Տարածաշրջանային բլոգ. «Մուսուլման եղբայրների» գործոնը՝ իսլամական աշխարհում
18/03/2014 20:20

Տարածաշրջանային բլոգ. «Մուսուլման եղբայրների» գործոնը՝ իսլամական աշխարհում

Մուսուլմանական երկրների միջև ընթացող հարաբերություններում «Մուսուլման եղբայրներ» (ՄԵ) իսլամական արմատական կառույցի դերն ու նշանակությունը կարևոր տեղ է զբաղեցրել: Այս հանգամանքը ևս մեկ անգամ ընդգծվեց 2010 թ-ից մուսուլմանական աշխարհում տեղի ունեցող վերափոխումներում, ինչպես նաև՝ վերջին շրջանում Պարսից ծոցի արաբական միապետությունների միջև հարաբերություններում:

Հիմնվելով 1928 թ-ին Եգիպտոսում` ՄԵ-ը իրավամբ կարելի է համարել առաջին վերազգային մուսուլմանական իսլամական արմատական կառույցը, որը, ներկայումս, իր ճյուղավորումներն ունի Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Թուրքիայում, Պակիստանում, Աֆղանստանում, ինչպես նաև Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի մուսուլմանական համայնքներում և այլն: Սակայն որոշ երկրներում բացահայտ, իսկ որոշներում` կիսալեգիտիմ, կամ ընդհատակում ՄԵ-ի անվան տակ գործող վերոհիշյալ կառույցների միջև պահպանվում են լուրջ հակասություններ կապված պայքարի ռազմավարության, մարտավարության և մեթոդների հետ, ինչը չի խանգարում կառույցին մուսուլմանական աշխարհում տեղ գտած միջպետական հարաբերություններում որոշակի դերակատարում ստանձնել, առավել ևս միատարրությամբ և հենց մուսուլմանական աշխարհի ներսում ընթացող գործընթացների վերաբերյալ որոշակի միասնական դիրքորոշմամբ չեն փայլում մուսուլմանական երկրների պաշտոնական շրջանակները: Ինչ վերաբերում է կոնկրետ ՄԵ-ի նկատմամբ վարվող քաղաքականությանը, ապա այստեղ վերոհիշյալ երկրների որդեգրած միասնական վարքագծի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող. Մուսուլմանական երկրների կազմում առանցքային նշանակություն ունեցող Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան ՄԵ-ը հայտարարել են «օրենքից դուրս»` հետապնդելով կազմակերպության անդամներին ու ճնշումների ենթարկելով կառույցի առանցքային դեմքերին, մինչդեռ մուսուլմանական աշխարհում ոչ պակաս կարևոր դերակատարում ունեցող Թուրքիան և Կատարը հանդես են գալիս կառույցի հովանավորների դիրքերից` ֆինանսավորելով ու աջակցելով ՄԵ-ին, ապաստան տրամադրելով կառույցի հեղինակավոր աստվածաբան-հոգևորականներին և լիդերներին:

Սա վկայում է ՄԵ-ի բավական ամուր դիրքերի մասին, որոնք կառույցն ավանդապես ունեցել է մուսուլմանական աշխարհում, հատկապես կառույցի բնօրրանում` Եգիպտոսում, որն ավանդապես մուսուլմանական աշխարհի լիդերներից մեկի կարգավիճակով է հանդես եկել: Ավելորդ չի լինի ասել, որ ազդեցիկ դիրքեր (անգամ ընդհատակում գործելով) ունենալ նման երկրում, ավելացնում է ՄԵ-ի դերն ու կշիռը այլ մուսուլմանական երկրներում:

2010թ-ից «Արաբական գարնան» համատեքստում տեղ գտած վերափոխումների հետ մեկտեղ փոփոխությունների են ենթարկվում նաև մուսուլմանական հասարակական-քաղաքական բաղկացուցիչ տարրերը` մշակելով նոր մարտավարական և ռազմավարական ուղենիշներ: Այս կոնտեքստում վերափոխումներից չեն խուսաբում նաև ՄԵ-ը, որտեղ նկատվում են սերնդափոխության փորձեր, տարածաշրջանային զարգացումներում ակտիվ ներգրավվածություն` ձգտելով ետ չմնալ մուսուլմանական աշխարհում տեղ գտած գործընթացներից: Վերջիններին ՄԵ-ի ակտիվ մասնակցությունը ինքնանպատակ չի արվում, այլ փորձ է` վերաիմաստավորել ավանդական իսլամական արմատական գաղափարները տեղի ունեցող փոփոխությունների կոնտեքստում, և նոր լույսի ներքո մատուցել հասարակությանը` հիմնավորելով իսլամական արմատականության ակտիվությունը քաղաքական գործընթացներում, ինչի արդյունքը մենք տեսնում ենք` Թուրքիայում ՄԵ-ին հարող իսլամական ուժը` «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արդեն 10 տարուց ավել իշխում է երկրում: Ներկայիս սիրիական զարգացումներում Սիրիայի ՄԵ-ը ակտիվ ներգրավվածություն են ցուցաբերում և արտասիրիական ուժերի կազմում, և Սիրիայում պայքարող հակաբաշարյան ճակատում, ինչն ավելացնում է կառույցի հնարավորությունները հետագա Սիրիայում առանցքային դերակատարում ունենալու հետ կապված: ՄԵ-ը ակտիվ են մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան տարածաշրջաններում: 2

012-2013թթ-ին ՄԵ-ին հաջողվեց Եգիպտոսում իրենց ձեռքը վերցնել իշխանությունը: Ճիշտ է` փարավոնների երկրում ՄԵ-ի իշխանության մեկ տարին ցույց տվեց, որ կառույցը պատրաստ չի պետության ղեկավարման և անկարող է լուծել հասարակական-քաղաքական ու տնտեսական ոլորտներում ծառացած խնդիրները, սակայն սա փորձեր ի ցույց դնել, որ ՄԵ-ի իսլամական նախագիծը, թեկուզ և չստացված, իրավունք ունի ապրելու նաև արաբական աշխարհում, ինչի համար կառույցը օժանդակություն է ստանում նաև ՄԵ-ի հետ գաղափարական ընդհանուր եզրեր չունեցող ուժերից, որոնք պատրաստ են խզել ավանդական ջերմ հարաբերություններն իրենց հարևանների հետ ՄԵ-ին իրենց ուղեծրում պահելու համար: 

Տարածաշրջանային բլոգ. «Մուսուլման եղբայրների» գործոնը՝ իսլամական աշխարհում