.jpg)
Միայնակ հայրեր. «Էս պետության պետքն էլ չի՝ ապրում ես, մեռել ես»
Թբիլիսյան խճուղու հանրակացանների պատուհաններից յուրաքանչյուրից այն կողմ մի պատմություն է, ու դրանց մի մասն իմ գործընկերներին ծանոթ է: Մի քանի անգամ տարբեր խնդիրներ լուսաբանելու համար ես էլ եմ եղել այդ հանրակացարաններում: Բակում գունավոր խաղահրապարակը տեսնելով՝ մտածում եմ՝ երևի մի բան փոխվել է, բայց նեղ ու մութ միջանցքով անցնելիս համոզվում եմ, որ դեռ ոչինչ չի փոխվել, իսկ Դավիդովների դուռը բացելիս՝ հասկանում եմ՝ այս հանրակացարանում իմ տեսած ամենատխուր սենյակը սա է:

Դուռը դժվար է բացվում, որովհետև և՛ դուռ է և՛ կախիչ. դրա վրա ձմեռային ծանր վերարկուներն են կախված: Ներս ենք մտնում: Տանտերը՝ 50-ամյա Ալեքսանդր Դավիդովը, ծխում է, ու սենյակում, որ առանց այդ էլ մութ է, ծխի պատճառով իրերը առաջին հայացքից հստակ չեն երևում, թեև դրանք շատ չեն:
«Ոնց էլ հիշել եք մեզ»,- ասում է տանտերը՝ ներս հրավիրելով:
Ալեքսանդր Դավիդովը 50 տարեկան է: 25 տարի ապրում է հանրակացարանի մի սենյակում: Մինչև 2003 թվականն այս սենյակն ուներ 4 բնակիչ, հիմա երեքով են. հայր ու 2 որդիներ:
«Ես Բաքվում այ սենց եմ ապրել»,- ասում է՝ ձեռքը գլխից վերև բարձրացնելով:

«Սեփական տուն ունեի, որ աթոռը սեղանին էի դնում, որ հասնեմ լամպչկեն փոխեմ, իսկ հիմա իմ ունեցածը 64 հազար դրամ աշխատավարձն է»,- պատմում է 88-ին Բաքվից Հայաստան եկած Ալեքսանդրը:
«Էլի չեմ կոտրվել, ասել եմ՝ դե հիմա էս մի սենյակն էլ ա հերիք, կաշխատենք՝ կապրենք, ու աշխատել եմ: Օդանավակայանում աշխատածս տարիներին լավ եմ պահել ընտանիքս, կինս երեխաներին էր նայում, տան հարցերով զբաղվում, ես գործի էի գնում. վատ չենք ապրել: Բայց Էռնեկյանը հենց եկավ, ինձ գործից հանեցին, հետո էլ կինս մահացավ ու էլ չկարողացա ոտքի կանգնել: Հլը նայեք էտ դուռը, ինչքան ժամանակ ա, ուզում եմ փոխեմ, արդեն բանի պետք չի»,- ասում է՝ ցույց տալով սենյակի դուռը:

Կնոջ մահից հետո Ալեքսանդրը մենակ է մնում 6 ու 4-ամյա որդիների հետ:
«Մենակ եմ մեծացրել: Լվացել եմ, հագցրել, եփել: Տղա երեխա են՝ չար, մեկ-մեկ չեն լսում, կռվում են իրար հետ, դժվար ա: Կինս որ կար, ես չեմ պատկերացրել էտ ամենը: Գնացել եմ գործի, եկել տուն, ամեն ինչ իր տեղում էր: Հետո հասկացա, որ երեխա պահելը հեշտ չի: Հիմա Ռոբերտիս (մեծ տղան. հեղ) հետ շատ նպատակներ ունեմ կապված: Ինքը մեր տան ամեն ինչն է: 3 տարի է՝ սովորում է, որ խոհարար դառնա: Տան բոլոր հարցերով ինքն է զբաղվում: Իսկ փոքրս՝ Սուրոն, տան գործերի հետ հավես չունի, չէ՞ Սուր»,- հարցնում է փոքր տղային, որ հոր հետևում նստած լսում է նրա պատմածները:
«Սուրոյին իմ մոտ կտանեմ»,- ասում է Ալեքսանդրը՝ նկատի ունենալով, գործարանը, որտեղ ինքն է աշխատում:

«Չնայած աշխատավարձը քիչ է: Անցած տարի են մի քիչ բարձրացրել: Դրա պատճառով էլ նպաստից կտրեցին: Ասում ա՝ աշխատավարձդ բարձրացրել են: Հա, արդեն օլիգարխ եմ էլի: Չնայած իրանց տված նպաստն էլ իրանց լինի, պետք չի: Գնում ես՝ մատանիներով, շորերով զարդարված նստած կին ա, ասում ա՝ 3 ամիսը քեզ, 3-ը՝ ինձ: Այ տնաշեն, եղածն ի՞նչ ա, որ 3 ամիսն էլ քեզ տան: Պետք չի, թող իրանց մնա, ո՛չ մուրացկան ենք, ո՛չ էլ ընկել մեռնում ենք, առանց դրա էլ յոլա կգնանք»,- ասում է միայնակ հայրը ու շարունակում.
«Էս պետության պետքն էլ չի՝ ապրում ես, մեռել ես: Ժամանակին եսիմ քանի հատ նամակ եմ գրել: Ում ինչ պետքն ա: Էն ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանին նամակ գրեցի. ասում են՝ 50 հազար դրամ տուր սենյակը սեփականաշնորհի: Է հետո՞: Սեփականաշնորհեմ, որ ի՞նչ: Իբր փախստականների հարցերով են զբաղվում, խնդիր են լուծում: Տուն պիտի տային: Ի՞նչ տուն, ի՞նչ բան: Դրանցից հույսս կտրեցի: Ընտրությունների ժամանակ են գալիս մեկել. ոչ մեկին էլ հետքարքիր չի ոչ մի բան»:

