.jpg)
Տարածաշրջանային բլոգ. Ղրիմի հարցը՝ ռուս-թուրքական կապերի հեռանկարում
Ռուս-թուրքական հարաբերությունները աշխարհաքաղաքական հակասությունների խորացման շրջանում են, և չափազանցություն չի լինի պնդել, որ երբեք այդ երկրների միջև աշխարհաքաղաքական հակասությունները չեն դադարել: Արդի շրջանում սրված հակասություններից մեկը սիրիական հիմնախնդիրն էր, որտեղ պարզորոշ բախվում են երկու երկրների շահերը, Թուրքիան գործում է ռուսական շահերի տեսանկյունից հակառակ ճամբարում: Եվ հիմա էլ Ղրիմի հարցը: Սիրիական հիմնախնդրից հետո, որը մինչև օրս ներկայացնում է այդ շահերի բախումը, ի հայտ եկավ Ղրիմի հարցը, որն ավելի է մեծացնում ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հակասությունները, որոնք գնալով ավելի կխորանան:
Հասկանալի է, որ Թուրքիան իր սեփական շահերից բացի, կխաղա Արևմուտքի ռազմավարության շրջանակում, ձեռքերը ծալած չի նստի թաթարների հետ կապված, իսկ Արևմուտքը Թուրքիայի ձեռքով այն կփորձի գործոն դարձնել՝ չնայած որ Թուրքիան ունի իր առանձին հավակնությունները: Թուրքիան, փաստորեն, պաշտոնապես հայտարարել է, որ չի ճանաչում հանրաքվեի արդյունքները, դրանք համարում է անօրինական, Ղրիմի միացումը Ռուսաստանին որակելով որպես ռուսական անեքսիա: Վարչապետ Էրդողանն էլ ակնարկեց, որ Թուրքիան Ղրիմի հարցում հանդես է գալիս և գալու է ՆԱՏՕ-ի հետ համահունչ, այս պարագայում՝ ԱՄՆ-ի: Եթե սիրիական խնդրի պարագայում Թուրքիայի քաղաքականությունն առնչվում էր ռուսական աշխարհաքաղաքական շահերին, ապա Ղրիմի հարցում արդեն այն առնչվելու է Ռուսաստանի ազգային անվտանգությանը՝ արդեն որպես ՌԴ փաստացի տարածքի: Ղրիմի հարցը աշխարհաքաղաքականից վերածվեց Ռուսաստանի ազգային անվտանգության խնդրի:
Եթե ուրիշ այլ հարցերում ռուսական կողմը հանդուրժել է Թուրքիայի քաղաքականությունը, ապա այս անգամ որևէ ակտիվացում հակառակ ռուսական շահերի՝ կարող է լրջորեն վտանգել այդ երկրի հետ հարաբերությունները: Թուրքիան հիմա դժվարին կացության մեջ է: Մի կողմից Ղրիմի նկատմամբ իր հավակնությունները, թաթարների երաշխավորի իր հայտարարած դերակատուրթյան կիրարկումը, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի հետ առճակատման գնալու հնարավորությունը՝ իր բոլոր հետևանքներով: