Իվանիշվիլին այլևս չի շփվում Մարգվելաշվիլիի հետ. Նախագահը շատ է փոխվել
19/03/2014 18:30

Իվանիշվիլին այլևս չի շփվում Մարգվելաշվիլիի հետ. Նախագահը շատ է փոխվել

Վրաստանի նախկին վարչապետ, «Քաղաքացի» ՀԿ նախագահ Բ. Իվանիշվիլին այլևս չի շփվում նախագահ Մարգվելաշվիլիի հետ:

Այդ մասին Իվանիշվիլին հայտարարել է մարտի 18-ին, հեռուստահաղորդման ժամանակ:

Վերջինս նշել է, որ հիասթափված է Մարգվելաշվիլիից, քանի որ նախագահ ընտրվելուց հետո նա շատ է փոխվել, և նախկին սկզբունքներին դավաճանում է: Իվանիշվիլին մասնավորապես ընդգծել է, որ իր համար զարմանալի է, թե ինչու է Մարգվելաշվիլին փոխել կարծիքը և որոշել է տեղափոխվել Հավլաբարիի նախագահական նստավայր, իսկ իրեն խորհրդական է ընտրել նախկին իշխանությունների ներկայացուցչի եղբորը: Բացի այդ, նախկին վարչապետը բացասաբար է արտահայտվել Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի նկատմամբ՝ անվանելով նրան «ոչ շատ լավ նախարար»:

Իվանիշվիլիի վերոնշյալ հայտարարությունները լայն քննարկման առարկա են դարձել Վրաստանում, հատկապես այն բանից հետո, երբ դրան արձագանքել է նախագահ Մարգվելաշվիլին: Վերջինս հայտարարել է, որ իրեն հաճելի չէ նման քննադատություններ լսել, իսկ մնացյալ մանրամասները համարել է հանրայնացնելու համար ոչ նպատակահարմար:

Փաստորեն նախագահական ընտրություններից կարճ ժամանակ անց Իվանիշվիլին արդեն բացահայտում է, որ Մարգվելաշվիլին իրեն համար այլևս «իդեալական» չէ, և հիասթափությունը նրա հանդեպ առաջացել է վերջինիս կողմից իր իսկ սկզբունքները խախտելու պատճառով:

Հետաքրքիր է, սակայն, որ Մարգվելաշվիլին նախագահ է դարձել հենց Իվանիշվիլիի շնորհիվ, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Ուստի հասկանալի է, որ նրա կարծիքը հաշվի է առնվում հասարակության կողմից, ինչից հետևում է, որ նախկին վարչապետի վերոնշյալ հայտարարություններն անկասկած իրենց ազդեցությունը կունենան նախագահի հեղինակության վրա: 

Իվանիշվիլին այլևս չի շփվում Մարգվելաշվիլիի հետ. Նախագահը շատ է փոխվել