Մեր ամբողջ զրույցի ընթացքում Ալեքսանդրը բարկացած պատմում էր իր գլխով անցածը և ոչ մի անգամ ձայնը չփոխվեց: Մեր այցելության ընթացքում երկու անգամ ժպտաց՝ ընտանեկան ալբոմը մեզ ցույց տալու ժամանակ և կնոջ մասին պատմելիս: «Որտե՞ղ եք ծանոթացել ձեր կնոջ հետ»,- փորձում եմ փոխել խոսակցության թեման:
«Շոշին եմ տեսել, հավանել»:
Հետո, կարծես, մոռանալով քիչ առաջ մեզ պատմածն ու բարկությունը, հիշում է՝ ոնց է գնացել կնոջ ձեռքը խնդրելու:
«Մոտեցա, ասեցի՝ շատ եմ հավանել քեզ, ասեց՝ չէ, գնա, իմ հետևից չգաս: Դե բայց հավանել եմ, ո՞նց չգնամ: Հետքարքրվեցի, իմացա՝ որտեղ է ապրում: Վերցրեցի քաղցրավենք ու շամպայն, գնացի ասացի՝ եկել եմ տանեմ քեզ: Մերը վրա տվեց, թե գնա ստեղից, իմ աղջկա հետ գործ չունես: Մի օր էլ ընկերներիս հետ ծնունդ կանչեցինք ու տուն չտարա: Ասեցի, հետս էս մնալու, ինքն էլ համաձայնեց, է՛լ մերն եկավ, բարեկամներ եկան՝ չգնաց, ասեց՝ ես իրա հետ եմ մնում: Դրանից հետո իր ընտանիքը Ռուսաստան գնաց, բոլորը ստեղից գնացին, ինքը մի անգամ չփոշմանեց ու մնաց իմ հետ: Դե հետո էլ ծնվեցին երեխեքը: Ապրում էինք մեր համար, բոլոր նորմալ ընտանիքների պես, մինչև…դե հիմա, Աստված տա՝ լավ կլինի»,- ասում է Ալեքսանդրը:

«Մտածում եմ՝ մի բան անեմ, որ մի 3 տարի հետո կարողանամ գոնե տուն վարձել, երբ տղաս բանակից գա: Էտ հարցն ա ինձ տանջում, որ ամուսնանա՝ ո՞նց ա լինելու, պետք ա՞ չէ մի անկյուն ունենա: Իմ միակ հույսն էն ա, որ ինքը աշխատանքի տեղավորվի, իր ընտանիքը պահի, մենք էլ ստեղ յոլա կգնանք, մինչև տեսնենք՝ ինչ է լինում»:
Երկար զրույցից հետո որոշում եմ հարցնել բարեկամների մասին:
«Չե՞ք ուզում ձեր եղբոր մոտ գնալ, ասացիք, դրսում է ապրում»:
«Ո՞վ, ե՞ս: Չէէէ: Գնա՞մ Ռուսաստան: Ստեղ սև հաց կուտեմ, Ռուսաստան չեմ գնա: Ձեզ թվում ա դա երկիրա՞: Ես ջահել ժամանակ սաղ Ռուսաստանը ման եմ եկել, ապրելու տեղ չի: Գիտեք, նենց չի, որ ես սոված եմ, ու հացի համար պիտի Ռուսաստան հասնեմ: Սոված չեմ է, ուղղակի նեղն եմ, բայց էտ դեռ չի նշանակում, որ պիտի գնամ ուրիշ երկիր ասեմ՝ ինձ պահեք»:

Դուրս ենք գալիս բակ, նախքան հրաժեշտը հանդիպում ենք Ալեքսանդրի հարևաններին, բարևում ենք, մի քիչ հեռանում.
«Էս մի բարևը ամեն ինչ արժի, ես հիմա իրանից որին մոտենամ, ասեմ՝ մի պրոբլեմ կա, կողքս կանգնած ա, ում ինչ ասեմ՝ «պրոբլեմ չկա, Սաշ ջան»: Թե չէ իմ ինչինա՞ պետք գնամ ուրիշի երկրում ապրեմ, մեկ-երկուսն էլ ինձ թարս նայեն»:
Նախորդող հրապարակումներ՝
Միայնակ հայրեր. 10 տարի առանց մոր. Ես ընտրել եմ երեխաներին, իրենք էլ՝ ինձ
Միայնակ հայրեր. Կողքից աշողն ի՞նչ գիտի, քաշողը կիմանա
Միայնակ հայրեր. Ուզում եմ ապրել, որ տղաներս մենակ չմնան
Միայնակ հայրեր. Միայնակ թոշակառու ու միայնակ հայր` արդեն 5 տարի