլյանի ծնողները կարող են դիմել ՄԻԵԴ
Քանի դեռ հայտնի չէ, թե Ադրբեջան գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը որևէ պահանջ ունի, թե՝ ոչ, նրա ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք):
Այս մասին «Փաստինֆոյի» թղթակցին հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ պարզաբանելով, որ հոդվածը ներառում է զավակի և ծնողի վերամիավորվելու իրավունքը և Կոնվենցիային միացած պետությունների մոտ նման դեպքերում, ըստ Ա.Ղազարյանի, պոզիտիվ պարտականություն է ծնվում մինչև անձին երրորդ երկիր տեղափոխելը ապահովել առնվազն գոնե մեկ ուղիղ կապ ծնողների ու որդու միջև:
«Կարծում եմ` այս հիմքով կարելի է դիմել Եվրոպական դատարան՝ ակնկալելով իրավական դիրքորոշում»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Ա.Ղազարյանն ընդգծեց, որ նախադեպեր այս առումով չկան, բայց կան անալոգիայով նախադեպեր, ուստի` պետք է փորձ արվի, «պետք չէ մնալ միայն Կարմիր Խաչի կամ պետական իրավասու մարմինների հույսին», հանրային ոլորտում գտնվող մեխանիզմներն օգտագործելու հետ մեկտեղ կարելի է գործի դնել նաև անհատական իրավունքի մեխանիզմը: Ուստի՝ Ա.Ղազարյանը խորհուրդ է տալիս Ինջիղուլյանի ծնողներին դիմել Եվրոպական դատարան:
«Գուցե դրանից ծնվի նախադեպ մեկ այլ դեպքերի համար, իսկ այն, որ այդ դեպքերը սրանով չեն ավարտվելու, նման նոր դեպքեր կլինեն, ես դրանում կասկած չունեմ, որովհետև չեմ տեսնում, որ Ադրբեջանի կառավարությունն իր քաղաքականությունը հայերի, ընդգծում եմ՝ հայերի, ոչ թե Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխում է: Քսենոֆոբիան գնալով ավելի է ուժեղանում Ադրբեջանում»,- ասաց Ա.Ղազարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քարոզչության ծրագրված քաղաքականությանը պետք է վերջ դրվի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
Նախորդող հրապարակումներ՝ Հակոբ Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել գնալ երրորդ երկիր
Արման Ինջիղուլյան. Հակոբը դժվար թե ինքնակամ ցանկանար երրորդ երկիր գնալ