Հովհաննես Բաբախանյան. Փորձում եմ մեծ կինոաշխարհ մտնել. Life.panorama.am
20/03/2014 17:50

Հովհաննես Բաբախանյան. Փորձում եմ մեծ կինոաշխարհ մտնել. Life.panorama.am

ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, ով հայրենիքում արժանացել է մի շարք մրցանակների ու կոչումների և, թերևս նրա համար ամենակարևորին՝ հանդիսատեսի սիրուն, այնուամենայնիվ, այժմ բնակվում և աշխատում է ԱՄՆ-ում: Life.panorama.am-ը զրուցել է դերասանի հետ ԱՄՆ-ում մնալու պատճառների, հայրենիք վերադառնալու պայմանի, նրա՝ Հոլիվուդում հայտնվելու, այժմյան ծրագրերի և այլ հարցերի շուրջ:

-Արդեն շուրջ չորս տարի է՝ ԱՄՆ - ում եք ապրում և աշխատում. արդեն հարմարվե՞լ եք տեղի ապրելակերպին, ի՞նչն է ձեզ այդտեղ պահում այս պահին:

-Այո, հարմարվել եմ: Աշխատանքն ու ընկերները շատ մեծ ազդեցություն ունեն իմ այստեղ գտնվելու հանգամանքի վրա:

-Դուք այդտեղ գումար եք վաստակում նախևառաջ երգելով. կարո՞ղ ենք ասել, որ արտերկրում ձեզ ավելի շատ որպես երգիչ են ճանաչում:

-Երաժշտական շրջանակներում՝ այո՝ նախ ճանաչում են որպես երգիչ, բայց միշտ համերգի ընթացքում բեմից հայտարարվում է դերասան, երգիչ Հովհաննես Բաբախանյանի անունը:

 -Ի՞նչը ձեզ երբևէ կստիպի վերադառնալ հայրենիք ու մնալ այստեղ:

-Երբ ես իսկապես զգամ, որ դրսում կարողացել եմ իմ գործով ներկայանալ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում:

- Ամեն դերասան էլ երազում է Հոլիվուդում հայտնվել, դուք, կարծես, այժմ դրա հնարավորությունն ունեք, այո՞: Ե՞րբ ձեզ կտեսնենք այնտեղ:

-Այո, ես գործակալ ունեմ, որի հետ փորձում ենք մեծ կինոաշխարհ մտնել: Ժամանակի մեջ ամեն ինչ հաջող է ընթանում:

-Այս տարի ի՞նչ աշխատանքային ծրագրեր ունեք, ի՞նչ հետաքրքիր առաջարկներ:

-Հիմա նկարահանվում եմ ամերիկյան արտադրության երկու տարբեր հեռուստասերիալներում: Ավարտվեց մի ֆիլմի աշխատանքները. այն նկարահանեց Ռոման Սիմոնը, իսկ հիմա պատրաստվում եմ Ջոն Վուդվարդի «Լքված հարթավայր» ֆիլմի նկարահանումներին:

-Դուք մերթընդմերթ լինում եք հայրենիքում. այստեղի հանդիսատեսի կարոտը զգու՞մ եք: Ի՞նչ կա մեր թատրոնում, որը չկա այնտեղ, կամ գուցե, հակառակը:

-Այստեղ չեն իմ կոլեգաներն ու ընկերները, որոնց հետ ստեղծագործական ճանապարհ եմ անցել, իմ հանդիսատեսը, որի ծափերով ու ջերմությամբ ես կայացել եմ, բայց այստեղ էլ ձեռք եմ բերել նոր ընկերներ ու արժանացել նոր հանդիսատեսի ծափահարություններին. դա հաճելի տարբերություն է:

-Հայաստանից հետաքրքիր, ձեռնտու աշխատանքային առաջարկ չունե՞ք. ձեզ հայրենիք հետ կանչելու փորձեր ե՞ղել են՝ գործնական առաջարկների տեսքով:

-Դեռ ոչ, բայց եթե լինի՝ հաճույքով կընդունեմ առաջարկը:

 -Այդտեղ ձեր կնոջ հետ խաղում եք նույն բեմում. իրար հետ նոր ծրագրով հանդես գալու մտադրություն չունե՞ք:

-Տիկնոջս՝ Մարի Մսրյան-Բաբախանյանի հետ մի քանի անգամ արդեն աշխատել ենք նույն նախագծերում: Հուսամ՝ շուտով նոր գործ կսկսենք:

- Ձեր երեխաներն ԱՄն-ում ինչո՞վ են զբաղված, հասցնու՞մ են կարոտել հայրենիքը:

-Լիա և Էլլան արդեն ուսանում են Վուդբերի համալսարանում, ուսումնասիրում են հոգեբանության, իսկ տղաս՝ Գոռը, ավագ դպրոցում է: Շատ չեն հասցնում կարոտել հայրենիքը, քանի որ հաճախ ենք գալիս Հայաստան:

- Հայաստանյան հանդիսատեսը ե՞րբ ձեզ կտեսնի հարազատ բեմի վրա:

- Հենց որ այստեղի գործերս մի քիչ թեթևանան, անպայման կներկայանամ նոր ծրագրով: Չնայած որ երեք ամիս առաջ եմ վերադարձել Հայաստանից, միևնույնն է՝ շատ եմ կարոտել: 

Հովհաննես Բաբախանյան. Փորձում եմ մեծ կինոաշխարհ մտնել. Life.panorama.am