.jpg)
18 երթուղիներում կանգառների ձայնային իրազեկման համակարգեր կգործարկվեն
Մինչև տարեվերջ Երևանի խաչմերուկներից 6-ում՝ կույրերի զանգվածային բնակության ու Կույրերի միավորման շենքերի մերձակա փողոցներում ձայնային լուսակիրներ են գործարկվելու. առաջին սարքը կտեղադրվի մինչ ընթացիկ ամսվա ավարտը։ Այս մասին Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի արտահերթ խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը:
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հաղորդում է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը ներկայացրել է, որ 2 ամսվա ընթացքում ընկերության 18 երթուղիներում կգործարկվեն կանգառների ձայնային իրազեկման համակարգեր, իսկ կանգառելու ձայնային ազդանշանների գործարկման համար անհրաժեշտ է տեխնիկական լրացուցիչ միաջամտություն, որի համար անհրաժեշտ ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ տրանսպորտային միջոցներում սայլակավոր ուղևորների համար նախատեսված վերելակների տեղադրման համար հայտարարված մրցույթը չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն առաջարկել է հավելյալ՝ կազմակերպությունների համար առավել ձեռնտու տարբերակներ փնտրել՝ այդ հարցում գործընկեր կազմակերպություն գտնելու համար։ Նշենք, որ տրանսպորտային միջոցներում հատուկ վերելակներ տեղադրելու առաջին ծրագրին 2014 թ. համայնքային բյուջեից 30 մլն դրամ է հատկացվել։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև վճարովի անտոկայանատեղերում սայլակով տեղաշարժվող քաղաքացիների, ինչպես նաև նրանց փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցների համար առանձնացված գծանշում կատարելու խնդիրը, որը լուծելու համար անհրաժեշտ է կառավարության որոշումով լիազորություն ամրագրել որևէ կազմակերպության՝ հաշմանդամություն ունեցող անձին կամ կազմակերպությանը տրանսպորտային միջոցի վրա փակցնելու տարբերանշան տրամադրելու համար։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ասել է, որ հարցի լուծմանն ընթացք տալու համար կհամագործակցեն ՀՀ ոստիկանության հետ։