.jpg)
Ալեքսանդր Արզումանյան. Չեմ ընդունում, որ Ղրիմում արդար հանրաքվե է անցկացվել
Կասկածելի է թվում Լեռնային Ղարաբաղում՝ Ղրիմի հանրաքվեի առթիվ տոնախմբության կազմակերպումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումյանը՝ ընդգծելով՝ այս պահին պետք է զերծ մնալ տեսակետներ հայտնելուց.
«Հիմա դա վտանգավոր է, սակայն Լեռնային Ղարաբաղում երեկ այնպիսի տոնախմբություն էր, կարծես թե Արցախը դարձել է ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ: Սա նշանակում է, որ Ռուսաստանն է ստիպել հայկական կողմին այսպես արձագանքել»,- ասաց Ալիկ Արզումանյանը:
Պատգամավորը հույս հայտնեց, որ Հայաստանը կկարողանա իր ռազմավարական գործընկերներին բացատրել, որ մեզ համար կարևոր է լավ հարաբերություններ պահպանել Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրամիության հետ.
«Միաժամանակ ես չեմ ընդունում, որ Ղրիմում արդար հանրաքվե է անցկացվել: Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը, այնտեղ բանակը բռնություններ է գործադրել, որոնց մասին միջազգային լրատվամիջոցներն են գրում: Այնտեղ արդար ընտրության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Ալեքսանդր Արզումյանը:
«Ժառանգության» պատգամավորն անդրադարձավ նաև ռուս քաղաքագետների ու նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու արած այն հայտարարություններին, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը պետք է միանա Ռուսաստանին:
«Ինձ չի հետաքրքրում, թե ռուս քաղաքագետներն ինչ են մտածում Ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Նրանք ավելի լավ է մտածեն իրենց խնդիրների մասին, օրինակ՝ հարբեցողության»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, ըստ որի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ արտահայտվեց թերակղզին Ռուսաստանին միացնելուն: Արդեն նախօրեին Ղրիմի և Սևոստոպոլ քաղաքի ղեկավարության ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ստորագրվեց պայմանագիր, որով Ղրիմն ու Սևոստոպոլը դաշնությունների կարգավիճակով մտան ՌԴ կազմի մեջ:
նախորդող հրապարակում՝ Կարծում եմ` Ղրիմն Արցախի համար կլինի նախադեպ. Դավիթ Բաբայան