.jpg)
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը կպատասխանի Նաիրա Զոհրաբյանի հարցին
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը այսօր տեղեկացել է, որ ռազմագերիների վերաբերյալ հարցադրումը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը ստացել է և ապրիլի 7-ին` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում պատասխանները պատրաստ կլինեն: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ն. Զոհրաբյանը:
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի, որքանո՞վ սպառիչ կլինի այն, Ն. Զոհրաբյանը պատասխանեց.
«Դատելով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին ուղղված իմ նախորդ դիմումի պատասխանից՝ Ադրբեջանի դասագրքերում ակնհայտ հայատյացություն քարոզելու մասին, իրենց վերաբերմունքը բացարձակ լռություն էր: Ես հույս ունեմ, որ գոնե այս անգամ, հանձնակատարը, որը ընտրվել է պատգամավորների ձայների մեծամասնությամբ, ոչ թե ինչ-ինչ շահեր կսպասարկի, այլ կզբաղվի իր անմիջական պարտավորություններով, իսկ իր պարտավորություններն են, վստահաբար, հետաքրքրվել, իրազեկվել, թե ինչպես են ԵԽ անդամ երկրներում վերաբերվում ռազմագերին և գերիներին: Ես հարցս մինչև ապրիլյան նստաշրջանն էի ուղարկել, որովհետև ենթադրում էի, որ հակառակ դեպքում կասեն, որ հարցին ծանոթ չեն, դրա համար էլ մոտ մեկ ամիս առաջ եմ ուղարկել, ասելով, որ ինքը ունի մեկ ամիս ժամանակ՝ խնդրին ծանոթանալու համար և իրենցից սպառիչ պատասխան եմ ակնկալում, թե ի՞նչ է արել և ի՞նչ է պարտավոր անել ԵԽ-ն, որպեսզի Ադրբեջանը հարգի իր ստանձնած միջազգային պարտավորությունները, ոչ թե շարունակի՝ օրինակ, խոշտանգել հայ գերիներին, նվաստացնել, նրանց ադրբեջանական համազգեստ հագցնել»,-ասաց նա:
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ այս նպատակով ինքը առաջարկել է ընդլայնել հանձնակատարի լիազորությունները:
«Այս հանձնակատարի մասին չի խոսքը, ես պարբերաբար նախորդ հանձնակատարներին հարցեր էի ուղղում ռազմագերիների և անհայտ կորածների վերաբերյալ, իսկ իրենք ասում էին, որ դա Կարմիր խաչի լիազորությունն է, և իրենք չեն ցանկանում խանգարել Կարմիր խաչի ջանքերին, սակայն փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ Կարմիր Խաչի ջանքերը արդյունավետ են լինում, և օրինակ, այն բախվում է Ադրբեջանի իշխանության խայտառակ գործելաոճին, երբ արգելում են այցելել գերիներին, արհեստական խոչընդոտներ են ստեղծում: Այդ նպատակով էլ ես առաջարկել եմ ընդլայնել հանձնակատարի մանդատը, քանի որ վստահ եմ, որ նա Կարմիր Խաչին համավասար լիազորություններ պետք է ունենա՝ հետաքրքրվելու և այս խնդրով զբաղվելու համար»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել զբաղվել հայ գերիների հարցով